Երեքշաբթի, 08. 10. 2024

spot_img

Ռուանդայի ցեղասպանութիւնից անցել է 25 տարի Հարցազրոյց ցեղասպանագէտի հետ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ռուանդայում թութսիների դէմ իրականացուած ցեղասպանութիւնից անցել է արդէն 25 տարի: Այդուհանդերձ, մեր երկրում այս թեման դեռևս բաւարար ուսումնասիրուած չէ հայ գիտնականների կողմից: «Արմէնփրէս»-ը հարցազրոյց է ունեցել Երեւանի Պետական համալսարանի Ցեղասպանագիտութեան բաժնի վարիչ, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտութեան բաժնի վարիչ, Հայաստանում Ամերիկեան Համալսարանի դասախօս Սուրէն Մանուկեանի հետ:

Այսօր, Ապրիլի 6-ին նշւում է Ռուանդայի ցեղասպանութեան 25-ամեակը: Հայաստանում այդքան էլ ծանօթ չեն այդ ողբերգութեան հետ: Ի՞նչ էր այն:

Այո, ցաւօք, մեր հանրութեան մօտ գիտելիքներն այլ ցեղասպանութիւնների մասին, եւ մասնաւորապէս Ռուանդայի ցեղասպանութեան մասին սահմանափակ են: Սակայն կարծում եմ, որ որպէս ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդ մենք պէտք է շատ զգայուն լինենք այդ թեմայի նկատմամբ եւ գիտակցենք, որ ցեղասպանութիւնները չեն պատուհասում մէկ ժողովրդի, այլ դիպչում են մարդկութեանն ընդհանրապէս, իւրատեսակ խարան են մարդ արարածի անցեալի եւ, ցաւօք, ներկայի վրայ: Իսկ Ռուանդայի ցեղասպանութիւնը մարդու կողմից իրականացրած ամենազարհուրելի յանցագործութիւններից է:

Ինչո՞ւ են այն նշում Ապրիլի 6-ին:

– Այդ օրը Ռուանդայի ցեղասպանութեան սկիզբն է: 1994 թ. կործանուեց Ռուանդայի երկարամեայ նախագան Ժուվենալ Հաբիարիմանայի ինքնաթիռը: Նա մեծամասնութեան՝ հութու էթնոսի ներկայացուցիչ էր: Եւ իր սպանութիւնը, իսկ դա սպանութիւն էր, քանի որ ինքնաթիռը խոցուել էր հրթիռային հարուածով մայրաքաղաք Կիգալիի օդանաւակայան վայրէջք կատարելու ժամանակ, իւրօրինակ ազդանշան էր փոքրամասնութեան՝ թութսի էթնիկական խմբի ոչնչացումը սկսելու համար: Արդէն նոյն օրը հազարաւոր թութսիներ, ովքեր ապրում էին մայրաքաղաքում, դուրս բերուեցին իրենց տներից ու գնդակահարուեցին: Բանակը նաեւ սպանեց չափաւոր դիրքերի վրայ կանգնած վարչապետ Ագաթա Ուվիլինգիյմանային, ով դէմ էր հակաթութսիական գործողութիւններին: Ռազմական խունտան, գնդապետ Թէոնեստ Բագոսորայի գլխաւորութեամբ իր ձեռքը վերցրեց իշխանութիւնը:

Փաստօրէն հէնց թութսի փոքրամասնութիւնն էլ դարձաւ ցեղասպանութեան զոհ:

Այո, նրանք կազմում էին երկրի բնակչութեան մօտ 20 տոկոսը, սակայն երկար ժամանակ, մինչեւ 1958 թ. երկրի իշխող վերնախաւն էին: Սակայն Ռուանդայի անկախութիւնից յետոյ իշխանութիւնն անցաւ հութուներին, ովքեր տարբեր ժամանակ իրականացրել են թութսիների ճնշումներ եւ կոտորածներ, սակայն դրանք, լինելով շատ արիւնալի, չեն հասել այն չափերի ինչ կատարուեց 1994 թ. գարնան-ամառուայ ամիսներին:

Որքա՞ն զոհ եղաւ Ռուանդայի ցեղասպանութեան ժամանակ:

Սպանութեան չափերը սարսափելի էին: Ընդամէնը 100 օրուայ ընթացքում սպանուեց մօտ 800 հազար մարդ: Կոտորածը համատարած էր եւ ներառում էր ամբողջ երկիրը, բոլոր քաղաքները եւ գիւղերը: Մարդկանց սպանում էին ամենապարզ զէնքով, հիմնականում գիւղատնտեսութեան մէջ կիրառուող, հիմնականում լայնսայր դանակներով՝ մաչեթէներով: Այս առումով կայ որոշակի նմանութեան Հայոց Ցեղասպանութեան հետ, որտեղ նոյնպէս հայերի ոչնչացումը համընդհանուր էր՝ տոտալ, եւ հիմնականում կիրառւում էին սառը զէնքեր: Չէին խնայում ոչ մէկին, ուշադրութիւն չդարձնելով ոչ տարիքին, ոչ սեռին: Ռադիոն թութսիներին սպանելու բացայայտ քարոզ էր իրականացնում: «Թութսիների գերեզմանները կիսով չափ դատարկ են», սա էր հիմնական կարգախօսներից մէկը, որով բնակչութեանը խրախուսում էին մասնակցել զանգուածային սպանութիւններին:

Ինչպէ՞ս աւարտուեց ցեղասպանութիւնը։

Վտարանդի թութսիներից կազմուած բանակը, որը վերահսկում էր երկրի հիւսիսային շրջանները կարողացաւ գրաւել մայրաքաղաք Կիգալին եւ կանգնեցնել թութսիների սպանութիւնները: Այդ բանակի հրամանատարն էր Փօլ Կագամէն, ով առ այսօր Ռուանդայի անփոփոխ նախագահն է եւ Հայաստանում էր Ֆրանքոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում: 

Միջազգային հանրութիւնն ինչպէ՞ս արձագանգեց կատարուածին:

– Աշխարհն անտեսեց կատարուող սասրափելի ոճիրը: Թէեւ շատ ականատեսներ, այդ թւում նաեւ Ռուանդայում տեղակայուած ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հրամանատար քանատական գեներալ Ռոմիօ Դալարիէն ահազանգում էին ընթացող բռնութիւնների մասին, կիրառելով հէնց ցեղասպանութիւն եզրոյթը, սակայն ՄԱԿ-ը հիմնականում զբաղուած էր Հարաւսլաւիայի կազմալուծումով եւ դրա արդիւնքում բռնկուած ազգամիջեան բախումներով, որոնցից որոշները նոյնպէս մարդկութեան դէմ յանցագործութիւնների բնոյթ ունէին: Իսկ ԱՄՆ-ն նոր էր դուրս բերել իր զօրքերը Սոմալիից, որտեղ կորուստներ էր ունեցել եւ այլեւս չէր ցանկանում գնալ նման քայլի:

Ինչպիսի՞ն է Ռուանդայի ցեղասպանութեան ուսումնասիրուածութեան աստիճանը:

Այդ հիմա շատ բարձր մակարդակի վրայ է: Երեւի Հոլոքոստի ուսումնասիրութիւնից յետոյ, ամենամեծ ուշադրութիւնն այսօր ցեղասպանագէտները յատկացնում են հէնց Ռուանդայի ցեղասպանութեանը: Պատճառները պարզ են: Շատ քիչ ժամանակ է անցել իրադարձութիւններից եւ կենդանի են ականատեսները եւ վերապրածները: Աւելին, հասանելի են նաեւ ոճրագործները: Ցեղասպանութիւնից յետոյ պարզուեց, որ ոճրագործների թիւը այնքան մեծ է, որ նրանց բոլորին դատապարտելն ուղղակի անհնար է: Նախ չկայ այդքան դատարան եւ դատաւոր, որ հնարաւոր լինի տեսանելի ապագայում աւարտել նրանց բոլորի գործերի քննութիւնը, եւ բացի այդ չկայ այդքան քրէակատարողական հիմնարկ, նրանց բոլորին տեղաւորելու համար: Եւ բացի այդ, մասնակցութեան աստիճանն այնքան մեծ էր, որ արդար քննութեան դէպքում, երկրի բնակչութեան մեծ մասը պէտք է կանգնէր դատարանի առջեւ: Դրա համար նոյնիսկ շատ ոճրագործներ պայմանական պատիժներ են ստացել եւ հասանելի են հետազօտողների համար: Շատ ցեղասպանագէտներ գնում են Ռուանդա, հէնց տեղում հետազօտութիւն իրականացնելու համար:

Հայաստանում մինչեւ այսօր ոչ մի աշխատանք այդ ուղղութեամբ ցաւօք չի կատարուել, սակայն կան երիտասարդ հետազօտողներ, ովքեր հետաքրքրուած են թեմայով, եւ նոյնիսկ, որքան ինձ յայտնի է ընթացքում է մէկ թեկնածուական ատենախօսութիւն այդ թեմայով: Ռուանդայի հետ գիտական կապերի հաստատումը, գոնէ այս ոլորտում, շատ կարեւոր է մեր համար: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին