Փետրուարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցաւ Ս. Վարդանանց զօրավարների տօնին նուիրուած հանդիսութիւն: Միջոցառմանը ներկայ էին Մայր Աթոռի միաբաններ, Գէորգեան հոգեւոր ճեմարանի սաներ, հայաստանեան տարբեր կրթական հաստատութիւնների ուսանողներ եւ զինուորականներ:
Ցերեկոյթը բացուեց տէրունական աղօթքով, որից յետոյ հնչեցին ՀՀ եւ ճեմարանի օրհներգերը: Բացման խօսքով հանդէս եկաւ Գէորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը:
Անդրադառնալով օրուայ խորհրդին` հայր սուրբն ի մասնաւորի նշեց. «Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպուող այս աւանդական դարձած միջոցառումը գալիս է վկայելու, որ Վարդանանց սխրանքն այսօր էլ պատգամ դարձած կենսանորոգումի առիթ է մեզ ամէնքիս համար: Ազգային ինքնութիւնը մեր օրերում երբեմն կարող է դիտարկուել որպէս սոսկ աւանդութիւնից կառչած լինելու իրականութիւն: Սակայն վարդանանց բովով անցած մեր ազգի պատմութիւնը մեզ ուսուցանում է, որ մենք ունենք պատասխանատուութիւն մեր նախնեաց կատարած հերոսութեան առջեւ. այդ պատասխանատուութիւնը հային հայ դարձնող իր քրիստոնէական արժեհամակարգով ապրելն է, որի մէջ պարզ ուղենշուած են ժամանակակից մարդու, երիտասարդի համար այդքան թանկ ազատութեան եւ իրաւուքների իրացման ամէնից տեսանելի ուղիները:
Հետաքրքրական է, որ հայերիս ամէնից նուիրական իղձերը կապուած են ոչ թէ անհատական բարօրութեան գաղափարի հետ, այլ համընդհանուր կեանքի ծաղկման ու զօրացման հետ: Մի ազատութիւն, որի գերնպատակն է լոկ անհատի բարեկեցութիւնը եւ շահը, մի ազատութիւն, որ զերծ է այլոց հանդէպ յանձնառութիւնից, եւ մի ազատութիւն, որ չունի սէր ու հայրենասիրութիւն, չի կարող համահունչ լինել տասնհինգ եւ աւել դարեր առաջ մեր ազգի մէջ արմատաւորուած արժէքներին եւ յանուն այդ արժէքների նրանց թափած արեանը: Դաւիթ մարգարէն, եղբայրների մէջ միասնութիւնը դրուատելով, այն համարում է մեծապէս բարի եւ վայելուչ: Մեր պատմութեան հերոսական բոլոր անցքերը տեղի են ունեցել հենց այդօրինակ միասնականութեան շնորհիւ, որ այսօրուայ Վարդանանց խորհրդով վերահնչում է որպէս յաղթանակի հասնելու միակ բանալի: Ազգայինն ու հոգեւորը Վարդանանց օրինակով միաձուլուում են եւ կերտում մեր ինքնութիւնը, որ ամէնից զօրեղ զէնքն է մեր: Յիշենք, որ պատերազմները տեղի են ունենում զէնքերի օգնութեամբ, սակայն դրանցում յաղթում են մարդիկ: Առաջնորդող մարդկանց եւ նրանց հետեւող մարդկանց ոգին է, որ հասնում է յաղթանակի»:
Հայր Գարեգինը փաստեց նաեւ, որ իր հիմնադրումից ի վեր առաքելական սուրբ եկեղեցին եղել է կրողն ու փոխանցողը, ինչպէս եւ երաշխաւորողը հայոց ազգի կեանքում աստուածային շնորհների ու առաքինութիւնների կենսագործման եւ հայոց հայրապետներն ու վարդապետներն իրենց օրինակով ցոյց են տուել, որ քաջ ու անվեհեր հաւատքով մարդն այն մարդն է, ով համբերում է մինչեւ վերջ` անկախ բոլոր փորձութիւններից ու պատուհասներից:
Վերջում հայր սուրբը ներկաների անունից իր շնորհաւորանքները յղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին անուանակոչութեան ուրախալի օրուայ առիթով՝ մաղթելով, որ Նորին Սրբութեան` Հայ եկեղեցու զօրացման հետ կապուած բիւրաւոր տեսիլքներից շատերը կեանքի կոչուեն, որպէսզի համայն հայոց ազգն ի Հայաստան եւ ի Սփիւռս նրա միջոցով Սուրբ Էջմիածնից բերուող լոյսով ու զօրութեամբ ամուր մնայ իր հաւատքի մէջ, անսասան ազգային իր նկարագրի մէջ եւ մշտապէս յառած լինի իր հայեացքը դէպի Արարիչ Տէրը, դէպի իր սուրբ եկեղեցին եւ դէպի սրբազան երկիրն Արարատեան:
Հանդիսութեան մասնակիցներին իր ողջոյնի խօսքը յղեց նաեւ ԵՊՀ ուսանողների, շրջանաւարտների եւ հասարակայնութեան հետ կապերի գծով պրոռեկտոր, տ. գ. թ., դոցենտ Ռուբէն Մարկոսեանը:
Ս. Վարդանանց սխրանքի մասին բանախօսութեամբ հանդէս եկաւ Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետի Հայոց պատմութեան ամբիոնի դասախօս պ.գ.թ., դոցենտ Միքայէլ Մալխասեանը:
Միջոցառման ընթացքում Վարդանանց խորհրդին նուիրուած հոգեւոր ու հայրենասիրական երգերով ելոյթ ունեցան Գէորգեան հոգեւոր ճեմարանի, Երեւանի պետական համալսարանի երգչախմբերն ու «Նարեկացի» նուագախումբը:
Ցերեկոյթն ամփոփուեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի պատգամով ու օրհնութեամբ: Խօսելով Աւարայրի ճակատամարտի խորհրդի մասին` Նաթան Սրբազանն ընդգծեց, որ, ցաւօք, մեր Աւարայրը չի աւարտուել, այն շարունակուում է ամէն վայրկեան, ամէն ժամ, ամէն օր, շարունակուում է այսօր՝ հենց մեր կեանքի մէջ:
«Աւարայրի խորհուրդը յաւիտենական է մնում մեզ համար, քանի դեռ վերջնական յաղթանակը չկայ իրական քրիստոնէութեան: Ոչ թէ ձեւական քրիստոնէութեան, ոչ թէ, որ կանգնեն ինչ-որ տեղ եւ դէմքները խաչակնքեն կամ ասեն՝ մենք հայ քրիստոնեայ ենք, ո՛չ: Հայ քրիստոնեան այն զինուորն է, որ իր կեանքն ամէն վայրկեան վտանգում է իր ժողովրդի, իր հայրենիքի եւ, առաջին հերթին, իր Աստծու համար»,- նշեց Նաթան արքեպիսկոպոսը` մաղթելով, որ հայ ժողովուրդը տեսնի մերօրեայ Աւարայրի իրական յաղթանակը:
Հանդիսութիւնն աւարտուեց «Պահպանիչ» աղօթքով: