ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ
(Շար նախորդ թիւէն եւ վերջ)
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Իրենց անցեալի փառաւոր ոստան՝ Տուշպա-Վանում, հազար-հազար Արմին-հայեր, Թահսին Փաշայի պաշտօնավարութեան ատեն, հանգիստ ու խաղաղ գոյակցում էին թուրք բնակչութեան հետ: Թուրքի նոր կառավարողներ, երկրում ազատութեան կեղծ հովեր ծածանած, գերմանների հետ կռուի էին ելել աշխարհի շատ պետութիւնների «Համաձայնողական» դաշինքի դէմ: Յարմար առիթ էին համարել սպաննելու Արմին-Հայ ցեղին: Նրանց դաշնակից գերմանների կայսրը հրամայել էր՝ միայն մէկ Արմին-Հայ կենդանի թողնել, այն էլ որպէս թանգարանային նմուշ: Գերմաններ, այդ «նմուշը» հիմա տասներեք միլիոն է, աշխարհին իրենց իմաստութեան լոյսն են նորէն ճառագում: Ազատութիւն քարոզած «Իթթիհատ»-ի նոր իշխողները հաւաքել էին հայոց զէնքերը, ազգի ազատութեան կռուին ելած «ֆիտայի»-ներ իջել էին լեռներից: Զէ՞նք-զէնքե՞րը յանձնել թուրքին, հայը հաւատաց թուրքին, այդ ի՜նչ աղէտ… թէեւ անցել են հարիւր տարիներ, դեռ հիմա էլ արժի լացել: Արմին-հայերի քաջերի-քաջ, իր կեանքի հաւատամքը թուրքի դէմ իր ազգի կռիւը դաւանած՝ Անդրանիկ փաշային, Բուլղարիայից իրենց ժողովին բերած հայ «մեծեր»-ը նրան առաջարկել էին գալ Թուրքիա, իրեն խոստացուած է «Զօրավար-Հազարապետի»-ի աստիճան շնորհել: Անդրանիկ պատասխանել. «Թուրքը կոտորելու է հայ ցեղի մարդկանց եւ նաեւ Ձեզ բոլորիդ», հեռացել էր:
Հայերի համբերութեան ու հնազանդութեան բաժակը փրփրում էր վրէժի լեցուն կրակով, կարմիր լոյս հոսում իրենց սրտերին: Տուշպա-Վանեցի Արմին-Հայը զէնք վերցրեց, Այգեստանը խրամատեց, զէնք ճօճեց թուրքին, կրակ տեղաց յարձակուող թուրք զինուորի ու ասպատակ թուրք խուժանի վրայ: Վերջապէս, կռուով ելան մահ սփռելու դուշմանին, դրժեցին իրենց «Տիրոջ» հնազանդութեան պատուիրանը: Կովկասեան ճակատում, ռուսի դէմ կռուող Էնվերի բանակը Սարիղամիշում ջախջախուեց, մնացորդացը փախչում էր դէպի արեւմտեան կողմն իրենց զաւթած աշխարհի: Թուրքը իրենց պարտութեան պատճառը համարել էր Արմին-Հայերի տածած համակրանքը ռուսների հանդէպ: Իրենց նահանջի ճանապարհին, թուրքը ու իրեն միացած թալանչի-ընչաքաղց քիւրտը… ասում էին հայ մայրեր, մահմետական խուժանը կողոպտում, հրդեհում արեւմտեան կողմն հայոց աշխարհի շէները, սպաննում Արմին-Հայ անզէն բնակչութեանը:
Վանի գաւառը լեցուն էր Արմին-Հայերի շէներով ու հոծ բնակչութեամբ: Վասպուրականի Շատախ, Հայոց Ձոր, Ալջախազ, Արճեշ, Թիմար, Գյաւաշ, Կարճկան ինչպէս նաեւ առանձին գիւղերում՝ Բելու, Աթանան, Ուլմ, Առեն, Ալյուր, Կեմ դիմել էին ինքնապաշտպանութեան, յամառ մարտեր էին մղել դուշմանի դէմ, վերջապէս իմացել, որ զէնքն էր փրկութիւն: Թէժ մարտերը, իրենց կռիւը մասնաւորապէս Տուշպա-Վանում էր, այն անընդհատ մէկ ամիս շարունակուել էր: Մինչ պատերազմը, Տուշպա-Վանում քսաներեք հազար հայեր էին, շրջակայ բնակավայրերից քաղաք ապաստանածների հետ միասին եօթանասուն հազար, բանա՞կ, թէ մարտի ելած մարդիկ, որոնց զէնք տայիր, կը տիրէին ամբողջ արեւմտեան կողմն իրենց զաւթուած աշխարհի: «Ինչե՜ր ասես չէին անի» Արմին-Հայ մարդիկ: Վանի ու նրա գաւառի Արմին-Հայերին սպաննելու համար, ապաշնորհ շնագայլ զինուորականի քեռայր Ճեւտէթ հրահանգ ունէր իր քրոջ ամուսնուց ու նրա զինակից շների վոհմակից բնաջնջելու Վանի ու նրա շրջակայ հազար-հազար տարիների արարչական ժամանակների շէների Արմին-Հայ բնակիչներին:
Ճեւտէթ, իր ծրագիրը իրականացնելու համար դիմել էր արեւելքցիների խաբեբայ, ստոր քայլի՝ խորհրդակցութեան համար հրաւիրել քաղաքի ակնառու Արմին-Հայ ղեկավարներից՝ թուրքի խորհրդարանի պատգամաւոր՝ Վռամեանին (Օննիկ Դերձակեան), եւ Իշխանին (Նիկողայոս Միքայելեան), որոնք տուն չվերադարձան…: Արմին-Հայեր, դուք չէի՞ք ընթերցել ձեր ցեղի պատմութիւնը, որ ձեր մեծերին սպաննելու համար պարտուողները նրանց հրաւիրում էին գալ խաղաղութիւն կայացնելու բանակցութիւնների: Այդպէս էր, որ Հռովմի Անտոնիոս զօրավարը, Արեւելքի արքաների-արքայ Մեծն Տիգրանի որդի Արտաւազդին հաշտութիւն կնքելու հրաւիրել, շղթայել, տարել իր տարփածոյ Կլէոպատրային որպէս յաղթանակի նուէր մատուցել: Այդպէս էր, որ Բիւզանդիոնի կայսրը՝ Անի ոստանի թագաւոր պատանի Գագիկ թագաւորին Բիւզանդիոն կանչել, չթողել վերադառնար իր գահին: Այդպէս էր, որ երեսուն տարիների մղուած կռւում պարտուած նենգ պարսիկ Շապուհ թագաւորը, կեդրոնամէտ իշխանութեան ազնուազարմ թագաւոր Արշակին տարել «Անուշ բերդ», որտեղից ոչ ոք չէր վերադարձել:
Էրզրում քաղաքի կայազօրից Վանի իր զօրքը համալրած Ճեւտէթը, իր ջոկատներով ու բազում արիւնակից հրոսակների համագործակցութեամբ, պաշարել էր Վանայ ոստանի Այգեստան թաղամասը, որտեղ կեդրոնացել էր Արմին-Հայ բնակչութեան մեծ մասը: Քանդուել էր կապը ոստանի քաղաքամիջի բնակիչների հետ: Զէնքով կռուի ելած Արմին-Հայերի ինքնապաշտպանութիւնը ղեկավարելու համար կազմուել էր՝ Արմենականների, Հնչակեանների ու Դաշնակցականների միացեալ զինուորական մարմին, որի զինուորական մասի ղեկավարն էր արմենական Արմենակ Եկարեան, նախագահը՝ Արամ Մանուկեան, անդամները՝ Հրանդ Գալիկեան, Գաբրիէլ Սեմերճեան, Փանոս Թերլէմէզեան։
Ղեկավար մարմնի կռուի նախապատրաստական խորհրդակցութիւնում, գնահատելով նրա ծանր հանգամանքները, Արմենակ Եկարեանը դիմել էր ոստանի ինքնապաշտպաններին. «Վան առաջին անգամը չէ, որ ցոյց պիտի տայ իր համերաշխ ոգին… Այդ ոգին իր փառաւոր անցեալն ունի: Այս անգամ ալ պիտի տանինք այս կռիւը… Ան մեզի պարտադրուեցաւ: Երկու ճամբայ ունինք. կա՛մ գլուխ ծռել բռնաւորին առջեւ և բնաջնջուիլ անպատիւ մահով և կա՛մ անվեհեր ու բաց ճակատ դուրս գալ անոր առջեւ նախընտրել մեր նախնիներուն պատուաւոր ճամբան»: Տուշպա-Վանի մարդիկ ընտրեցին թուրքի դէմ կռուի պատուաւոր նուիրումը:
***
Թուրքի կանոնաւոր զօրքը կազմում էր՝ 10-12 հազար զինուոր, 12 թնդանօթ, Վանայ-Բզնունեանց ծովի նաւերը եւ բազմաքանակ հրոսակախումբը: Ոստանում կռուի ելած Արմին-Հայերը 1,500 հոգի էին, զինամթերքը այնքան քիչ, որ պատուիրուած էր կրակել միայն այն դէպքում՝ երբ վստահ կը լինէին արձակուած փամփուշտը անպայման կը խոցէր թուրքի սիրտը, ճակատը: Այգեստանի հինգ պաշտպանական շրջանների 73 դիրքերում կռուի էին ելել 1053 մարտիկներ, որոնք ունէին 505 հրացան ու 74 հազար փամփուշտ, 749 մաուզէր ու 39 հազար փամփուշտ: Կտրուած էր դրսի հետ հաղորդակցութեան կապը, դրսի օգնութիւնից զրկուած կռուի ելած Արմին-Հայերը ցոյց տուեցին բարձր կազմակերպուածութիւն, հնարամտութիւն: Ֆրանսա ուսանած քիմիագէտ Միքայէլ Մինասեան և ուրիշ զինագործներ պատրաստել էին զէնք, վառօդ, փամփուշտ, նռնակ, Բուլղարացի Գրիգորը թնդանօթ էր ձուլել:
Կռիւը սկսել էր 1915 թուականի Ապրիլի 7-ին, երբ Վարագ տանող ճամբան հսկող զինուորները, Ճեւտէթի հրահանգով գնդակոծել էին Շուշանենց գիւղից Այգեստան գնացող կանանց, առեւանգել, սպաննել նրանց, սկսել Ոստանի թաղերից ու զօրանոցներից թուրքերի յարձակումը: Այգեստանը ենթարկուել էր հրետակոծութեան, զգալի չափով աւերուածութիւն էր պատճառուել: Արմին-Հայերը, իրենց նախնիների նման ամուր կանգել էին պաշտպանական դիրքերում: Կռուի առաջին օրը գրաւել էին թուրքի հեռագրատունը, պաշարել Հայկական թաղերի կեդրոնում գտնուող Համուդ աղայի զօրանոցը: Բուլղարացի Գրիգորը ստորգետնեայ փորած ուղիով կատարել էր այդ զօրանոցի պայթեցումը: «Անվհեր հրաձիգ» կոչումին արժանացած՝ Տիգրան Այինճեանը (Վարժապետ) պայթեցրել էր դուշմանի ոստիկանատունը: Կռւում խիզախ մարտիկները, պարգեւատրուել էին «Պատուոյ խաչ» շքանշանով, «Արծաթեայ խաչ»՝ («Հայ ցեղ» գրութիւնով):
Կռիւը լաւ էր կազմակերպուել նաեւ քաղաքամիջում, որի քիչ թուով Արմին-Հայերը ունեցել էին միայն 100 հրացան և 210 մաուզէր, 30 հազար փամփուշտ: Քաղաքամիջում նաեւ կազմակերպուել էր զինուորական մարմին, որտեղ ընդգրկուել էին՝ Հայկազ Կոսոյեանը (ղեկավար) եւ այլ հայորդիներ, կեդրոնը՝ հայոց առաջնորդարանը, ստեղծուել էին «Մատակարար մարմին» եւ «Կարմիր խաչ» յանձնախմբեր: Քաղաքամիջի մարմինը եթակայ էր Այգեստանի մարմնին, սակայն գործել էր ինքնուրոյն: Կռուի սկզբում, պաշտպանուել էին քաջին վայել սխրանքով, ոչնչացրել դուշմանի տարբեր ամրութիւններ: Ճեւտէթ պիտի խոստովանէր՝ «Կառավարութեան նամուսը քաղաքամիջում բաթմիշ ելաւ», այսինքն խորտակուեց:
Կռուի առաջին տասնօրեակի պատահարները հայերի օգտին էին: Զինուորական մարմինը Ապրիլի 16-ի իր կոչում ընդգծել էր կռուի ազատագրական բնոյթը եւ «Պայքարը, զոր տասը օրէ իվեր կը մղենք մեր անարգ թշնամու դէմ, մեր ազգային ազատագրութեան ամէնէն հոյակապ, ամէնէն նուիրական և ամէնէն աւելի ժողովրդական պայքարն է… Մեր կռիւը 600 տարիների բարբարոս ու ջարդարար կառավարութեան դէմ է»: Ապստամբական կռիւ, հայերի կոտորածները արդէն սկսած էին:
Կռուի երկրորդ տասնօրեակնում նոյնպէս ահեղ մարտեր էին: Դուշմանը համալրում էր զօրքը ու սպառազինութիւնը, ռմբակոծում հայոց պաշտպանական դիրքերը: Ճեւտէթի զօրաբանակը նոր յարձակում էր ձեռնարկել, յաջողութեան չհասնելով ու խոշոր կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր: Արմին-Հայերը ոգեշնչուած էին յաղթական կռուով, իրենց հերոսական դիմադրութիւնը ոգեւորել էր բոլորին, նոյնիսկ մանչերը ոչ միայն սուրհանդակներ էին դարձել այլ նաեւ պարեն ու փամփուշտ էին տանում պաշտպանական դիրքեր: Բանագնացների միջոցով կապ էին հաստատել դէպի Վան արշաւող ռուսական բանակի հետ: Փանոս Թերլէմէզեանը գրում էր՝ «Վանեցիները անհաւասար մարտում կռւում էին ատրճանակներով, որսի հրացաններով, դիմադրում էին Կրուպպի թնդանօթներին, որովհետեւ հաւատքն իրենց կուրծքերին բրոնզէ պատնէշներ կերտել»:
Ապրիլի 28-ին դուշմանը նոր յարձակում էր կազմակերպել, Արմին-Հայը դիրքերում ամուր կանգնած էր՝ ոչ մէկ թիզ էին նահանջել: Ճարահատ թուրքը ձեռնարկել էր Հայկական թաղերի ռմբակոծութիւնը, 16 հազար արկ էին նետել: Չէին կարողացել ընկճել Արմին-Հայ պաշտպաններին: Թուրք հրետանին վարող գերմանացի սպան պիտի գրէր՝ «Ի՜նչ կենսունակ մարդիկ էին սա հայերը. մենք քանդելով, անոնք շինելով, չկրցանք իրենց հասնիլ»:
Երբ թուրքերը իմացել էին, որ ռուսական բանակը եւ հայ կամաւորական գունդերը մօտենում էին Վանին, վախկոտ թուրքը… իրար անցած փախչում էր քաղաքից: Մայիսի 3-ին, ազատագրուել էր Վանը, մարտիկները հրդեհել էին դուշմանի վերջին յենակէտ՝ Հաջի-Բեքիրի զօրանոցը, հազար տարիներ յետոյ, հայոց դրօշակը նորէն ծածանւում էր բերդի գագաթին: Վանայ ծովի ալեակները իրար գրկելով ուրախ աղմկում էին, աւետում էին իրենց ափերին Արմին-Հայերի ոգու մի նոր յաղթանակի բերկրանքը: Վանը իրենց գրկին պահող Վարագայ, Նեմրութ, Սիփան, Արտոս, Թոնտուրեկ լեռների գագաթների յանգած հրաբուխները՝ իրենց պայթիւնի որոտներով, կարմիր կրակ լաւայի ժայթքով, արդեօք չէի՞ն ողջունել բնիկների հերոսամարտի յաղթանակը:
Անդրանիկ Փաշա, իր գունդով արշաւում էր հասնելու Վանի օգնութեան, Դիլմանում իր դէմ դուրս էր ելել թուրքի տասը հազարանոց բանակը: Փաշան շարքի էր բերել գունդը, գրոհել թուրքի դիրքերին: Ահեղ էր կռիւը, հայը ջախջախել է Վանի մարտին օգնութեան հասնելու իրենց ճանապարհին ելած թշնամուն: Սրընթաց արշաւով առաջինը հասել Վան եւ Մայիսի 16-ին, Արա-Արայեան գահատոհմի Արմինայի Սարդուրի արքայի պարիսպի դարպասով մտել ոստան. նրան հետեւել էր Ռուսի բանակը: «Ամսօրեայ պայքարը, զոր տարանք փառքով ու պատուով, այսօր իր կատարելութեան մէջ կը վայելենք… բռնութիւնը, հայ զինուորի գնդակէն կը փախչի», գրել էր ինքնապաշտպանութեան զինուորական մարմինը, հայ ժողովուրդին ուղղուած դիմումի մէջ:
Ռուսը, իր երկրի քաղաքականութեան մութ ծալքերով, կարճ ժամանակ յետոյ յայտարարել էր, որ Էնվերի ջախջախուած բանակը իբր յարձակում է սկսել իրենց դէմ: Նահանջեց ռուսի բանակը, իրենց հետ քայլեցին նաեւ թուրքի յոխորտանքը փլած Վանի ու Վասպուրականի հարիւր հազարաւոր Արմին-հայերը, ափսոս եղաւ: Հ. Մորկընթաուն իր յուշերում գրել է, որ Վանում հայերը պայքարել են մեծագոյն հերոսութեամբ, հրաշալի եղանակով: Ընդունել, որ զինուորական պատմագիր չլինելով չէր կարող մանրամասն պատմել տեղի ունեցած բազմաթիւ անհատական հերոսութեան արարքները, կանանց գործակցութիւնը, մանուկների եռանդը, ամերիկացի միսիոնարների անձնուրացութիւնը եւ ուրիշ հազարաւոր պարագաներ, որոնք Հայաստանի պատմութեան փառաւոր էջերէն են: Մօտաւորապէս հինգ շաբաթ տեւող պայքարից յետոյ հայերը յաղթանակել էին, ռուս բանակը երեւալուց յետոյ, թուրքերը փախել էին, սպանել շրջակայ շէների մարդկանց: Հ. Մորկընթաուն նաեւ պիտի գրէր. «Վանի կռուի պատմականը ըրի, որովհետեւ այն եղաւ ազգ մը ամբողջ մեթոտիկ կերպով բնաջնջելու կազմակերպուած փորձի մը առաջին հանգրուանը»:
Հ. Մորկընթաուն իր յուշերում աւելացրել է. «Ես առիթը պիտի ունենամ վերստին խօսելու Էնվէրի, Թալէաթի եւ համախոհներուն մօտ իմ ըրած բարեխօսութիւններուն մասին. ամէն անգամ որ ես թախանձէի իրենց՝ խնայել հայերուն, անոնք անփոփոխելիօրէն իբր օրինակ ինծի կը յիշատակէին՝ «Վանայ» օրինակը որպէս հայկական նենգամտութիւն: Այս պատմութիւնը կ՚ապացուցանէ, այդ հռչակաւոր ապստամբութիւնը ուրիշ բան չեղաւ, բացի ընդդիմութիւնը հայերու, որոնք վճռած էին փրկել իրենց կիներուն պատիւը ու իրենց կեանքը», գրել էր Հ. Մորկընթաուն։






