Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Դառնացած Ժողովուրդ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

Նկատի ունենալով, որ մեր այս յաւելուածը նուիրուած է Ամենայն Հայոց Բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանի, ծննդեան 150-ամեակին ուզեցինք այստեղ հրատարակել Թումանեանի մէկ կարեւոր յօդուածը, որ գրուած է 1910ին:

Որքա՜ն ուշագրաւ է հոն յիշուածը: ինչքա՜ն այժմէական են անոր միտքերը:

Մեր ժողովուրդին համար ամէն բանէ առաջ պէտքէ իմանալ է մեր սխալներն ու հիւանդութիւնները, եւ բուժուիլ․․․ ԲՈՒԺՈՒԻԼ։

Կարդանք մեր հանճարին գրածը «Ներսից ենք փչացած․․․«։

«Խմբ.»

 

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտուած էք մտածելու, չէք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիւանդութիւնների նման են, երբ դուք գիտէք, որ ձեր մարմնի մէջ կրում էք քաղցկեղի խոցը, բարակացաւի բացիլները կամ ժանտախտի թոյնը։ Չէք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պէտք է ձեզ յաղթահարեն ու սպանեն, կամ դուք պէտք է մարդկային հանճարի տուած ամեն միջոցներով վեր կենաք ցաւերի դէմ ու ազատուէք, առողջանաք. իհարկէ, եթէ էնքան արիութիւն ու հասկացողութիւն ունիք։

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղուել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացութեան, թէ շատ չարութիւն կայ մեր հոգում։

Էսպէս են ասում նրանք եւ ասում են խորը ցաւով, ինչ ցաւով որ կարելի էր ասել, թէ բարակացաւի բացիլներ կան իմ կրծքում։

Բայց քիչ են էս տեսակ ազնիւ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյութիւնը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիւանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծաւոր չի, հայհոյող չի, ստախօս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։

Բայց, իհարկէ, սրանց չպէտք է հաւատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջութիւնը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիւանդութիւններով։

Նայեցէ՛ք։

Գիւղացի ռանճպար մարդիկ են, հարեւան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթէ մէկի արտը լաւ է գալի կամ անասունը բազմանում՝ միւսը նախանձից հիւանդանում կամ ինչպէս իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։
Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մէկը միւսի յաջողութիւնը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրայ չի մտածում, որքան նրա յաջողութեան վրայ է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։

Հոգեւորական է. ինչքան վարձ ու պատիւ կուզէք տուէք – միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատւում է անարդարութիւնից, եւ գիտէ՞ք էդ անարդարութիւնը որն է, որ իր ընկերն էլ է նոյնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։

Քաղաքացի թէ գիւղացի՝ երկուսը վէճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վէճը, տեւում է երկար տարիներ եւ յաճախ իրենց ամբողջ կեանքն ու կայքը դնում են էդ վէճի վրայ, մինչեւ կարողանում է մէկը միւսին խեղդել, գետնին հաւասարել կամ հէնց երկուսն էլ փչանում են։

Մամուլ կայ։ Տասնեակ տարիներով ու անհամար դէպքերով փորձուած է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտութիւն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախօսութիւն, կեղծաւորութիւն։ Նեղ թայֆականութիւն հօ ոչ մի գիւղում գուցէ էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մէջ։ Մի յայտնի հրապարակախօս պատմում էր, թէ պարզ խօսում էին մեր խմբագրատանը, թէ էս կամ էն գրողին, ինչքան էլ լաւ գրուածք հրատարակի, միշտ պէտք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խօսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։

Էդպէս էլ մտէք ազգային, հասարակական, գրական գործիչների մէջ։ Մէկը միւսի հռչակն ու յաջողութիւնը տանել չի կարողանում։

Հիմի եկէք ուսուցիչներին տեսէք։ Դասերից աւելի շատ է՛ն աշխատանքի վրայ են, որ իրար ոտի տակ փորեն, եւ շարունակ մի որեւէ չնչին դէպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտօնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մէկը միւսին անուանարկել, հալածել ասպարէզից ու սպանել բարոյապէս… ո՛չ մի մեղմութիւն, ո՛չ մի ներողամտութիւն, ո՛չ մի սահման չարութեանը։

Ինչո՞ւ է էսպէս։

Պարզ հասկանալու համար երեւոյթի վրայ պէտք է նայել բնութեան ու պատմութեան օրէնքների բարձրութիւնից, էն լայն, խաղաղ ու խոր հայեացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմութիւնը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյութիւն, որ ոտնատակ է ընկնում, եթէ չի մեռնում, այլանդակւում է, դառնանում ու փչանում։ Էսպէս է բնութեան օրէնքը։

Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. յայտնի է, որ եթէ նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտւում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թոյլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անէք։ Էնպէս դառնանում ու դաժանանում է եւ մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնութիւնը դուրս է տալի, յայտնւում է ե՛ւ աչքերում, ե՛ւ դէմքին, ե՛ւ խօսքերում, ե՛ւ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարէզում, ու ամբողջ կեանքը դարձնում է դառն ու դաժան։ Եւ էս տեսակ կեանքը կունենայ, այո՛, շատ բան, ե՛ւ «յառաջադիմութիւն», ե՛ւ «կուլտուրա», ե՛ւ «մամուլ», ե՛ւ «գրականութիւն», ե՛ւ «դպրոց», ե՛ւ «բարեգործութիւն», բայց էդ բոլորը ներսից ճիճուի կերած պտուղի նման են, եւ տառապում են հիմնական պակասութիւններով, մի ընդհանուր ցաւով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կեանքը կը տայ եւ տաղանդաւոր մարդիկ, սակայն նրանք էլ կը լինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիւ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հէնց է՛ն, ինչը որ դարձնում է մի կեանք գեղեցիկ ու հրապուրիչ եւ մի ժողովուրդ թանկ ու համակրելի։

Արդ՝ եթէ մենք ունենք ազգային իմաստութիւն, հոգու արիութիւն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիւանդութեան առաջ եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դէմ կռուելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտութիւնը։ Ապա թէ էդ փրկարար գիտակցութեանը կը հետեւեն ինքնակատարելագործութեան բարձր ցանկութիւնն ու ազնիւ գործը։

Ուրիշ ճանապարհ չկայ. ներսից է լինելու հաստատ փրկութիւնը, որովհետեւ ներսից ենք փչացած։

1910 թ․

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին