Երկուշաբթի, 22. 07. 2024

spot_img

Հայրենի մամուլ. Քաղուածքներ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Այս անգամ հայրենի նշանաւոր գրողներից՝ Գրողների միութեան նախագահ՝ Էդուարդ Միլիտոնեանից, Պետրոս Դեմիրճեանից և Կարինէ Խոտիկեանից ներկայացնում ենք խորազնին յօդուածներ մեր ժամանակներին առնչւող հարցերի և մտահոգութիւնների մասին:

Քաղեց՝ Ռ. Կորիւն

Էդուարդ Միլիտոնեան (ՀԳՄ նախագահ). «Յիշենք, պահանջենք եւ արարենք»

Վահան Տէրեանը «Մեր պարտքը» վերնագրով յօդուած է գրել, որը հրապարակուել է «Մշակ» պարբերականում 1914 թուականին: Ուզում եմ մէջբերել մի տող այդ յօդուածից. «Ըմբռնենք, զգանք այսօրուայ ահաւոր ու արիւնոտ անցքերի ճակատագրական նշանակութիւնը»:

Հարիւր տարի առաջ սկսուել է մարդկութեան պատմութեան հերթական մի պատերազմ, որն իր ընդգրկմամբ, ծաւալներով, ժողովուրդների ու երկրների, կայսրութիւնների մասնակցութեամբ և, բնականաբար, զոհուածների քանակութեամբ չի ունեցել իր նախադէպը, այդ իսկ պատճառով թուագրուել է Առաջին Համաշխարհային Պատերազմ: Այժմ վերոնշեալ պատերազմը դասի է վերածուել պատմութեան մասին դասագրքերում, հանգիստ ապրում է շատ երկրների ու մարդկանց յիշողութեան մէջ, անգամ ստուերուել է Երկրորդ  Համաշխարհային Պատերազմի ահեղ մսաղացի ետևում, սակայն մի ժողովուրդ կայ, ում համար դառն ու սարսափելի և շարունակական ներկայութիւն է պարտադրել այդ Առաջինը, որի ընթացքում, 1915 թուականին, տարբեր երկրների շահերի ու խարդաւանքների թատերաբեմում ողբերգութեան արարի վերածուեց Օսմանեան Թուրքիայի հազարաւոր տարիներ հայաբնակ Արևմտեան Հայաստանը: Թուրքական եաթաղանի ու հրացանազարկերի տարափից տեղահանուեցին և ապա կոտորուեցին 1,5 միլիոն հայեր: Կոստանդնուպոլսում առաջինը ձերբակալուեցին և ապա սպաննուեցին բազմաթիւ տաղանդաւոր ու ճանաչուած հայ գրողներ: Այժմ աշխարհի շատ երկրներ ճանաչել են մարդկութեան պատմութեան մէջ առաջին գենոցիդը:
Մեզ համար ցաւալիօրէն կենդանի են Առաջին Համաշխարհայինի հետևանքները: Մեր սպաննուած գրողների համար տապանաքար և սուրբ յիշատակ են նրանց գրքերը, որոնք տպագրւում են աշխարհի շատ լեզուներով:
Արևելքի և արևմուտքի, հարաւի և հիւսիսի խաչմերուկում, մեզ թւում է, թէ մենք՝ հայերս ենք կանգնած, չորս կողմը թևերը պարզած խաչի նման, մենք՝ պետականօրէն առաջինը քրիստոնէութիւն ընդունած Հայաստան երկրի մարդիկ:
100 տարի է անցել, մի՞թէ նոյն տագնապով չենք կրկնի Տէրեանի կոչը: Ասում են՝ պատմութիւնը կրկնուելու սովորութիւն ունի, և այժմ Մերձաւոր Արևելքում, Եւրոպայում, Անդրկովկասում և այլուր սողում է մի այլ պատերազմ, որը չի թուագրւում, բայց առ այսօր անտարբերութիւնը աշխարհի փոքր ու մեծ ժողովուրդների ճակատագրերի հանդէպ նոյնն է, նոյնն է ուժեղի արհամարհանքը թոյլի հանդէպ, նոյնն է դիւանագիտական ու քաղաքական թղթախաղի և նաֆթախաղի դաժան հաշուարկների տակ գալարուող վիրաւորի ու մեռնողի անզօրութիւնը:

 

***

Պետրոս Դեմիրճեան (ՀԳՄ քարտուղար). «Բանավիճելու ունակութիւնը»   

– Լրատուամիջոցներում հազուադէպ են դարձել գրական բանավէճերը: Արդեօ՞ք մեր գրականութեան բոլոր խնդիրները լուծ­ուած են, և մեզ մնում է պարզապէս հետևել նրա «խաղաղ» ընթացքին:

– Բանավէճերը գրական կեանքի շարժիչ ուժն են: Մտքերի, կարծիքների, տեսակէտների փոխանակութիւնը, շատ դէպքերում նաև բախումը, յանգեցնում է նոր, ժամանակի ոգուն արձագանգող գաղափարների ու մտայնութիւնների ի յայտ գալուն, ինչը, անկասկած, նպաստում է գրական մթնոլորտի թարմացմանը, առաջ է մղում իրականութեան գեղարուեստական արտացոլման ընթացքը: Ցաւօք, այսօր արդէն հաճելի յուշ են դարձել տասնամեակներ առաջ մեր գրական մամուլում ծաւալուող բուռն ու տևական բանավէճերը: Ի՞նչն է պատճառը: Գրականութի՞ւնն է պակասել… Բայց բազմիցս է ասուել, որ անկախացումից յետոյ մեզանում աւելի շատ գրքեր են տպա­գրւում ու թարգմանւում, դրան նպաստում է նաև նոր հրատարակչութիւնների, էլեկտրոնային հարթակների երևան գալը, սեփական միջոցներով իր երկերը տպագրելու (նաև` թարգմանելու և թարգմանուելու) իւրաքանչիւր հեղինակի իրաւունքը: Բանավիճայարոյց նի՞ւթն է բացակայում… Բայց ո՞վ կարող է պնդել, թէ արդէն սպառուել են տարակարծութիւնները գեղարուեստական մտածողութեան արդիական մակարդակի, գրական մեթոդի, ժանրերի, իրականութեան արտացոլման ճշմարտացիութեան, հերոսի, լեզուի ու ոճի, գեղարուեստական թարգմանութեան և բազմաթիւ այլ հարցերի շուրջ…

 

Կարինէ Խոդիկեան (ՀԳՄ «Գրական թերթ»-ի խմբագիր)

Վերջերս էր, իսկ աւելի ճիշդ, Սեպտեմբերի 3-ից յետոյ, զրուցակիցս` անսահման գիտելիքների տէր, աստղերի ու հեռաւոր հազարամեակների առեղծուածներին վախենալու աստիճան քաջատեղեակ, բայց քաղաքական «մշակոյթին» համարեա անմասն մէկը, մանկան անմիջականութեան հասնող զարմանքով ասաց, որ վերջապէս լուծել է երկար տարիներ իրեն առնուազն ապշանք պատճառող երևոյթի հիմնապատճառը: Այն է` ինչպէ՞ս է, որ ընտրութիւնից ընտրութիւն դեգրադացուող ընտրական համակարգը, էլ առաւել ցինիկ դարձող կեղծիքն ու կաշառատուութիւնը չի տեսնում Եւրոպան, ոչ միայն չի տեսնում, այլև ինչ-որ առաջընթաց քայլեր է արձանագրում անգամ Մարտի 1 տեսած երկրում: Ի դէպ, այս առումով նա ոչ մի պահանջ չունի Ռուսաստանից, որովհետև կայ «Գոյք պարտքի դիմաց»-ը, 49 տարուայ պայմանագիրը, ռազմավարական գործընկերն ու «ֆորպոստը»… Այսինքն` ի՞նչ պահանջի Ռուսաստանից, նա խաղում է բաց, առանց թաքցնելու իր նպատակները, ու թող նրանք մտածեն, ովքեր Հայաստանը հասցրին այդ վիճակին: Իսկ, այ, Եւրոպան… ինչպէ՞ս «մարսեց» թէկուզ «ինչքան պէտք է` այնքան կը խփենք»-ի մարտավարութիւնը… եւ ահա, վերջապէս, տեսնելով եւրօ-քաղաքական գործիչների դէմքի արտայայտութիւնը Սեպտեմբերի 3-ից յետոյ (բոլորինը, իր ասելով, նոյնն է եղել), հասկացել է եւրօ-պոլիտիկայի նրբութիւններն ու եւրոպական նրբամտութեամբ փակուղի գլորուող երկրի իրական վիճակը «չտեսնելու» դրդապատճառը: Զրուցակիցս վերջին զարմանքն էլ յայտնեց, թէ` այդ եւրօ-դէմքերը ի՞նչ էին մտածում, երբ բանակցում էին միայն իշխանութեան (լեգիտիմութիւն ու նման բաներ մի կողմ) հետ` անտեսելով երկրի իրական տիրոջը` ժողովրդին, և յոյս ունէին վերևի՞ց հաստատել ժողովրդավարութիւն: Ետնամուտքից ներս սողոսկելու նման չի՞ ստացւում: Դրա համար էլ այդ եւրօ-պոլիտիկների արածը զրուցակիցս որակեց «եւրօ-ռեմոնտ», չմոռանալով շեշտել, որ Եւրոպա մտնելու համար դուռ գոյութիւն ունի, ծայրայեղ դէպքում` պատուհան…

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին