Երեքշաբթի, 18. 02. 2025

spot_img

Կառավարութիւնը Կը Քննարկէ 89 Ներդրումային Ծրագիր՝ 2.7 Միլիառ ԱՄՆ Տոլար Ծաւալով. ՀՀ Վարչապետ Փաշինեանի Ներածական Խօսքը Ասուլիսին

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ-  ՀՀ կառավարութեան հետ կը քննարկուի 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 միլիառ ԱՄՆ տոլարի ներդրումային ծաւալով: Այդ ծրագիրներէն 42-ը՝ 774 մլն ԱՄՆ տոլարի ծաւալով, ըստ էութեան, կը գտնուին իրականացումի տարբեր փուլեր, միւսները կը գտնուին քննարկումի փուլը: Այս մասին յայտարարած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ Մարտ 19-ին գումարուած մամուլի ասուլիսի ներածական խօսքին մէջ։

Ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրես»-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն կը տեղեկացնեն, որ Նիկոլ Փաշինեան ասուլիսի ներածական խօսքին մէջ նշած է.

«Բարեւ ձեզ, յարգելի գործընկերներ,

Ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձեւաչափով, եթէ չեմ սխալուում, եւ այս ընթացքում ես հնարաւորինս խուսափեցի յընթացս հարցերին պատասխանել, որպէսզի մեր այս հանդիպումն աւելի պահանջուած լինի: Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել եւ կիսուել մի նորութեամբ, որն այսօր առաւօտեան եմ ստացել.

2019 թուականի Փետրուարին 2018 թուականի Փետրուարի նկատմամբ Հայաստանի Հանրապետութիւնում հիպոթեկային վարկաւորման ծաւալն աճել է 100 տոկոսով: Մեր կառավարութեան կողմից իրականացուող ծրագրերի շրջանակում հիպոթեկային վարկաւորման աճը կազմել է 145 տոկոս՝ Փետրուարը Փետրուարի նկատմամբ: Ընդհանրապէս այսօրուայ դրութեամբ երկրում հիպոթեկային վարկաւորման պորտֆելի ծաւալն աճել է 30 տոկոսով, եւ մասնագէտների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է: Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թուերը պէտք է ազդեցութիւն ունենան իրական կեանքի վրայ. սա նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք շինարարութեան պահանջարկ: Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր՝ ոչ միայն շինարարութեան ոլորտում, այլեւ շինանիւթերի արտադրութեան ոլորտում եւ ընդհանրապէս սպասարկման ոլորտում եւ այդպէս շարունակ: Սա, կարծում եմ, շատ կարեւոր ցուցանիշ է, որն իր հերթին, բնականաբար, բերելու է գործազրկութեան կրճատման, նոր աշխատատեղերի բացման:

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաեւ, որ այս պահի դրութեամբ Հայաստանում առկայ է, կառավարութեան հետ առնուազն քննարկուում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 մլրդ ԱՄՆ տոլարի ներդրումային ծաւալով: Այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն ԱՄՆ տոլարի ծաւալով, ըստ էութեան, գտնուում են իրականացման տարբեր փուլերում, միւսները գտնուում են ակտիւ քննարկման փուլում: Սա նշանակում է, որ երկրում նաեւ որոշակի ներդրումային հետաքրքրութիւնների աճ ունենք:

Յաջորդը, որ կը ցանկանայի նախաբանում ասել՝ գիտէք, որ Մարտի 23-ին  երկրում տեղի է ունենալու համապետական մաքրութեան օր, եւ յոյս ունեմ՝ այդ օրը մենք բոլորս կը մասնակցենք համապետական մաքրութեան այդ գործողութիւններին: Ես ինքս էլ անձամբ, բնականաբար, մասնակցելու եմ եւ կը փորձեմ թերեւս մասնակցել նախապէս չյայտարարուած որեւէ բնակավայրում: Յոյս ունեմ՝ մեր քաղաքացիները նոյնպէս ակտիւ կը մասնակցեն: Ցանկանում եմ ասել, որ վիզուալ առումով երկրում ամենամեծ պրոբլեմներից մէկն աղբի համարատածութեան պրոբլեմն է: Մի անգամ կառավարութեան նիստում առիթ եմ ունեցել ասելու՝ կը համարեմ, որ երկրում իսկապէս յեղափոխական մասշտաբի փոփոխութիւններ են տեղի ունեցել, դա, իհարկէ, խնդրի վիզուալ կողմը կը լինի, որը բազմաթիւ բովանդակային նրբութիւնների մասին կը վկայի, եթէ մենք մեր երկիրը, մեր չնաշխարհիկ երկիրը կարողանանք ազատել աղբից եւ այլ թափօններից, մասնաւորապէս՝ աւտօմեքենաների, տարբեր կրպակների թափօններից: Ուրախ եմ, որ այս գործընթացն արդէն սկսուել է:

Ընդհանուր առմամբ կառավարութեան գործունէութեան մանրամասներին առիթ կունենանք առաջիկայում անդրադառնալու՝ Ազգային ժողովում կառավարութեան ծրագրի կատարման ընթացքի մասին զեկոյցի քննարկման ընթացքում: Դրա համար այսօր ես այլ մանրամասների չեմ անդրադառնում եւ ուրախ եմ այս առիթի համար:

Ցանկանում եմ ասել, որ եկել եմ այստեղ՝ ձեր բոլորին հարցերին պատասխանելու եւ յոյս ունեմ, որ այս քննարկման ընթացքում կը հնչեն բոլոր հնարաւոր հարցերը, որովհետեւ նախկին ասուլիսների փորձից ես գիտեմ, որ կան դէպքեր, երբ, օրինակ, լինում են թեմաներ, որոնք, այսպէս ասած, համացանցում մեծ իրարանցում եւ փոթորիկներ են անում եւ ասուլիսի ժամանակ, չգիտեմ ինչու, այդ թեմաներով հարցեր չեն հնչում: Յոյս ունեմ, որ այսօր բոլոր հնարաւոր հարցերը կը տաք՝ արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, անձնական, ոչ անձնական, բոլոր հարցերը՝ ամէն ինչի մասին, որովհետեւ այս ասուլիսների ձեւաչափի կարեւորագոյն նպատակն է, որպէսզի ես անձամբ, կառավարութիւնը, մենք բոլորս, իմ ընտանիքը լինենք 100 տոկոս թափանցիկ եւ հաշուետու մեր հանրութեան առաջ:

Հաւաստիացնում եմ, որ չկայ որեւէ հարց, որը ես չէի ցանկանայ, որ հնչի, եւ չկայ որեւէ հարց, համոզուած եմ ասում, որի պատասխանը ես չունեմ: Այնպէս որ, եթէ որեւէ մէկը հարցը չի տալիս՝ մտահոգուելով, որ ես, հնարաւոր է, այդ հարցի պատասխանը չունեմ, խնդրում եմ՝ մի մտահոգուէք, հանգիստ առաջադրէք ձեր հարցերը:

Շնորհակալութիւն»:

Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պատասխանած է լրագրողներու հարցերուն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին