Քառասնամեակ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հին-հի՜ն դարերից ի վեր Պարսկաստան կոչուող երկիրը տարբեր ժամանակաշրջաններում իր տարբեր սահմանագծերով եղել է և մնում է որպէս բռնապետական վարչակարգով կառավարուող տիրոյթ։ Իրանի բնակչութիւնը շարունակ հեծել է, կքուել իւրային և օտար միապետների լծի ներքոյ։
Քսաներորդ դարի առաջին կէսին թուրքմենական Ղաջար ցեղի թագաւորութեան թուլացման պատճառով զանազան երկրամասերում խռովութիւններ ծագեցին։ Ահա թէ ինչու գաղութարար քաղաքագէտները զօռբա զօրական Ռեզա-խանի ուղին հարթեցին, ցուցումներ տուին դառնալու երկրի նորագոյն մոնարք՝ հիմնաւորելու միջազգային պահանջներին յարիր պետութիւն։
Նա կառավարեց Իրանը 16 տարի։ Կիրառուեցին բարեփոխութիւններ խիստ դիկտատորական պայմաններում։ Նրան յաջորդեց Մոհամմադ-Ռեզա-շահը։ Նա շարունակեց դարի թելադրած քաղաքականութիւնը 37 տարի։ Փահլաւի շահերը մոդեռնացրին հասարակական, տնտեսական կեանքը, սակայն զլացան աշխատաւոր զանգուածներին արդարութիւն պարգևել ու դարձնել արքունիքի թև-թիկունքը։
Ի դէպ շիա մոլլաները որպէս գահակալների ընկերակիցներ այսպէս թէ այնպէս պահպանեցին իրենց հեղինակութիւնն արևելեան վարքուբարքով ապրող զանգուածների միջև։ Նրանք կազմակերպեցին հաւատացեալ, ֆանատիկ շիաների բջիջներ, խմբակներ երկրի մասշտաբով։ Հետևապէս նիւթական մոդեռնացմանը զուգընթաց էլ աւելի արմատաւորուեց շիիզմի հաւատքը,– գաղտնի մրցակցութիւն, հետևողական պայքար։
1979 թուականին միջազգային կացութեան բարենպաստ պայմաններում խաբէութեամբ تقیه)) գահը զաւթեց մի ագրեսիւ, քինոտ մոլլա Խոմէյնի անունով։ 2019 թուականի սոյն ամսին՝ Փետրուարին լրացաւ մոլլաների յաղթանակի 40 տարին։
Սոյն ակնարկը թերի կլինի եթէ չյիշենք քաղաքական այլ ուժերին, որոնք հասարակական կեանքում թողել են իրենց դրոշմը։ Դրանք են ձախակողմեան Թուդէ (մասսա) կուսակցութիւնը, Ազգային ճակատը, շիիթական Նահզաթ Ազադին, զինեալ պայքարի ելած ձախակողմեան Ֆեդայի կազմակերպութիւնը, շիիթական Մոջահեդին կազմակերպութիւնը։ Կարելի է թուարկել մի քանի կազմակերպութիւններ ևս… Ներկայում յիշեալ միաւորումները կամ լուծարքի են ենթարկուել կամ չունեն յոյժ ազդեցութիւն, հեղինակութիւն երկրում տիրող հեղձուցիչ պայմանների պատճառով։
Ես գրի առայ Իրանի ժամանակակից պատմութեան հպանցիկ մի քննարկում։ Խորը վերլուծութեան համար այլ առիթ է հարկաւոր։
ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ