«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Հայաստանի Լեզուի Կոմիտէն շնորհակալ նախաձեռնութեամբ մը ներկայացուցած է Հայաստանի մէջ գործածուող շարք մը օտարաբոյր բառերու հայերէն տարբերակը: Ի տես ներկայացուած ցանկին, որքա՜ն զարմանալի այնքան հպարտառիթ է լուրը երբ կ՛անդրադառնանք, որ հայրենիքէ հեռու հայկական սփիւռքներուն մէջ ցանկին մէջ նշուած բառերու հայերէն տարբերակները մենք նախակրթարանէն սորված ենք եւ կը կիրարկենք մեր առօրեային մէջ…: Տարոսը մեր հայրենի եղբայրակիցներուն:
«Խմբ.»
Լեզուի Կոմիտէն կը ներկայացնէ օտարաբանութիւններու եւ անոնց հայերէն համարժէքներու նոր ցանկ: Այս բառացանկով ոչ թէ նորաստեղծ բառեր կ՛առաջարկէ, այլ կը յիշեցնէ եղած, երբեմն ալ հին, սակայն ոչ միշտ գործածուող հայերէն բառերու մասին: Ներկայացուող բառերը, անշուշտ, շատերուն ծանօթ են, սակայն որոշներու համար համար անյայտ են ու նոր:
Խօսելու եւ գրելու ատեն նկատի ունենալ օտար բառերու հայերէն հետեւեալ համարժէքները.
- ալտերնատիւ – 1. այլընտրանքային, 2. այլընտրանք
- անեսթեզիա – անզգայութիւն, անզգայացում
- ասիստենտ – ընթերակայ, օգնական
- ասոցիացիա – ընկերակցութիւն, ընկերութիւն, միութիւն
- ասպեկտ – հայեցակէտ, տեսանկիւն, դիտանկիւն
- բանդա – յանցախումբ, աւազակախումբ
- բուտիկ – կրպակ
- գարնիր – խաւարտ
- գլադիոլուս – թրաշուշան
- դեկլարացիա – յայտարարագիր, հռչակագիր, յայտարարութիւն
- դեպորտացիա- արտաքսում, վտարում
- դեսերտ – աղանդեր
- դետալ – 1. մանրակ, մաս, 2. մանրամասնութիւն, մանրամաս
- դիլեմա – երկընտրանք
- իմպլեմենտացիա – կիրարկում
- ինովացիա – նորարարութիւն, նորամուծութիւն
- լանցետ – նշտար
- կալայ – փողաշուշան
- կատաստրոֆիկ – աղէտալի
- կաֆել – հախճասալ, սալիկ
- կուլմինացիա – բարձրակէտ, գագաթնակէտ
- մանժետ – թեզանիք
- մանիակ – մոլագար
- մարիոնէտ – խաղատիկնիկ, խամաճիկ
- մեսիջ – 1. հաղորդագրութիւն, 2. ուղերձ
- շտամպ – դրոշմ, դրոշմակնիք
- պատենտ – արտօնագիր
- պեդալ – ոտնակ
- պոտենցիալ – ներուժ, կարողութիւն
- պրեպարատ – պատրաստուկ
- պրոդուկտ – արդիւնք, արտադրանք
- պրոդուկտիւ – արդիւնաւէտ
- ռադիկալ – արմատական
- ռացիոնալ – բանական, տրամաբանական
- ռուբին – սուտակ
- վակցինայ – պատուաստանիւթ
- տելեպատիա– հեռազգայութիւն, հեռազգացութիւն
- տենդենց – միտում
- տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն
- ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ
ԼԵԶՈՒԻ ԿՈՄԻՏԷ