ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայաստանում հայերէն թարգմանութեամբ լոյս է ընծայուել թուրք պատմաբան, ցեղասպանագէտ Թանէր Աքչամի «Սպանութեան հրամաններ. Թալէաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց Ցեղասպանութիւնը» գիրքը, որում ներկայացուած են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականութեան գլխաւոր թէզը: Դրանք ապացուցում են, որ եղել են սպանութեան հրամաններ, որոնք տուել է Թալէաթը: Հեղինակի հաւաստիացմամբ` փաստաթղթերի ուսումնասիրութիւնն ու հրատարակումն ամենածանր հարուածն է թուրքական ժխտողականութեանը:
«Արմէնփրէս»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդէսն անցկացուեց Ապրիլի 22-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնում: Գիրքը լոյս է ընծայել Newmag հրատարակչական ընկերութիւնը:
«Գիտական շրջանակներում հիմնականում շրջանառւում է այն դրոյթը, որ Թալէաթ փաշայի հեռագրերը չհաստատուած փաստաթղթեր են, եւ շատերը չէին նախաձեռնում նորից սուզուել պատմութեան գիրկն ու հեռագրերի միջոցով գտնել ճշմարտութիւնը: Թանէր Աքչամը ձեռնամուխ եղաւ այդ գործին,– նշեց գրքի թարգմանիչ Անդրանիկ Իսրայէլեանը:
Նա յաւելեց` երբ կարդում էր գիրքն ու թարգմանում այն, հիանում էր հեղինակի մասնագիտական որակներով: «Աքչամն ուսումնասիրել է անգամ այն, թէ այդ տարիներին ինչ թղթի տեսակներ էին օգտագործում, կոդաւորման ինչ ձեւեր կային, նա ճշդել է, թէ հեռագրերում նշուած մարդիկ գոյութիւն ունեցե՞լ են արդեօք, թէ ոչ»,– ներկայացրեց թարգմանիչը:
Գրքի խմբագիր Արմէն Սարգսեանն ասաց, որ գրքում շեշտւում է այն, որ Հայոց Ցեղասպանութիւնը սկսել է ժխտուել իրականացման առաջին իսկ վայրկեաններից:
Հրատարակչութեան գլխաւոր խմբագիր Գնէլ Նալբանդեանն ասաց, որ աշխատել են պահպանել հեղինակի բարեխիղճ շարադրանքը, փաստերի համադրումը, ճշգրտումը, յստակեցումը եւ դրանց պատճառահետեւանքային կապերի բացայայտումը: «Փորձել ենք չմիջամտել որպէս հայեր: Թարգմանելիս կարող ես բառը փոխարինել հոմանիշով, գտնել այնպիսի մի բառ, որը կը բխի քո ցանկութիւններից: Չենք տրուել այդ գայթակղութեանն ու գիրքը թարգմանել ենք այնպէս, ինչպէս դա կ’անէր նորվեգացին, վիէտնամցին եւ այլք: Աքչամն առաջնորդուել է հետեւեալ սկզբունքով` փաստերը համադրել այնպէս, թէզերը կառուցել այնպէս, որ իւրաքանչիւր թէզ պարտադիր լինի ապացուցել, եւ եթէ որեւէ մէկը որոշի հերքել գրուածքը, ստիպուած լինի թէզ առ թէզ բոլոր կէտերն ու փաստարկները հերքել եւ առաջ քաշել հակաթէզերէ,– ընդգծեց Նալբանդեանը:
«Ինչպէ՞ս որոշեցի գրել այս գիրքը. ամէն ինչ շատ պարզ է: 2015-ին ինձ թոյլ տուեցին տեսնել Գրիգոր Կերկերեանին պատկանող մասնաւոր արխիւը: Այնտեղ գտայ փաստաթղթերը ու հէնց այդ պահին էլ որոշեցի, որ պէտք է հրապարակել դրանք: Ամենադժուարն այս գործում օսմանեան կոդաւորման համակարգից եւ գաղտնագրուած հեռագրերից գլուխ հանելն էր: Օսմանեան պաշտօնեաներն օգտագործում էին երկուսից մինչեւ հինգ նիշ ունեցող կոդաւորման համակարգեր գաղտնի հաղորդակցուելու համար: Վճռական պահն այդ կոդաւորման տրամաբանութիւնը հասկանալն էր: Դրա համար շատ երկար ժամանակ ու շատ աշխատանք պէտք եղաւ»,– տեսաուղերձի միջոցով պատմեց գրքի հեղինակ Թանէր Աքչամը:
Նրա խօսքով` իրականում ինքը ծրագրում էր նոր գրքով ներկայացնել Կերկերեանի արխիւի այն փաստաթղթերը, որոնք տեղ չեն գտել այս գրքում: «Խօսքը Ստամբուլի ռազմական տրիբունալներին առնչուող փաստաթղթերի մասին է, բայց որոշեցի բոլորովին այլ քայլ անել: Բոլոր այն նիւթերը, որոնք հասանելի էին միայն ինձ, ես հասանելի եմ դարձրել բոլորին: Դրանք կարող էք գտնել օնլայն: Մենք փաստաթղթերը դասակարգել, խմբաւորել ու ներկայացրել ենք երեք բաժնով, օսմաներէն նիւթերը թարգմանել ենք անգլերէն եւ թուրքերէն»,– շեշտեց նա:
Աքչամն ասաց, որ աշխատում է Հայոց Ցեղասպանութեան կազմակերպման եւ իրականացման գործում Ջեմալ փաշայի դերը հասկանալու նախագծի վրայ: «Յայտնի է, որ նա Ստամբուլում Երիտթուրքերի առաջնորդներից մէկն էր: Խօսակցութիւններ կան, թէ նա փորձել է փրկել հայերի կեանքը: Փորձում եմ հասկանալ, թէ որն է եղել նրա իրական դերը Հայոց Ցեղասպանութեան տարիներին»,– եզրափակեց նա:
Հայոց Ցեղասպանութեան ժխտման թուրքական գլխաւոր փաստարկն այն է, որ տեղահանութեան հրամանից բացի այլ հրաման չի եղել, հետեւաբար հայերը մահացել են, բայց ոչ սպանուել: Այնինչ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալէաթն անձամբ է ղեկավարել հայերի տեղահանումն ու ջարդը: Այդ հրամանները նա հեռագրել է թուրք պաշտօնեաներին նաեւ Հալէպում աշխատող Նայիմ բէյին: Նայիմ բէյի հետ Հալէպում ծանօթանում է Տէր Զօրի անապատով անցած եւ հրաշքով փրկուած Արամ Անտոնեանը: Նա թուրք պաշտօնեային կաշառելով ձեռք է բերում պատմական փաստաթղթերը` Թալէաթի հեռագրերը, որոնցում Թալէաթը հրամայում էր սպանել հայերին: Արամ Անտոնեանը 70-ից աւելի փաստաթղթերը Հալէպից տեղափոխում է Փարիզ եւ 1921-ին գիրք հրատարակում: Անտոնեանը բոլոր փաստաթղթերը յանձնում է Փարիզի Պօղոս Նուպար գրադարանին: Փաստաթղթերը գրադարանից անհետանում են, սակայն երջանիկ պատահականութեամբ հայ կաթոլիկ հոգեւորական Գրիգոր Կերկերեանը 1950-ականներին պատճէնել էր դրանք ու իր հետ տարել ԱՄՆ: Այդ եզակի արխիւը ոչ ոք չէր ուսումնասիրել: Պատմաբան Թաներ Աքչամը 2015 թուականին կապւում է Կերկերեանի ժառանգների հետ եւ հասնում այդ արխիւին: