«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան տիկնոջ` Աննա Յակոբեանի եւ դստեր հետ երէկ Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին առթիւ այցելած է բանաստեղծի ծննդավայրը` Դսեղ:
Ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրես»-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն կը տեղեկացնեն, որ վարչապետ Փաշինեան ծաղիկներ դրած է հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրիին առջեւ եւ շրջայց կատարած է տուն-թանգարանի տարածքին, ծանօթացած գրողի կեանքն ու գործունէութիւնը ներկայացնող մօտ 300 մեծարժէք ցուցանմուշի։
Նիկոլ Փաշինեան հանդէս եկած է ելոյթով, ուր մասնաւորապէս նշած է. «Կայ Մեծարենց, կայ Տէրեան եւ բազում այլ պոէտներ, բայց Թումանեանն է անհաս Արարատը մեր նոր քերթութեան: Այս տողերի հեղինակը Եղիշէ Չարենցն է եղել: Յաճախ չի պատահում, որ պոէտը պոէտի մասին գովասանքի խօսքեր ասի, բայց սա գովասանքի խօսք չէ, սա խոնարհումի խօսք է եւ վկայութիւնն է այն բանի, որ մեր ունեցած Արարատը մէկը չէ: Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպէս տեսնում եք, ինչպէս Չարենցն է վկայում, Արաքսի այս կողմում էլ ունենք Արարատ եւ այդ Արարատը Յովհաննէս Թումանեանն է, եւ այդ Արարատը Լոռուայ մարզում է, եւ այդ Արարատը Դսեղում է:
Սրանով Թումանեան պոէտի եւ հանճարի մասին, ըստ էութեան, ամէն ինչ ասուած է եւ ես չեմ ուզում խօսել Թումանեան մտաւորականի, Թումանեան հանճարի, Թումանեան պետական գործչի մասին պետականութեան բացակայութեան պայմաններում: Ես ուզում եմ խօսել Թումանեան մարդու մասին, ոչ թէ Թումանեան մարդու` որպէս ընկեր, որպէս ընտանիքի անդամ, որպէս հայր, այլ որպէս առանձին վերցրած մարդ, որովհետեւ Թումանեանի կերպարն այսօրուայ Հայաստանում պէտք է առաջնորդի բոլորին, որովհետեւ մենք տեսնում ենք ահա սրբապատկերդարձած այս նկարը, երեխաներն իրենց դասագրքերում տեսնում են սրբապատկերի արժէք ստացած Թումանեանին, բայց ո՞վ էր այդ մարդը եւ ի՞նչպէս դարձաւ Արարատը մեր նոր քերթութեան, ի՞նչպէս դարձաւ Արարատ: Նա գիւղացի մի պատանի էր, մի երիտասարդ, միջին, նոյնիսկ կարելի է ասել աղքատ մի ընտանիքից, նա մի մարդ էր, որ ամբողջ կեանքում չի ունեցել բարեկեցութեան որեւէ ժամկէտ:
Թումանեանին մենք այսօր պատկերացնում ենք որպէս Արարատ, որպէս անհաս մի բարձրութիւն, բայց նա մի մարդ էր, ով իր ծնուած առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները՝ աղքատութիւն, սով, անփողութիւն, ապրելու անհնարինութիւն ու կեանքն ամէն վայրկեան փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան եւ ցածրացնել կենցաղի մէջ, ռուպլու մէջ, կոպեկի մէջ, մի կտոր հացի մէջ:
Եւ ի՞նչ է արել Թումանեանը, ի՞նչպէս է հասել դրան: Միայն մի բանով, միայն ինքն իրեն հաւատալով, միայն կրթութեան հետեւելով: Նոյնիսկ կրթութիւն ստանալու հնարաւորութիւն չի ունեցել, կիսատ է թողել կրթութիւնը եւ գնացել աշխատելու, չարքաշ աշխատանքով է ապրել, չարքաշ կեանքով է ապրել: Չի ունեցել ոչ մի օգնութիւն, հակառակը, ուրիշներն են իրենից օգնութիւն հայցել եւ նոյնիսկ շատ դէպքերում դսեղցիներն էլ են նեղացել , ասել են չի օգնում մեզ, մտածելով` Թումանեանը, որ Թումանեան է՝աշխարհի բոլոր–բոլոր հնարաւորութիւնները նրա ձեռքում են:
Եւ ահա այս ամէնը ծանրացել էր մարդու ուսերին և ինչո՞ւ նա չի կոտրուել, որովհետեւ նա հաւատացել է իր ուժին: Այն ժամանակ, որ թուում է` պէտք է ծնկեր, ինչպէս Յիսուս Քրիստոսն անդամալոյծին ասել է՝ վեր կաց եւ քայլիր, Թումանեանն ինքն իրեն ասել է՝ վեր կաց եւ քայլիր, եւ նա վեր է կացել եւ քայլել: Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, նա ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, նա յաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարաւորութիւն, որովհետեւ նա ասելիք է ունեցել իր ժողովրդին, եւ իր ժողովրդին իր ասելիքը եղել է մէկը՝ վեր կաց եւ քայլիր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նուաստացիր, մի՛ չարացիր, մի՛ կասկածիր դու քեզ, քո ուժին, քո հայրենիքին, քո անցեալին եւ ապագային, վեր կաց եւ քայլիր:
Սա է Թումանեանի ուղերձը ժողովրդին, Հայաստանին, պետութեանը, եւ ես այսօր ինձ իրաւունք եմ վերապահում՝ որպէս ՀայաստանիՀանրապետութեան վարչապետ, որպէս ժողովրդի ազատ կամքով ընտրուած վարչապետ, Թումանեանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց եւ քայլիր, դու անդամալոյծ չես, դու պարտուող չես, դու մուրացիկ չես, վեր կաց եւ քայլիր, վեր կաց եւ քայլիր:
Թումանեանն ասում էր ու պիտի գայ հանուր կեանքի արշալոյսը վառ հագած: Եկել է այդ հանուր կեանքի արշալոյսը, այսօրուայ Հայաստանն է այդ հանուր կեանքի արշալոյսը, դուք էք բերել այդ հանուր կեանքի արշալոյսը, դուք պարտաւոր էք տէր կանգնել ձեր բերած արշալոյսին, ձեր բերած երկրին, ձեր յաղթանակին, ձեր հայրենիքին: Եւ ուրեմն՝ վեր կաց եւ քայլիր: Վեր կացէք եւ քայլէք, վեր կացէք եւ յաղթէք եւ չխեղճանաք, երբեք ու երբեք չխեղճանաք, որովհետեւ դուք Թումանեանի սերունդն էք, դուք Թումանեանի ժողովուրդն էք, դուք Թումանեանի հայրենիքն էք, եւ դուք Թումանեանի գիտակցութիւնն էք եւ ապագան: Եւ ուրեմն՝ կեցցէ՛ազատութիւնը, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Թումանեանի Հայաստանում, Թումանեանի երազած Հայաստանում:
Եւ վերջում՝ ուզում եմ արտասանել Թումանեանի՝ իմ ամենասիրելի քառատողը, ու ես նոր էքսկուրսիայի ժամանակ էլ ասացի, որ շատ հետաքրքիր է՝ կայ՞ արդեօք գիտական բնորոշում, թէ ինչի մասին է նա գրել: Ես համոզուած եմ՝ այստեղ ինչ-որ ուղերձ կայ, եւ ինձ թուում է, որ այս ուղերձն ուղղուած է բոլորիս, ուղղուած է մարդուն, քաղաքացուն, հային, ով կարող է կարդալ այս տողերը: Որպէս այսօրուայ խորհրդանիշ՝ թանգարանի մատեանում հենց այս քառատողը գրառեցի.
«Հոգիս՝ տանը հաստատուել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տէրն եմ ես,
Ո՞վ է արդեօք նկատել»:
Դուք տիեզերքի տէրն էք, ժողովուրդ, տէր կանգնէք ձեր տիեզերքին: Շնորհաւոր Թումանեանի 150-ամեակը»:
***
Յովհաննէս Թումանեանի՝ Լոռիի մարզի Դսեղ գիւղը գտնուող տուն-թանգարանը Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է, որ թանգարանի վերածուած է 1939 թուականին՝ գրողի ծննդեան 70-ամեակին առթիւ։ Բակը տեղադրուած է գրողի կիսանդրին, եւ կառուցուած է մատուռ (1994), ուր ամփոփուած է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկյարկանի է՝ բաղկացած 6 սենեակէ։ Առաջին յարկը կը գտնուի հացատունը, մեծ օթախը եւ 2 ցուցասրահ։ Ցուցասրահներուն մէջ ներկայացուած ցուցանմուշները կը պատմեն Թումանեանի տոհմաբանութեան, ծնողներու, Թիֆլիսի եւ Ճալալօղլիի մէջ ուսումնառութեան տարիներու, գրական-հասարակական գործունէութեան մասին։ Երկրորդ յարկը գտնուող 2 սրահին մէջ ցուցադրուած են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը եւ անձնական իրերը։