Սամուէլ Յովասափեան
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Երեւանի Պոլիտեխնիկական հանրակացարանի թէք տանիքի տակ կառուցուած սենեակի ուղղահայեաց պատուհանից արեւի շողերը, հաճարի ծառի ճիւղերի մէջ թափանցելով, ընկնում էին մեր նեղլիկ սենեակի պատուհանի առաջ կառուցուած մի ինչ-որ անիմաստ բարձրութեան վրայ և կորչում էին մոխրագոյն փայտի մէջ, այդ պատճառով էլ սենեակում միշտ լոյս էր վառւում, գիշեր-ցերեկ։ Արամայիսը՝ Իրանից, սենեակի երեք բնակիչներից առաջինն էր։ Երկրորդը՝ Գէորգն էր, Հալէպից, արտակարգ ինքնամփոփ ու մաքրասէր, փակ, ինքն իրեն պատնէշած, յետագայ բոլոր ընկերական և մտերիմ նիստ ու կացերի համար։ Երրորդը՝ ես։ Յետոյ Գէորգին յաջորդեց Սահակը՝ Երուսաղէմից, տարիքային տարբերութեան պատճառով, նա մնաց մեր կրտսեր եղբայրը։ Արամայիսի հետ մեր ընկերութիւնը կազմաւորուեց և ամրապնդուեց յետագայ քառասունութ տարիների համար։
Ինչպէս բոլոր հանդիպումներն ու ընկերութիւնները, մերն էլ ունէր իր՝ նախասկիզբը, որը մեկնարկել է «մեծ գաղթի» տարիներից, երբ պարսից Թագաւոր՝ Շահ Աբասը, 1604 թուականին մի քանի հարիւր հազար հայերի՝ Իրան, ժամանակի մայրաքաղաք Իսպահան, բռնագաղթեցրեց։
Մեր մանկական տարիների ընկալուած սկիզբը՝ օտարութիւնն էր և մեծերի մշուշոտ պատմուածքները՝ զուլումի ժամանակներից, արհաւիրքների տարիներից, պատառ–պատառ, սրտաճմլիկ, սրտամօտ յուշեր, մեզ դեռ անհասկանալի։ Յետոյ՝ հայրենակարօտ, թախծոտ երգեր, որոնք ամուր դաջւում էին մեր նման պատանիների հոգում։ Ու յետոյ, մի ինչ-որ հեռու հայրենիքի՝ անիմանալի, անձկալի կանչ, որը երեք ու կէս դար յետոյ էլ դեռ արթուն էր մեր հայրերի և շրջապատի մարդկանց մօտ։ Հէնց դա էլ այս ժողովրդին ոտքի վրայ է պահել, հայ քրիստոնեայ է պահել։ Տարեցները՝ չթաքցրած հպարտութեամբ ի լուր երիտասարդների, կոչ էին անում, հետևել իրենց օրինակին, իրենք յամառօրէն դէմ են գնացել և յաղթահարել անհամար դժուարութիւններ, կանգուն պահելով հայի կրօնը, մշակոյթը, պատիւը, դեռ աւելին, իրենց յամառութեամբ, ազնուութեամբ և աշխատասիրութեամբ, շահել են բնիկների յարգանքը և վստահութիւնը…
Յետոյ՝ պատանեկան տարիներ
Վկան՝ դասակարգային ահաւոր, իրականում՝ միջնադարեան ճնշման, այդ պատճառով էլ սկիզբը՝ տեղի հասարակութիւնում արդարութիւն և հաւասարութիւն որոնումների։ Ժամանակի քաղաքական շիկացած մթնոլորտում, նոր կեանք մտնողին թւում է, թէ, դրանք չեն կարող միայն գեղեցիկ խօսքեր լինել։ Լատին Ամերիկան, Աֆրիկան, այսպէս ասած երրորդ աշխարհը՝ փոթորկուած են։ Քուպայում մօրուքաւորները, Ֆիդէլ Քաստրոյի ու Չէ-Գևարայի գլխաւորութեամբ, զինեալ պայքար են սկսել, նրանք մարտնչում են հնի և մերկապարանոց դասակարգային ճնշման դէմ։ Աֆրիկայի տարբեր երկրներում ժողովուրդները ոտքի են ելել և ազգային ազատագրական պայքար են մղում գաղութարարների դէմ։ Արևմուտքի երիտասարդութիւնը փողոց է դուրս եկել, մերժելու իրենց իշխանութիւնների գաղութային քաղաքականութիւնը և իրենց հայրերի հնաոճ ապրելակերպը։ Ու մեզ մօտ սկսւում են նորանոր որոնումներ, որոնք էլ մեզ հայրենիք են տանում։ Որը, մեր պատկերացումներում ոչ միայն հայրենիք է, այլ մի երկիր, որտեղ կառուցւում է մարդկային հասարակարգի աւելի արդար, աւելի մարդասիրական մի նոր համակարգ…
Յետոյ՝մեր երիտասարդական երազների, ձգտումների, գաղափարների համատեղում, որոնք մեզ դարձնում են Երևանում Պոլիտեխնիկական ինստիտուտի հանրակացարանի այդ նեղլիկ սենեակի բնակիչներ…
Նախ, պէտք էր հասկանալ այդ նորը, մարսել եղած բարքերը, որոնք այնքան հեռու էին մեր մտաւոր կառուցուածից, հեռու սոցիալիզմի գաղափարախօսութեան մեր պատկերացումներից։ Այո, աւելի շուտ հիասթափեցնող էին: Սակայն գիտակցելով, որ հայ ժողովրդի համար չկայ աւելի թանկ բան, քան խաղաղութիւնը, փորձում էինք, ինքներս մեզ համոզելով, յաճախ ոչ առանց ներքին և արտաքին ընդհարումների, դրանց գոյութեան համար արդարացուցիչ հանգամանքներ գտնել…
Ու յետոյ, գտածը, իրականը՝ խեղուած, տեսանք հայրենիքը, բայց չգտանք այն՝ ինչ որ սպասում ու փնտռում էինք։ Գնալով ճեղքուած էր առաջանում մեր անձնական կեանքում, երկփեղկուածութիւնն էր իրեն զգացնել տալիս, օր-օրի իր տեղը չգտնելու գիտակցութիւնը։ Համակերպուե՞լ այդ ամէնին, լռութեամբ ընդունե՞լ հիւրի կարգավիճակ, թէ՞ առճակատուել բութ պատեհապաշտների բանակի դէմ, ովքեր հասցրել էին խեղաթիւրել ամէն ինչ։ Նոյնիսկ համատարած բռնաբարել, այլասերել էին առօրեայ ճշմարտութիւնները։ Ամէն ոք գիտէր դա, սակայն խոստովանել անհնար էր, աւելի ճշգրիտ՝ անթոյլատրելի։ Գլուխը կորցրած օտարերկրացի ուսանողը ժամանակ ու համբերութիւն պէտք է ունենար, այդ զուգահեռը հասկանալու համար…
Յետոյ ի՞նչ։ Պարզապէս ոչինչ, որովհետև արւում էր մի պատճառաբանութիւն, որը նման էր ինքնախաբէութեան։ Չպէտք է ձայնակցել գաղափարական հակառակորդին և վերջ։ Գիտէինք, զգում էինք, որ առկայ հակասութիւնները, նման մտածելակերպը, ի վերջոյ երկիրը դէպի փակուղի են տանելու։ Համընդհանուր գիտակցել և խոստովանել դա, կը նշանակէր ընդունել սեփական պարտութիւնը։ Ոչ, դա չէր կարող պատահել։ Պէտք էր փորձել դէմ գնալ, ո՞ւմ, ինչպէ՞ս, երբ դիմացինդ՝ անզգայ, անշարժ ժայռն էր յիշեցնում…
Սակայն դու՝ սիրելի Արամ, դու փորձում էիր, միայնակ, յաճախ առճակատուելով շատերի հետ… Առկայ էր նաև երկրի անվտանգութեան խնդիրը, որը այդ տարիներին մեզ թւում էր համարեա թէ լուծուած, քանի որ ըստ պաշտօնական յայտարարութիւնների, որին մենք հաւատում էինք, երկիրը մաս էր կազմում կայուն և խաղաղութեան ձգտող մի մեծ համակարգի…
Մենք դեռ չգիտէինք, չէինք կարող գուշակել, թէ որքա՜ն երերուն էին, շատերիս կայուն թուացող այդ մեծ կայսրութեան հիմքերը…
Ու գալիս է հրաժեշտի պահը։
Յիշում եմ քո՝ Հայաստանից մեկնելու հրաժեշտի խօսքերը.
«Ես գնում եմ, բայց կը վերադառնամ, երբեք չէի ցանկանայ, որ իմ երեխաները թափառական դառնային»։
Մեր ծնուած օրից գիտէինք, թէ դա ինչ է նշանակում։ Այդ պատճառով էլ, իրօք որ դա բոլորիս երազանքն էր։ Ասում են, որ երիտասարդին վայել չէ՝ չերազել։ Սակայն ինչպէ՞ս կարող էինք երազել, երբ յետագայ փոթորիկները մեզ նետեցին միջազգային լարուածութեան այնպիսի յաջորդական յորձանուտների մէջ, որ անգամ երազել անհնար էր։ Իրօք՝ ինչպէ՞ս, երբ անզօր էինք ինքնակամ լինել։ Եւ այս անգամ, իրօք որ՝ թափառական դարձանք։ Աւելորդ անգամ համոզուելով, որ իրականում մենք մեր կամքից անկախ, դարձել ենք ժամանակի միջազգային լարուած մթնոլորտի և մի շարք իրադարձութիւնների գերին և ակամայից քշւում ենք Գերմանիա, Մոսկուա, կրկին Գերմանիա, յետոյ Իրան, Հայաստան, կրկին Գերմանիա, յետոյ Շուէդիա։ Շա՜տ չեղաւ։ Թւում է վերջնական, բայց նման հեռանկարը մեզ շնչահեղձ է դարձնում, ո՞րն է յաջորդ հանգրուանը, վերջնականը։ Եթէ՞ իմանայինք։ Այդ ամէնին զուգակից՝ հեռուից-հեռու ահով դիտում էինք, թէ՝ ինչպէս են մութ ամպերը խտանում մեր այդ մի կտոր հայրենիքի երկնքում։
Ժամանակին բանաստեղծը համարձակուեց կանխագուշակել.
«Պարն աւարտուել է,
Ու խաղն արդէն վերջանում է։
Հանեցէք ձեր դիմակները։ …
…Ուշացած արթնացումը
Կը նմանուի մի պայթիւնի։ …
Եւ եղաւ այն, որից յետոյ մեզանից շատերը դարձեալ տագնապի մէջ էին։ Երկրաշարժ, կայսրութեան փլուզում։ Փլուզուեց այն, ինչը մեզ բաւականին ամուր, կայուն էր թւում։ Աւաղ, դարձեալ այդ մի կտոր հողն էր, որը որերորդ անգամ պատերազմի թատերաբեմ էր դառնում։ Անցեալում մենք միշտ վախեցել ենք այդ վախից, փորձել ենք մեզ համոզել, որ եղածը՝ միակ ելքն է և մշտական, բոլոր այլ տարբերակներից…
Որքա՜ն էինք սխալւում…
Այո, դա էր իրավիճակը հայրենիքում և դա մեզ թւում էր՝ անխնայ, յուսահատեցնող։ Իրօք որ իրականութիւնը ցաւատանջ էր, իսկ հորիզոնը՞, աւելի քան մռայլ: Սակայն օրհասական այդ պահին յաղթանակեց հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան բնազդը։ Ամէն մի սերունդ միայն մի անգամ է իր պայքարը մղում, մեր սերնդակիցներից շատերը իրենց կեանքի գնով այն աւարտեցին դրսի թշնամու դէմ փայլուն յաղթանակով, որին դու փորձում էիր հեռուից օգնութիւն կազմակերպել: Սակայն ասես որերորդ անգամ, դարձեալ կրկնւում է պատմութիւնը։ Նրանցից շատերը և հայ ժողովուրդը դարձեալ պարտութիւն կրեցին, այս անգամ ներքին բռնապետութեան դէմ իրենց պայքարում…
Յիշում եմ, թէ ինչպիսի մոլեռանդութեամբ էիր կարողանում դարձեալ հետաքրքրուել մեր հայրենիքով և քո յօդուածներում պախարակում էիր մարդկանց, ովքեր դեռ երէկ պայքար էին մղել թշնամու դէմ, իսկ այդ օրերին գերուած իշխանական աթոռի հմայքից, կորցրել էին ամէն մի չափ, ցանկանում էիր նրանց յիշեցնել, որ այո, իրօք շատ կապ կայ Թանզանիայի անտառներում առիւծի վրայ արձակած գնդակի և քարի տակի գիւղի վառելիք շալակած ութամեայ տղայի ծակ կօշիկների հետ։ Հասկացողը հասկանում էր, իսկ այդ խօսքերի հասցէատէրը, հազիւ։ Դու բարկացած և խոժոռ հայեացքով, ես հեռուից-հեռու տեսնում էի դա, ողբում էիր, որ ժողովրդի պայքարը ազատութեան համար և պարտադրուած պատերազմը յաղթանակով գլխաւորած անձինք, երևի թէ պատրաստ էին խաղաղ ժամանակ, իրենց աթոռը պաշտպանելու համար, այդ պայքարը զիջել թշնամուն: Թւում էր թէ…, այո, թւում էր թէ, ժողովուրդը այլևս յոգնած, արդէն յանձնուել է: Սակայն կատարուեց նաև անհաւատալին, վկան եղանք, որ գտնուեցին անձինք, ովքեր գլխատեցին նոր ձևաւորուող և այնքան յոյսեր ներշնչող, բայց դեռ չամրապնդուած՝ պետականութեանը, որը սկիզբն էր երկու տասնամեակ տևող պետական բռնութեան և վերնախաւի ազգակործան իշխանութեան էլ աւելի բարոյազրկման ժամանակաշրջանի: Նմանը գիտենք պատմութիւնից…
Յեղափոխութիւնն է ելքը, զինուած ապստամբութիւնը, բարձրաձայնում էին որոշները։ Ժողովուրդների պատմութիւնը լի է նման օրինակներով: Դու գիտէիր սակայն, որ հայ ժողովրդի համար դա կործանարար է լինելու և նա մերժելու է այն և եզրայանգում էիր, իսկ, ո՞վ է ասում, որ յեղափոխութիւնը զէնքով պէտք է լինի: Դա մարգարէութիւն է՞ր քո կողմից, թէ՞, ինչ որ ցանկութեան բարձրաձայնում…
Եւ յետոյ՝ այդ ահաւոր գոյժը, որից յետոյ ես միշտ մտածել եմ, թէ դու ինչպիսի ծանր ճիգերի գնով, փորձում էիր ինձ զգացնել չտալ, երբ այդ չարորակը իր՝ արմատներով օրէցօր աւելի խորն էր թափանցում քո մէջ…
Յետո՞յ, այնուամենայնիւ գտնուեցին «Խելառներ», «Սասնայ Ծռեր», ովքեր փորձ արին զէնքով, սակայն դա յուսահատ մի քայլ էր: Ժողովուրդը որքան էլ որ ցանկանար, չէր կարող հետևել նրանց ու նրանք պարտուեցին։ Մեր փնտռտուքների ընթացքում բազմաթիւ անգամներ ենք խօսել ելքի մասին և այն, այո այն Մեսիայի մասին, ով փրկարար շունչ էր բերելու թմրեալներին…
Եւ ո՞վ հրաշք, յայտնուեց այդ մէկը…
2008 թուականի փետրուարեան ցոյցերն էին, որոնց մենք հետևում էինք սրտատրոփ, ակնկալիքներով, վկան էինք, թէ ինչպէս են իշխանութիւնները բախումներ հրահրում, խաղաղ ցուցարարներին բռնութեան մղելու համար: Եւ ամէնուր՝ խաղաղ բարիկադների վրայ այն կրակոտ երիտասարդն էր երևում, ով հոգին բարձրախօսի մէջ դնելով, ժողովրդին պայքարի էր կոչում: Սկզբում շատ տարօրինակ էր հնչում նրա ազգանունը և մենք այդպէս էլ չհասցրինք սերտել այն: Սակայն իշխանամոլները արին այն, ինչին ընդունակ էին, մահ ու սարսափ տարածելով ամէնուր, լռեցրին ազատատենչ ժողովրդի ձայնը…
Որքա՜ն էինք ողբում…
Բարեբախտաբար նրանք չկարողացան ընդմիշտ ընկճել և լռեցնել հայրենի ժողովրդին: Ու հիմա ես որքա՜ն եմ ողբում, որ դու չկարողացար տեսնել այն զարթօնքը և մասնակցել նրա յաղթանակին, որը մենք երազում էինք, մեր կիրակնօրեայ բազմաթիւ ու բազմաժամ հեռախօսային զրոյցներում:
Այո սիրելիս,
Եւ եղաւ այն, որ ընդամէնը տասը տարի անց, նա, այդ կրակոտ երիտասարդը, Գիւմրիից սկսեց իր «դուխով» քայլը, Երևանի վրայ արշաւեց իր մի տասնեակ համախոհներով և իլուր աշխարհի, յայտարարեց իր թաւշեայ յեղափոխութեան սկիզբը: Ու գտնուեցին այլ «դուխով» երիտասարդներ, ովքեր հաւատացին՝ անհաւատալիին: Պէտք է տեսնէիր սիրելիս, այդ պատմական օրը, նրանց՝ այդ «դուխովների» պատմական մուտքը՝ Երևանի Հանրապետութեան հրապարակ, «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախօսը վանկարկելով: Յետագայ օրերին աւելի համախմբուեց հայութիւնը, թաւշեայ յեղափոխութիւնը յաղթանակեց և եկաւ այն պատմական պահը, երբ ամբողջ աշխարհի հայութիւնը, ներկայ, թէ բացակայ, հետևում էր Հանրապետութեան հրապարակում կազմակերպուած հաւաքին: Այդ օրը, հայոց պատմութեան այն բացառիկ պահն էր, երբ ամբողջ աշխարհի ազատատենչ հայութիւնը միաձուլուեց, միաձուլուած բռունցք դարձաւ: Պէտք է գիտենաս, որ այդ օրը մենք բոլորս էլ արցունք ունէինք մեր աչքերում և այն գիտակցութիւնը մեր սրտերում, որ հէնց այդ րոպէի համար՝ արժէր ծնուել և ապրել: Այդ պահին որքա՜ն էի յուզուել, որ դու չկարողացար համայն հայութեան ցնծութեան այդ օրը, ներկայ լինել: Ըմբոշխնել այն: Այո, գիտեմ, այդ պահին դու կը լինէիր հրապարակում, քո «դուխով» պահուածքով, «դուխով» մարդկանց կողքին: Դա այն օրն էր, այն պահն էր, որին հայ ժողովուրդը սպասել է դարեր, հազարամեակներ: Որքա՜ն էի ցանկանում, որ այդ օրը, այդ երեկոյ, մենք ներկայ լինէինք Հանրապետութեան հրապարակում և մասնակցէինք հայութեան այդ տօնակատարութեանը, երբ նա լիաթոք ցնծութեամբ ողջունում ու ծափահարում էր իր նոր առաջնորդին, իր երկրի՝ երիտասարդ վարչապետին, ՆԻ՛ԿՈԼ, ՆԻ՛ԿՈԼ գոչելով…
Ու ես պատկերացնում եմ, ուշ գիշերին, երբ երևանցիները՝ արտակարգ հրաշքից արբած, արդէն դատարկելու կը լինէին Երևանի փողոցները, մենք Աբովեանով կը քայլէինք դէպի վեր, Տէրեան փողոցում գտնուող Պոլիտեխնիկական ինստիտուտի հանրակացարան, կը բարձրանայինք երկրորդ յարկի մեր սենեակը, չգիտես ում մօտ: Տարիներ են անցել, սակայն պատկերացնում եմ, որ քնած տանտէրները առանց տրտունջի մեզ ներս կը հրաւիրէին և մենք տանտիրոջ իրաւունքով սեղանին կը դնէինք, որտեղից հրաշքով մեզ մօտ յայտնուած քոնեակի շիշեր, ուտելիքներ, և ողջունելով հայոց աշխարհի, այնքա՜ն սպասուած՝ նոր այգեբացին, կը խմէինք՝ Հայաստանի յաղթանակած ժողովրդի, նրա նոր՝ դուխով երիտասարդութեան, նրա՝ երիտասարդ վարչապետի կենացը և կը ցանկանայինք, որ այդ յաղթանակը լինի ամուր, արդիւնաւէտ, բոլոր ժամանակների փորձութիւններին դիմացող և յաւիտենական…
Այդ ո՞վ է ասել, թէ՝ «Հայերը մեծ երեխաների նման սիրում են երազել, և յետոյ երազում են իրենց երազներից, ասես դրանք իրական լինեն»…
Մենք մեր զրոյցներում յաճախ ենք խօսել այդ առեղծուածի՝ հայրենիքի մասին, թէ որքան հանելուկային է այն, թէ ինչպիսի՞ ձգողական ուժ ունէր այդ «արեան կանչը», որը, մօտ երեքուկէս դարաշրջան յետոյ էլ այնքա՜ն արթուն էր, այնքա՜ն առարկայական, զուլումի տարիներին Իրանի խորքերը քշուած սերունդների յիշողութիւններում, երգերում, պատմութիւններում, բաժակաճառերում, որին մենք նախընտրեցինք և հետևեցինք, մեր ետևում թողնելով մեր բոլոր ընտանեկան կապերը։…
Եւ այո՛, սիրելիս, խոստովանութեան այս պահին, ես՝ միայնակ, սակայն զգալով քո ներկայութիւնը, դարձեալ մտորում եմ, ինչո՞ւ այդ ամէնը այդպէս դասաւորուեց։ Մենք տեսանք Աւետեաց երկիրը, առժամեայ ապրեցինք այնտեղ, սակայն մենք չգտանք մեր հոգու հայրենիքը ու դարձեալ թափառական դարձանք, թափառական դարձնելով մեր երեխաներին, մեր գալիք սերունդներին…
Կարո՞ղ են նրանք, ներկայիս այս ամենակուլ յորձանուտում, հայ մնա՞լ, հայրենիք փնտռե՞լ…
Պերլին, Մարտ-Ապրիլ 2019