ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ղարադաղի տարածքը 1501-ին երբ ընդգրկուեց Սեֆեանների (Պարսկական թագաւորութիւն) կզլբաշական պետութեան մէջ Հայկական Լեռնաշխարհի ներքին Տաւրոսի լեռնային համակարգի Չիմեն, լեռնաշղթայի հարաւային լեռնաբազուկի մաս էր: Այս լեռնաշղթան 35 քմ. երկարութեամբ Սեպուհ լեռնաշղթայի 3030 մ. բարձրութիւն ունեցող Սեպուհ լեռան անուամբ (կոչուել է նաև Գոհանամ), որը այդ դարաշրջանում թուրքերը Ղարադաղ (Սև սար) էին անուանում, Թաւրիզի Բեգլարբեկութեան Ղարադաղի Հաքիմութեան տարածք կոչուեց, և անունը այդպէս շարունակուեց մնալ Ղարադաղ:
Ըստ նախաքրիստոնէական շրջանի պատմագիր Ստրաբոնի, ներկայ Ղարադաղի լեռները կոչուել են Հայկական լեռներ: Սա ապացուցւում է նրանով, որ յետագայում 14-րդ դարի պարսիկ մատենագիր Համդելլահ Ղազվինին, Ահարից (ներկայում Պարսկաստանի քաղաքներից է) դէպի Արաքսի հովիտը տանող լեռնանցքը կոչում է Arminijan Դրոյք Հայոց:
Պարսիկները յիշեալ շրջանի լեռնաշղթան Սիահքուշ էին կոչում (Սև սարեր, Տես՝ Երեմեանի «Հայաստանը ըստ Աշխարհացոյցի»), որը թուրքերէնի թագմանուեց և Ղարադաղ անունը ծնուեց:
Այս տարածքը մեր պատմութեան մեջ յիշւում է թէ՛ Մեծ Հայքի 11-րդ նահանգի՝ Փայտակարանի կազմի մէջ և թէ՛ Վասպուրականի 26-րդ Պարսպատունիք գաւառի (5500 քառ. Քիլոմետր) տարածքի մէջ:
Ղարադաղը տարածւում է Արաքսի աջ ափին Սիւնեաց նահանգի դիմաց: Հայկական լեռների շղթան ձգւում է արևմուտքից արևելք, այն բաժանւում է Մեղրիի լեռներից մի խոր կիրճով, որի մէջով հոսում է Արաքսը: Լեռները զանազան ուղղութեամբ, ունեն բազմաթիվ թևեր՝ կազմելով լեռնադաշտեր և խոր ձորեր, և Արաքսին չհասած ցածրանալով կազմում են փոքրիկ հարթութիւններ: Այդ լեռներն ունեն հետևեալ գագաթները Աղաղանի մօտ’ Սիլիանսար, Միզկիթինի մօտ՝ Աղդաշ, և Սիարուդի մօտ՝ Քանթալ անուններով:
Բուսական աշխարհը հարուստ է, սարալանջերը ծածկուած են անտառներով: Այնտեղ ուր անտառները վերջանում են,սկսւում է խոտաւէտ շրջանը:
Արաքսի ափերը բուսականութիւնից աղքատ են, և ծածկուած են թփերով, որոնք կոչւում են ծեխք: Ըստ կլիմայի, Ղարադաղը բաժանւում է երկու շրջանի. Արաքսի ափերին ձմեռը մեղմ է, լեռնային մասերում կլիման խիստ է, ցուրտ և բքաբեր:
Ժողովրդի գլախաւոր զբաղմունքը երկրագործութիւնն է։ Լեռները հարուստ են աղբիւրներով, որոնք կազմում են մեծ ու փոքր գետակներ և թափւում Արաքսի մեջ. նշանաւոր են Իրու (Իրի) կամ Դուզալի, Ռըղնունի և Քալէյբարի գետակները, որոնք միանում են Արաքսին:
Այսքանով բաւարարուենք Ղարադաղի մասին թողնելով աւելի ծաւալուն շարունակութիւնը ապագային:
Որքան որ ես տեղեակ եմ, ներկայիս ազատագրուած Արցախի Հադրութ տարածքը, որ գտնւում է Արաքսի ափին ու Պարսկաստանի հետ սահմանակից է, օժտուած է շատ մեղմ կլիմայով, ուր լսածիս համաձայն մի շարք սիրիահայեր զէյթունի այգիներ են աճեցնում:
ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ






