ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- ԱՄՆ Արեւմտեան թեմը Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի բարձր հովանաւորութամբ Ապրիլի 6-ին Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդեանց եկեղեցում կազմակերպում է ընդգրկուն միջոցառում՝ նուիրուած Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեայ յոբելեանին։
«Վերագտնենք մեր հաւատքը փոփոխուող աշխարհում» խորագրի ներքոյ անցկացուող հանդիսութիւնը լայն ու բազմաբնոյթ ծրագիր ունի։
Բացումը կը լինի առաւօտեան ժ. 9։30-ին Պրպենքի հայոց Սբ. Ղևոնդեանց առաջնորդանիստ եկեղեցում, Տ. Վազգէն Քահ. Մովսէսեանի բացման խօսքով և շաբաթօրեայ դպրոցների սաների երգեցողութեամբ։
Ապա գիտաժողովի ընթացքին Կոմիտասի կեանքի ու գործունէութեան տարբեր կողմերը բացայայտող ելոյթներ կ’ունենան հոգևորականներ և մտաւորականներ, այդ թւում՝ Տ. Վազգէն Քահ. Բոյաջեանը կը ներկայացնի «Կոմիտաս Վարդապետը իբրև հոգևորական» զեկուցումը, Տ. Յովնան Արք. Տէրտէրեան՝ «Կոմիտասեան Պատարագը», Վաչէ Մանկրեանը՝ «Հայ երգի հանճարը` Կոմիտաս վարդապետ», Տ. Զաքարիա Քահ. Սարիբէկեանը՝ «Կոմիտաս Վարդապետը որպէս հայ ինքնութեան բացայայտող», Հայկ Մադոյեանը՝ «Կոմիտասի կերպարի բացայայտումը ըստ նրա նամակների»։
Յայտագրի երկրորդ կարևոր մասը Կոմիտասեան համերգն է։ Երեկոյեան ժ. 18։30-ին տեղի կ’ունենայ համերգ՝ Լոս Անճելըսի Քալիֆորնիական համալսարանի «Վէմ» կամերային նուագախմբի, Սրբոց Ղեւոնդեանց եկեղեցու «Շնորհալի» երգչախմբի, Վաչէ Մանկրեանի դաշնամուրային կատարումներով։ Կը ներկայացուեն Կոմիտասի երգերի գործիքային և երգչախմբային մշակումներ։ Ողջ յայտագրի տոմսի արժէք է սահմանուել $35, միայն համերգինը՝ $20։ Ընդմիջումներին կը լինեն հիւրասիրութիւններ։ Սպասելի են այլ անակնկալներ։
Կոմիտասի 150-ամեակին նուիրուած Ապրիլի 6-ի այս միջոցառումների շարքը Կոմիտասեան հանճարի մթնոլորտում լինելու և վստահ ենք՝ հոգևոր վերելքի շատ պահեր պիտի պարգևի մասնակիցներին՝ մէկ անգամ ևս համոզուելու առիթ տալով, որ գործ ունենք «մարդու ներաշխարհը հրդեհող ու ոգեշնչող յաւիտենական արժէքների» հետ (Յովնան Արք. Տէրտէրեան)։