Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ, որից 350 մլն-ը՝ Հայաստանի ագրարային համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ավելացնելով, որ ծառայության աշխատակիցները ներկայումս մի շարք ուսումնասիրություններ են կատարում տարբեր մարմիններում, մասնավորապես՝ շարունակվում են ուսումնասիրությունները Երևանի պետական բժշկական համալսարանում:
«Տարբեր արդյունքներ կան, բայց իմ կողմից ճիշտ չէ դրանց մասին այս պահին խոսելը։ Երբ ավարտենք, կհրապարակենք։ Ենթադրում եմ՝ կավարտենք մարտի վերջին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։
Հարցին՝ արդյոք նախատեսվում են ուսումնասիրություններ տարբեր ուժային կառույցներում, Սանասարյանն ասաց, որ այդ թեմայով պետք է քննարկում ունենան վարչապետի հետ։
Դիտարկմանը՝ արդյոք խնդիր կա այդ կառույցներում ուսումնասիրություններ կատարելու հետ կապված, Սանասարյանը շեշտեց՝ ոչ: «Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ ուժային կառույցների դեպքում պետք է վարչապետի հետ քննարկել։ Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է»։
Սանասարյանը նշեց, որ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մարմիններում բազմաթիվ քրեական գործեր կան, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն համարել ուսումնասիրություններ կատարել։
Սանասարյանը նաև նշեց, որ արդեն ավարտվել են ուսումնասիրությունները Հայաստանի երիտասարդական հիմնադրամում: «Ինչպես գիտեք, քրեական գործ կար հիմնադրամի վերաբերյալ, պարզել ենք՝ ինչպես են ծախսվել հիմնադրամի գումարները։ Այս պահին, սակայն, չեմ կարող խոսել ուսումնասիրությունների արդյունքների մասին»,- նշեց Սանասարյանը։