Օրուան հետ
Ռ. ԿՈՐԻՒՆ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Կէսօրից յետոյ էր երեքից-չորսի մօտերը, օրը Հինգշաբթի, Փետրուարի 14. մինչև այդ ժամ երկինքը թուխպ ամպերով ծածկուած, գիշերուանից անձրևել էր մերթ դանդաղ ծառի սաղարթից թափուող շիթերի պէս, մերթ էլ յորդ վարարուն։ 2019-ը անձրևների առատութեամբ է շարունակւում հակառակ նախկին տարիների անգոհ տեղումներին, Լոս Անճելըսում անտառային ցամաք տարածքներ ճարակ դարձան ահաւոր հրդեհների, պատճառելով մեծ վնասներ:
Իմ ապրած քաղաքամասի տարածութեամբ երկինքում ջինջ լաջուարդէ արևի շողեր էին երևացել։ Որոշեցի տնից դուրս գալ. ցուրտ էր, սակայն տաք բաճկոնով հաճելի էր։ Քայլերս ուղղեցի դէպի մօտակայքում գտնուող Starbucks, առաջի օրուայ հայ մարդկանց հանդիպելու և սուրճ խմելու: Երէկուայ հանդիպումը նրանց հետ առաջին անգամ իմ ցանութեամբ եղաւ միանալով նրանց ընկերական սեղանի շուրջը. իմ հետ դարձանք չորս: Նրանք հայրենադարձներ, հայրենիքում քսան տարուց աւելի ապրելուց յետոյ արտագաղթել էին դէպի Ամերիկա, ուրախ էի, որ մենակութիւնը յաղթահարելով ժամանակ կ՚անցկացնեմ նրանց հետ. գրեթէ համատարիք մարդիկ էինք, դուրսը ցուրտ, իսկ սրճարանի սրահում օդամղիչները ջերմութիւն էին սփռում յաճախորդներին, մենք հանգիստ ու խաղաղ աթոռներին թիկնած մտերմիկ զրոյց էինք անում ոչ թէ զուարճացնող նիւթերի, այլ՝ հայրենիքի և Միջին Արևելքի իրադարձութիւնների շուրջ, իւրաքանչիւրը ազատօրէն արտայայտելով մտքեր: Մտքումս պահած գլխաւոր նիւթերից յիշում եմ սրանք. կարելի է մտքերից մէկնումէկի հետ համաձայն չլինեմ, սակայն չի կարելի ասուած խօսքերը անտեսել կամ չներկայացնել:
– Թաւշեայ յեղափոխութեան Նիկոլ Փաշինեանը այնքան էլ ինքը չէ, այլ «հիւսիսափայլ»-ի հաւանութեամբ պիտի լինի՝ ներքին և արտաքին քաղաքականութիւնը վարելու համար:
– Հայաստանի ներկայ բնակչութեան թուաքանակը, Արցախի հարցը, երկրի շրջապատումն ու տնտեսական վիճակը ինքնաբերաբար պահում են կապանքների մէջ, ելքը ազգային քաղաքականութեան շահերի որդեգրումն է Սփիւռքի հետ եղբայրաբար, սուսուփուս, առանց շեփորահարելու դէպի բնակչութեան աճ, տնտեսութեան բարգաւաճում ու հզօրացում:
– Ռուսական քաղաքականութիւնը էն ցարերից սկսեալ մինչև մեր օրերը հայերի օգտին չի եղել, թրքաքամակ դիւանագիտութիւնը Հայաստան երկրից տարածքներ կտրելով զիջել է թուրքերին և վրացիներին, շարունակ հայերին խեղճացրել են:
– Հայերը իրենց ռուսամոլութեան քաղաքականութիւնից արժանիօրէն չեն վարձատրուել, այլ այս հոգեվիճակը շարունակ օգտագործուել և օգտագործւում է ի շահ իրենց միահեծան քաղաքականութեան՝ Կովկասում:
– Հայ զինուորների խմբակի առաքումը Փութինի պահանջով դէպի Սուրիա՝ յոռետեսութեան հայեացքով է դիտւում:
Սեղանի շուրջը բոլորած ազատ ու անկաշկանդ խօսակցութիւն էր գնում մեղմ ու հերթական առանց բղաւոցի ու վէճի իւրաքանչիւր անձ իր տեսակէտն ու մտքերը արծարծելով: Կարծես սովորում ենք մէկս միւսին տեսակէտը յարգել և ուշադրութիւն դարձնել. այսպիսի մթնլորտում են մտքերը զարգանում և կառուցողական աշխատանք տարւում:
Սեղանի ջերմ խօսակցութեան ընթացքում ինձ անծանօթ տղաներից մէկը այդ ժամանակ միացել էր մեզ դառնալով հինգ հոգի. նա լսել էր ասուած մտքերը, նա մէջ ընկնելով ընդհատեց մեզ հանդարտ ու ինքնավստահ մեր ուշադրութիւնը գրաւելով իր շուրջ.
– Այն ինչ ասում էք ճշմարտութիւն է, սակայն չի կարելի ամէն ինչ բարդել օտարների վրայ. մեր իշխանաւորները ի սկզբանէ ցարերի ժամանակից մինչև սովետի կազմուելն ու ղեկավարելը, նաև երեք նախագահների ժամանակաշրջանում, մերոնք ստրկամտաբար կատարել և ենթարկուել են կենտրոնից եկած հրամաններին և ժողովրդին էլ այդ հոգեբանութեամբ դաստիարակել։ Քանի Հայաստանը այդ մտայնութեամբ է առաջնորդւում դժուար կը լինի հզօրացման ճամբէն, մտայնութիւն պիտի փոխուի եղբայր, հայրենասիրութիւնը, ազգասիրութիւնը և երկրի շահը պէտք է ամէն ինչից բարձր դասել աշխատասիրութեամբ և նուիրուածութեամբ, այս ժամանակ է, որ մենք կամաց-կամաց մեր երազանքներին կը մօտենանք:
Ես շատ հաւանեցի այս մարդու մտքերը և ասածը, ծափ տուեցի և գնահատեցի: Առաջին անգամս էր նրան հանդիպում էի. նա էլ մեր հայաստանցի արտագաղթողներից էր:
Որ կողմ որ դառնում ենք հայաստանցի գաղթողներ ենք տեսնում, բազմաթիւ պատճառներ կան, որոնցից կարևորագոյնին անդրադարձաւ սեղանի շուջը նստածներից մէկը.
– Սովետի ժամանակ և անկախութեան իշխանաւորների օրօք Հայաստանում ապրուստ չեմ ունեցել, հոգեկան հանգստութիւն չեմ ունեցել, ճիշդ ու ճշմարիտ կեանք գոյութիւն չունէր, այստեղ Ամերիկա գալով սկսել եմ մարդավարի ապրել կարգ ու կանոնի օրէնքների ներքոյ, Աստուծով Թաւշեայ յեղափոխութիւնը երկիրը կը սարքի երկիր դրսի հայերին գրաւելով դէպի իրենց երկիրը վերադառնան:
***
Այս անգամ իմ գնալը սրճարան այն նպատակով եղաւ, որ երէկուայ տղաներին հանդիպեմ. փնտռելով ոչ մէկին գտայ ներկայ, ուստի առանց սուրճ խմելու հեռացայ ճամբաս ուղղելով դէպի մի քիչ վերևոտ McDonald’s ճաշարան, այնտեղ սուրճ խմելու համար: Այստեղ հանդիպեցի մի հայի հետ սնունդ գնելու շարքում: Նա ինձ շուար կանգնած վիճակում տեսնելով մօտեցաւ ասելով.
– Գուցէ օգնութեան կարիք ունենաս անգլերէն խօսելու համար:
– Շնորհակալ եմ, կարող եմ իմ անգլերէնով էշը ցեխից հանել, մտածում եմ սուրճ խմե՞մ, թէ՝ ոչ:
Սուրճս առայ և ուղղուեցի նրան միանալու, մենակ նստելը իմաստ չունի, սուրճը զրուցակից է սիրում, զրոյցը հորիզոններ է բացում: Նա համաձայնեց մէկ սեղանի շուրջ նստենք: Նրա անունը Հայկ Բ. էր, նա ևս արտագաղթել էր Հայաստանից ապրելով Սոչիում և Երևանում: Նա վաթսունը անց միջահասակ և նիհարակազմ էր, տխուր-մելամաղձոտ հայեացքով: Իմ սովորութեան համաձայն անծանօթ մէկին հանդիպելիս աշխատում եմ ծանօթութիւն ստեղծել զրուցելով: Նկատելով նրա բռնուած վիճակը, բրդոտ գլուխն ու չսափրուած երեսը, հեռացայ քաղաքական հարցեր քննարկելուց: Չխօսկան տրամադրութիւն ունէր, սակայն նրան խօսել տուի: Սիրելի Հայկ կ՚աասես ինձ թէ ինչո՞ւ ես այսպէս տխուր.
– Ինչպէս տխուր չլինեմ, ընտանեկան յարկիս տակ հիւանդներ կան, աղջկանս ամուսինը տառապում է MS (մկանները ջլատուող հիւանդութիւն) հիւանդութեամբ էն էլ ինչ երիտասարդ տարիքում, երկու փոքր երեխաներով, որոշել եմ ինչ գումար ունեմ ծախսեմ նրա բժշկութեան համար։ Ասում են, յոյս չկայ, բայց այդուհանդերձ գոնէ այսպիսով իմ ծնողական պարտականութիւնը կատարած կը լինեմ: Փեսաս էդպէս, իսկ տղաս էլ հոգեկան հիւանդութեամբ է տանջւում, երեսունհինգ տարեկան է, չամուսնացած, մի քանի օր առաջ եմ նրան հոգեբուժարան տեղափոխել:
Նրա խօսքերից ես ևս յուզուեցի, աչքերս արցնկալուեցին, մտքովս անցաւ, թէ ինչպէս նա մռայլ վիճակ չունենայ, սակայն այդպէս չի կարելի կեանք շարունակել, կեանքի ճամբան զառիվեր և զառիվայրներ շատ ունի, չպէտք է յանձնուել, պէտք է նրան յոյս և համբերութիւն ներշնչել.
– Հա՛յկ, լսելով քեզ և ներկայացուած սրտահատոր զաւակներիդ այդ վիճակը ցաւալի է, հասկանում եմ դժուար է, բայց ինչ արած, իւրաքանչիւր մարդու կեանքում էլ դժուարութիւններ պատահում են: Իմացիր, որ մտածմունքների մէջ թաւալուելով քեզ քայքայելու ես առանց մի սփոփանք և յոյս դառնալով զաւակներիդ համար։ Պէտք է նրանց առողջանալուն յոյս ներշնչես, որևէ ճիգ ու ջանք չխնայես, որպէսզի հետագային չզղջաս: Ամէն դժուարութիւն իր լուծումն ունի, անկարելի գոյութիւն չունի, կամք ու հետևողական աշխատանք է պահանջւում:
Անկեղծ սփոփանքի խօսքեր ասուեցին, այնպէս որ մտերմութիւն ստեղծուեց մեր մէջ: Մեկնելու ժամանակ անձրև էր տեղում, նա իր մեքենայով ինձ մեր տուն հասցրեց, զրոյցի ժամանակ խոստացաւ բաց մտքով ու լայն հորիզոնով նուիրուի զաւակների բուժման գործին:
20 Փետրուար 2019
Սանլենտ, Լոս Անճելըս