Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

Մեծ Եղեռնէն եօթը տասնամեակ ետք… Մարաղայի կոտորածի ականատեսների վկայութիւնները

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- 1992 թ. Ապրիլի 10-ի լուսաբացին տևական հրետակոծութիւնից յետոյ Ատրպէյճանի զինուած ստորաբաժանումները յարձակուեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղի վրայ՝ իրականացնելով ցեղասպանական գործողութիւններ. մի քանի ժամուայ ընթացքում նրանք ոչնչացրին գիւղը, մի քանի տասնեակ խաղաղ բնակչի գազանաբար սպանեցին, անդամահատեցին ու ողջ-ողջ այրեցին, մի քանի տասնեակին էլ գերեվարեցին: Ականատեսներն ու հրաշքով ողջ մնացածները վկայում են, որ մի ամբողջ գիւղ ու մի քանի տասնեակ խաղաղ բնակիչ դարձաւ Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութեան զոհը. նրանք դաժանօրէն սպաննուեցին ու մորթուեցին միայն հայ լինելու պատճառով։ Ականատեսների վկայութեամբ՝ Մարաղայի կոտորածում նկատելի է եղել թուրք ազգայնականների գործօնն ու ձեռագիրը։

Մարաղայում ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարի օգնական Վլադիկ Աւագեանը պատմում է, որ Ապրիլի 10-ի առաւօտեան՝ ժամը 5:30-ին, սկսուել է ուժեղ հրետակոծութիւն գիւղի վրայ: «Կրակում էին տարբեր տեսակի հրետանային զէնքերից, «Գրադ» կոչուող զէնքից և ծանր հրետանուց, թանկերից… Մեր խրամատում եղած ջոկատի բոլոր անդամները կրակն ընդունեցին իրենց վրայ և պաշտպանուեցին  մօտաւորապէս մինչև ժամը 12-ը: Դրանից յետոյ տեսանք, որ ուժերը շատ անհաւասար են, նրանց կողմից մօտաւորապէս 20 թանկ և զրահամեքենայ էր ուզում գիւղ մտնել, մերն էլ ընդամէնը մէկն էր, որով հնարաւոր չէր դիմանալ: Տեխնիկայից յետոյ գիւղ էին մտնում ՕՄՕՆ-ականները (Խորհրդային, եւ ապա ռուսական ներքին ուժերու յատուկ խումբ,– Ն.Օ.), դրանից յետոյ էլ մեծ խմբերով տարբեր մեքենաներով թալանչիները: Իրենց ճանապարհին ով պատահում էր՝ ծեր, երեխայ, կին, չէին խնայում ոչ ոքի: Բոլորին մորթում էին: Աչքովս տեսել եմ ամբողջը: Մորթում էին, երեխաներին տանում էին գերի: Այդքան գազանութիւններ ես կեանքում չեմ տեսել: Ճիշդ է՝ լսել ենք թերթերից, բայց ես առաջին անգամ եմ տեսնում մարդկանց վիզը կտրած՝ դէն գցած, առանց գլխի մարդ, աչքերը հանած, ականջը, քիթը կտրած: Այդ բոլորը կատարուել է մեր բոլորի աչքի առաջ՝ մեր գիւղում: Նրանք վերցնում էին ինչ պատահի… Ինչքան անասուն, թռչուն, ճագար է եղել՝ վերցրել են, բոլորը տարել են: Ունեցուածքը լրիւ ոչնչացրել ու տարել են: Տների 70 տոկոսը թալանելուց յետոյ ամբողջութեամբ վառել են…»,- ասում է Վլադիկ Աւագեանը։

Վալիա Խաչիկեանի վկայութեամբ՝ Ապրիլի 10-ի առաւօտեան՝ ժամը 6-ի մօտ, սկսւում է փոթորկալից հրետանային կրակ: «Արկերը պայթում էին իւրաքանչիւր վայրկեան: Հնարաւոր չէր նկուղից գլուխը դուրս հանել: Այդպէս շարունակուեց մինչև կէսօր՝ ժամը երկուսը: Այդ ժամանակ տեղեկացանք, որ ատրպէյճանցիները գիւղ են մտել: Մենք դուրս եկանք նկուղից ու հարևանների բակերով փախանք դէպի Մարգուշևան: Աննկարագրելի տանջանքներով հասանք ու անցանք Մարգուշևանը: Մնացած ճանապարհն անցանք արկերի ու գնդակների պայթիւնների տակ: Մարգուշևանի ու Հասանղայայի միջև տարածութիւնով մէկ ձգուած էր բոպիկ, մերկ երեխաների, ծերերի և կանանց շարասիւն: Բոլորը լացում էին, գոռում, կանչում փնտռում էին իրենց ծնողներին, հարազատներին: Այդ դժոխային տեսիլը հանգիստ չի տալիս մինչ այսօր…»։

Վալիա Խաչիկեանը նշում է, որ, հաւանաբար, իրենք վերջինն էին, ում յաջողուել է փրկուել այդ դժոխքից: «Բոլոր նրանք, որոնք մնացել էին իրենց նկուղներում ու ապաստարաններում, ատրպէյճանցիների գիւղ ներխուժման մասին ոչինչ չեն իմացել, և նրանք որոնք իմացել են, բայց հիւանդ լինելու պատճառով չեն կարողացել լքել գիւղը՝ մորթուել են, այրուել  կամ պատանդ են վերցուել:

Ապրիլի 10-ի  կէսգիշերին  հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրում են Մարաղան և Ապրիլի 11-ին սկսում հաւաքել մարմինները՝ հողին յանձնելու համար: Բնակչութեան մի մասը, որին յաջողուել էր փախչել ու պատսպարուել հարևան գիւղերում, լսելով Մարաղայի ազատագրման մասին, վերադառնում է գիւղ և կրկին ականատես լինում սահմռկեցուցիչ տեսարանի. նրանց հարազատները, ընտանիքի անդամներն ու համագիւղացիները սպաննուել ու մորթուել էին ամենադաժան ու անմարդկային  մեթոտներով: «Առաւօտեան ժամը 11։00-ին ինչքան կոտորուած կար՝ հաւաքեցինք: Մէկի վիզն էր կտրած, միւսն այրուած էր ու երևում էր, որ ողջակիզել են։ Ինչե՜ր չեն արել: Մի հասակակից ընկեր ունէի, վիզը սղոցով կտրել էին. թաքնուած մարդիկ են տեսել, որ ասել են՝ «դու ջրերի մեծն ես եղել, մեզ ջուր չես տուել»։ Հիթլերը լաւ էր, սրանք Հիթլերից ահաւոր են։ Մարդկանց ոչ թէ կրակել, այլ վզերն են կտրել…»,– ասում է Վազգէն Գաբրիէլեանը։

Միլետա Գաբրիէլեանն էլ պատմում է, որ իր ամուսնու հօրեղբօր փեսայի քիթն ու ականջները կտրել էին, տնից հանել գցել էին ճանապարհին, իսկ տեգրոջը սպաննել էին՝ թանկի տակ գցելով: «Որ փախչում էինք, յիշում եմ, որ ողջ ժողովուրդը՝ դաշտով մէկ ցրուած, շարք-շարք, ոնց որ 1915 թ. Ցեղասպանութեան ֆիլմերում, որ ժողովուրդը շարքերով փախչում են: Նայում ես նկարին, նոյն այն կերպ էր»:

Մարաղայի կոտորածին ականատես է եղել նաև Մեծն Բրիտանիայի Լորդերի պալատի փոխ խօսնակ Պարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ոճրագործութիւնից անմիջապէս յետոյ: «Ես երբեք չեմ մոռանայ այդ հրէշաւոր օրը։ Դա 1992 թ. Ապրիլին էր։ Այդ առաւօտ ատրպէյճանցիները յարձակում սկսեցին գիւղի վրայ, որտեղ անմեղ քաղաքացիական բնակչութիւն էր ապրում։ Ատրպէյճանցիները սկզբում հրետակոծեցին գիւղը, այնուհետև մտան թանկերն ու զինուորները։ Երբ մենք գնացինք, այնտեղ տեսանք բնակիչների կտրած գլուխներ։ Ես այդ ամէնը տեսել եմ սեփական աչքերով. մարդկանց մարմինների կտրատուած մասեր՝ թափուած գետնին։ Նրանք նոյնիսկ կենդանի մարդկանց են վառել։ Ես տեսել եմ վառուած կնոջ մարմնի մասունքներ։ Այնուհետև նրանք զբաղուել են դիակապտութեամբ, որից յետոյ թալանել են տները և վառել։ Դա կտտանքների և դաժանութիւնների վայր էր՝ նման Գողգոթային»,– ասում է նա:

Ատրպէյճանական զինուած ուժերի ստորաբաժանումների իրականացրած ցեղասպանական այս գործողութիւնների արդիւնքում, ըստ Human Rights Watch իրաւապաշտպան կազմակերպութեան տուեալների, Մարաղայում մնացած 118 բնակիչներից զոհուել է աւելի քան 50-ը, ևս 50-ը՝ գերեվարուել: Նրանց մի մասը յետագայում փոխանակուել է, իսկ 19 մարաղացու ճակատագիր առայսօր մնում է անյայտ:

 

ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

«Արմէնփրէս»

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին