Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է առաջիկայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳ խոսնակը հանդիպման ժամկետների մասին հստակ ինֆորմացիա չի հայտնել: «Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-նշել է Աբդուլաևան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս հունվարին տարածած հայտարարության մեջընդգծում են, որ բանակցություններին դրական դինամիկա հաղորդելու համար քայլեր են ձեռնարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Փաշինյան-Ալիև երեք ոչ պաշտոնական հանդիպում է կայացել: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:
Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։