ԻՆՁ ԷԼ ՏԱՐԷՔ
ՅԱՐՈՒԹԻՒՆ Ա. ՔՀՆՅ. ՏԷՐ ՄԵՍՐՈՊԵԱՆ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- 60 երկար տարիներ են անցել այն չարաբաստիկ թուականից, երբ տեղի ունեցաւ ահաւոր սպանդը։ Բազմաթիւ չարաղէտ եւ սրտաճմլիկ դէպքերի ականատես մարդիկ, երբեք պիտի չմոռանան կատարուած եղեռնագործութիւնները եւ սերնդէ սերունդ պիտի փոխանցեն մամուլի միջոցով…։
1918 թուի Վան-Վասպուրականի նահանջն եղաւ անվերադարձ։ 120-130 հազարի հասնող Վանի հայութիւնը կտրելով Սալմաստի, Ուրմիայի ճանապարհը, օրհասական մարտեր մղելով թշնամու դէմ, խոնջած ու նուաղած հասաւ Միջագետք ու բնակութիւն հաստատեց Բաղգուպա գիւղաքաղաքի մէջ, Դիալա գետի ափին։ Վասպուրականի հովասուն եւ կենարար կլիմայից յետոյ, ապրել կիզիչ եւ արեւոտ անապատներում, անհանդուժելի էր վանեցու համար։ Օրական հարիւրաւորներ մեռնում էին անտանելի շոգից եւ տարափոխիկ հիւանդութիւններից։ Ծանր վիճակի մէջ գտնուող հիւանդներին փոխադրում էին հիւանդանոց, այնտեղից էլ՝ գերեզմանատուն։ Բազմաթիւ մեռելներ շարան-շարան փոխադրւում էին գերեզմանատուն ու թաղւում էին փոսերի մէջ։ Քահանաները եւ գերեզմանափորերը չէին հեռանում գերեզմանոցից… Նրանք միշտ զբաղած էին։ Ամէնուր լաց էր ու արցունք, ողբ ու կոծ։ Տարագիր ժողովրդի արցունքն էլ չորացել էր։
1919թ.-ին մեր դարաւոր թշնամու դրդումով, մի քանի արաբական ցեղեր սկսեցին յարձակուել հայկական քեմփերի վրայ եւ նեղը դնել անզէն հայութեան։ Անգլիացի զինուորները թուով շատ քիչ էին, եղածներն էլ մինչեւ վերջ անտարբեր մնացին, ի տես այդ յարձակումների։
Նոյն թուականի Օգոստոսի 28-ին Բադգուպա վրանաբնակ քաղաքը կործանուեց եւ ժողովուրդը երկաթուղով խումբ առ խումբ փոխադրուեց մի ուրիշ վայր, որը նկատի էր առնուած անգլիացիների կողմից։
Տարագիր հայութեանը փոխադրող երկաթուղու ամենավերջին կարաւանը բաղկացած էր հայ որբերից, որոնք թուով շուրջ 1,200 հոգի էին։
Որբերի կարաւանի հետ էին տարագիր ժողովրդի սիրելին՝ Լեւոն Շաղոյեանը, Յովհաննէս Ծ. Վրդ. Հիւսեանը, որբանոցի տնօրէն՝ Սարգիս Շիրվանեանը, տեսուչ՝ Մատիր Խերանեանը եւ ուսուցչական լրիւ կազմը։ Պաղտատ չհասած, մի կայարանում երկաթուղին կանգ առաւ կէս ժամով։ Երկաթուղու վագոններից ուրախ եւ անհոգ կանչերով դուրս թափուեցին հայ որբերը եւ ուսուցիչների խիստ հսկողութեան ներքոյ սկսեցին վազել այս ու այն կողմ եւ խաղալ։ Տեղացի արաբները՝ կին, տղամարդ ու մանուկ հաւաքուել ու դիտում էին հայ որբերի ուրախ թռվռոցն ու խաղը։ Յանկարծ նրանց միջից դուրս թռաւ 9-10 տարեկան, արեւից խանձած ու կիսամերկ մի երեխայ, վազէ-վազ մօտեցաւ որբերին ու գրեթէ պոռաց. «Ես հայ եմ, անունս Սարգիս է, չեմ ուզում այստեղ մնալ, ինձ էլ տարէ՛ք, ինձ էլ ձեզ հետ տարէ՜ք…»։
Տեսարանը յուզիչ էր եւ աննկարագրելի… Բոլորը արտասւում էին դառնօրէն։ Լուռը հասաւ Լեւոն փաշային եւ միւսներին։
Բայց մինչեւ որ նրանք դէպքի վայրը կը հասնէին, ճարպիկ արաբուհիները վրայ հասան, գրկեցին հայ որբուկին, եւ մէկ ակնթարթում կորան ամբոխի մէջ։ Կատարուածը այնքան անակնկալ էր եւ կայծակնային, որ բոլորը շշմել էին։ Վրայ հասաւ Լեւոն փաշան յուզուած ու այլայլած, եւ լսելով դէպքի մասին, կարգադրեց փնտռել մօտակայ բոլոր արաբական վրանները։
Մի խումբ երիտասարդ ուսուցիչներ գործի անցան եւ ամէն մի անկիւն եւ կասկածելի վայր քննեցին, սակայն հայ որբուկը՝ Սարգիսը չկար ու չկար…։
Երկաթուղին սուլեց մի վերջին անգամ, որբերը, ուսուցիչները եւ պատասխանատու ղեկավարները բեկուած սրտերով ու արտասուաթոր աչքերով բարձրացան վագոնները։ Երկաթուղին շարժուեց, իր հետ տանելով հազարաւոր խոնաւ աչքեր ու խոցուած սրտեր։ Բոլորը խռնուած վագոնների ապակիների մօտ, կարօտով նայում էին հեռուն, այնտեղ ուր անյայտացաւ տարաբախտ Սարգիսը։ Վագոնում գտնուող մի քանի արաբներ պատմեցին որ տասնեակ հայ երեխաներ պահւում են արաբների մէջ։ Հայի ճակատագի՜ր…։
Մօտ 60 տարի է անցել այդ տխուր միջադէպից. բայց մինչեւ այսօր էլ իմ ականջին հնչում է բազմաթիւ հայ որբերի եւ դրանց թւում տարաբախտ հայորդի՝ Սարգսի աղեկտուր ու յուսահատ կանչը՝ «Ես հայ եմ, ինձ էլ տարէ՜ք, ինձ էլ տարէ՜ք…»։
Ղազուին, 1972






