Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

ԷԼԻ, ՆՈՐԻՑ, ԿՐԿԻՆ ՈՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ…

Ազգային

Պատասխան` ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանի՝ «Ասպարէսզ»-ում տպուած հարցազրոյցի առթիւ

 ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Յարգելով խօսքի եւ խղճի ազատ արտայայտութեան իրաւունքը, կը հրատարակենք Քալիֆորնիոյ հայ գրողներու միութեան նախագահ, անուանի երաժիշտ, խմբավար Հենրիկ Անասեանի գրութիւնը ամբողջութեամբ։ Վերջերս կրկին անգամ հայրենիքի թէ սփիւռքի մէջ կ՚արծարծուի այս հարցը, եւ նման քննարկումներ շինիչ են եւ օգտակար։

ՆՈՐ ՕՐ 

 

 «Օրհներգի փոփոխութիւնը կեղծ, բայց աւելի շատ վտանգաւոր, պառակտիչ օրակարգ է» («Ասպարէզ», 1 Փետրուար 2019),– ասում էք դուք` տիկին Լիլիթ Գալստեան ու աւելաց­նում`«Մեր հայրենիքի» վերատեսութեան հեղինակներն պարզա­պէս չեն պատկերաց­նում մեր օրհներգի ուղերձը, կամ անցեալը մերժելու տոտալ մոլուցքով չեն գիտակցում, որ դա ոտնձգութիւն է մեր` հայ ժողովրդի հաւաքական իղձերին` անկախութեանն ու ազատութեանը»:

   – Վահ տօ՜, էս ի՞նչ կ՚օսէ,– կ՚ասէր Զամբախովը…։ Էս ինչե՞ր էք ասում տիկին Գալստեան` «Անցեալը մերժել», «Ոտնձգութիւն հայ ժողովրդի հաւաքական իղձերին, անկախութեանն ու ազատութեանը»: Ո՞վ է մերժում մեր անցեալը, ինչպէ՞ս կարող ենք մենք մոռանալ մեր տառապալից անցեալը, ո՞վ չգիտի, որ Առաջին Հանրապետութեան կերտողը հիմնականում Դաշնակցութիւնն է, որը, դժբախտաբար, այդ օրերին յատուկ  ժամանակի սղութեան պատճառով, առանց խորամուխ լինելու իրերի մէջ, ինչպէս ասում են` ափալ-թափալ որդեգրեց հայ երաժշտութեան հետ բնաւ աղերս չունեցող իտալական ժողովրդական երգի մեղեդին:

   Մի քաղաքականացնէք երեւոյթ­ները տիկի՜ն, մի բորբոքէք կրքերը` տպաւորութիւն ստեղծելով թէ հայ ժողո­վրդի մի մասը փորձում է տրորել դաշնակցութեան որդեգրած սրբութիւնները: Նման բան չկայ տիկին Գալստեան, այն էլ այս օրերին, երբ դաշնակցութիւնը հաւասարը հաւասարի իրաւունքով մտնում է Հայաստանի վարած քաղաքականութեան մէջ:

   Նոյն ձեւով կարող են մտածել հայաստանահայերն ու սփիւռքում ծուարած ստուարածաւալ հայաստանցիներն ու Երեւանի ռադիոյի հաղորդումներն ունկնդրող սփիւռքահերը` ասելով, թէ դուք էք ոտնահարում նրանց ազգային զգացումները: Չէ՞ որ նրանք էլ յիսուն եւ աւելի տարիներ շարունակ առաւօտ զարթնել եւ երեկոյեան անկողին են մտել Արամ Խաչատրեանի փառահեղ երաժշտու­թեան տակ, չէ՞ որ նրանք էլ են տառապում կարօտախտով: Դժուար չէ թերեւս նրանց հասկանալը:

   Այս հարցի մէջ զգացմունքայնութիւնը տեղ չունի: Իրերին պիտի մօտենալ փաստացի տուեալներով, մանաւանդ, եթէ հարցը համազգային տարողութիւն ունի:

    Մարդկայնօրէն ես հասկանում եմ, որ «Մեր հայրենիք»-ի հնչիւնների տակ սերունդներ են աճել եւ այսօր էլ գիշեր ու զօր մատաղ սերնդի շուրթերին է «Մեր հայրենիք»-ը եւ նրանց համար դժուար է այլ մեղեդու հնչիւնների տակ պանծացնել հայրենիքը: Այդ երգի մեղեդին այնքա՜ն զօրաւոր է նստած տարեց դաշնակցականների երեւակայութեան մէջ, որ նրանցից մէկն այս օրերին դիմատետրում գրել է` «Միայն «Մեր հայրենիք», վերջ»,– ուրիշ ոչ մէկ բացատրութիւն: Կարծեօք`ինչ որ մէկն ուզում է իր այգու միջի շողգամը հանել հողից, իսկ ինքը դիմադրում է եւ երբ ինքն է հանում շողգամը` տեսնում է, որ այն հին է, հոտած է, ասել է թէ` ուշացել է…

    Մեծանուն Արամ Խաչատրեանի անունը շահարկելու կարիք չկայ յարգելի Լիլիթ, նա այնքան խոշոր է, որ նրա անունը մշտապէս ակնածանքով պիտի արտա­բերել: Ախր, ինչպէ՞ս թէ «Օրհներգը երաժշտական կամ գեղագիտական քննարկման առարկայ չէ», երբ «Մեր հայրենիք»-ի երաժշտութիւնը տառացիօրէն կապ չունի հայ երաժշտութեան հետ:

    Ի՞նչ անենք, բա չքննարկե՞նք, չէ՞ որ դա պարզունակ, ոչ մի յուզում չառաջացնող ութ տակտանոց իտալական ժողովրդական երգ է, անյարիր մի հիւսուածք, որ կապ չունի «հիմն» հասկացողութեան հետ: Վարընթաց սկիզբով հիմն չի լինում: «Մեր հայրենիք»-ը զուրկ է վեհութիւնից, չունի բարձրակէտ, երաժշտական լեզուով ասած` մաժոր-մինոր-մաժոր հիւսուածք, տոնայնափոխութիւն, վերամբարձ կրկներգ: Արամ Խաչատրեանի երաժշտու­թիւնը զուտ հայկական է եւ ազգակցական կապի մէջ է Մակար Եկմալեանի «Տէր ողորմեա»-ի տարբերակներից մէկի հետ: Մտաբերէք խնդրեմ Խաչատրեանի հիմնի երաժշտութիւնը եւ դուք անմիջապէս կը զգաք, թէ ինչպէս է մեղեդին ստեպ առ ստեպ վեր բարձրանում` հասնելով յաղթական բարձրակէտի, փառաւորելով մարդու հոգին ու նրա ներաշխարհը: Դա մի շէնշող, մարդու հոգին պանծացնող երաժշտութիւն է, մի խմբերգ, որը իմ համերգներում հնչեցրել եմ որպէս երգչախմբային ստեղծագործութիւն:

   Այո՜, օրհներգը  պետական խորհրդանիշ է, բայց այն պիտի յօրինուած լինի ազգային երաժշտութեան հնչերանգների վրայ, եւ ոչ թէ օտար, ոչինչ չասող երաժշտութեան: Ի՞նչ է, մենք այդքան խեղճ ե՞նք: Ութ կոմպոզիտորներ նոր հիմն գրեցին, բայց ոչ մէկը չկարողացաւ յաղթել Խաչատրեանի երաժշտութեանը եւ ամօթով մնաց յանձնաժողովի առջեւ:

   Օրհներգի փոփոխման օրակարգը «պառակտիչ» օրակարգ չէ եւ ոչ էլ «պոպուլիստական» շարժում տիկին Գալստեան: Արագօրէն պիտի լուծուի այս հարցը քանի դեռ մեր թշնամիները գլխի չեն ընկել, թէ ինչ իրարանցում է սկսուել Հայաստանում` կապուած մեր ազգային օրհներգի հետ: Չլինի այնպէս, որ ինչպէս ժամանակին ասւում էր, թէ ի՞նչ հայկական երաժշտութիւն, ամէնը հնդկական, արաբական մեղեդիներ են, այսօր էլ կարող են ասել, որ մենք մերը չունենք եւ օտարներից ենք գողանում: Զգոյշ պիտի լինել: Մեր հարեւանները աչքերը չռած մեր բացթողումներին են սպասում:

   Փաստերին պէտք է նայել բաց աչքերով: Զգացմունքայնութիւնը այս հարցում դեր չի խաղում, հասկացէք վերջապէս:

***

…Իրականութեան մէջ ես բնաւ մտադրութիւն չունէի անդրադառնալ քսան եւ աւելի տարիների ընթացքում իմ կողմից մշտապէս ծեծուած այս նիւթին, սակայն նկատելով վերջին օրերին հասարակութեան մէջ աշխոյժ քննարկման առարկայ դարձած Հայաստանի ներկայ հիմնը փոխելու հարցը, որոշեցի որոշակի լուսաբա­նում­ներով միանալ այդ շարժմանը եւ, ինչպէս ասում են, աչքերը բանալ բոլոր նրանց, ովքեր յամառօրէն փորձում են կառչած մնալ «Մեր հայրենիք»-ին:

   Անցեալ տարուայ ամրանը Երեւանում ես հանդիպեցի մշակոյթի նորաթուխ նախարար Լիլիթ Մակունցին, սակայն հիասթափուած դուրս եկայ նրա աշխատասենեա­կից: «Հայաստանի հիմնը փոխելու հարցը զուտ կառավարական հարց է»,– ասաց նա, իսկ իմ` «Իսկ դուք առաջարկութիւն մտցրէք» առարկութեանը` օրիորդը պատասխան չունէր տալու: Նոյնը պատահեց այստեղ` Լոս Անճելըսում, երբ նա եկել էր մեր հա­մայն­­քի հետ հանդիպման:

    Իմ երկար տարիների պայքարը Խաչատրեանի հիմնը վերականգնելու հարցում արդիւնք չտուեց, որովհետեւ մեր ազգային հարցերի արժեւորման «նախանձախնդիր» կոմպոզիտորները անփափկանկատօրէն միացան Խաչատրեանի հիմնը փոխել ցանկա­ցող խմբին եւ պարտաւորուեցին նոր հիմն գրել եւ մրցոյթի կարգով ներկայացնել յանձնաժողովին: Բնական է, նրանցից ամէն մէկը ցանկանում էր յաղթող դառնալ այդ մրցոյթում: Թող ներուի ինձ, նրանք անհամեստաբար «ոտք մեկնեցին» Խաչատր­եա­նի հետ եւ պարտուեցին` աւելորդ բամբասանքի նիւթ ստեղծելով շրջապատի, մանաւանդ երաժիշտների շրջանում:

    Մրցոյթում յաղթող ճանաչուեց Խաչատրեանի հիմնը` բանաստեղծական նոր տեքստ գրելու պայմանով: Ահա տասը տարի է անցել այդ օրերից, սակայն սայլը տեղից չի շարժւում: Ինչ մութ ուժեր են խանգարում նման սրբազան նպատակի իրագործմանը՝ յայտնի չէ: Այդ տարիների մեր աւագագոյն կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյեանը, Ալեքսանդր Յարութիւնեանն ու Կոնստանտին Օրբելեանը դէմ էին այդ մրցոյթին: Նրանք Խաչատրեանի «կողմնակիցներից» էին, եւ բնաւ էլ հակուած չէին այն մտայնութեանը, թէ սովետական շնչով է գրուած Խաչատրեանի հիմնը: Լաւ է որ այսօր Հայաս­տանի Կոմպոզիտորների Միութիւնը իր բազմանդամ անդամներով կողմ է Խաչատրեանի հիմնի վերականգնմանը:

   Այդ մրցոյթին Խաչատրեանի երաժշտութիւնը ես էի ներկայացրել: Մշակոյթի նորանշանակ նախարար Տիկին Յասմիկ Պօղոսեանի միանգամայն ոգեւորիչ յանձնարա­րականին տուրք տալով: Մենք համոզուած էինք, որ յաղթելու էր Խաչատրեանի հիմնը: Մարդկային բնականոն տրամաբանութիւնը յուշում էր, որ ամէն մի խելամիտ մարդ, տուեալ դէպքում կոմպոզիտոր, իրեն թոյլ չէր տայ «մրցել» Խաչատրեանի համաշխարհային ճանաչման արժանացած երաժշտութեան հետ: Ըստ իս, նոյնիսկ անհամեստ էր «չափուել» նրա հետ…

    Մինչեւ մրցոյթի օրը միայն երկու օր կար: Մշակոյթի նախարարը, անսալով իմ խնդրանքին, ի պատիւ իրեն, կարողացաւ մէկ օրուայ ընթացքում Ռադիոյի ձայնադարանից ինձ հասցնել տալ Խաչատրեանի հիմնի նուագախմբային ձայնագրութիւնը: Նոյն օրը իմ տրամադրութեան տակ դրեց Երեւանի Կենտրոն համայնքի երգչախում­բը` վաղամեռիկ խմբավար Մարիկա Եդիգարեանը: Կանացի երգչախումբը իմ բնակա­րանում սովորեց հիմնը իմ կողմից փոփոխուած բառերով: Յաջորդ օրը Արա Գէորգեանի ձայնագրման ստուդիայում ձայնագրեցինք Խաչատրեանի հիմնը արդէն պատրաստի նուագախմբային ձայնագրութեան վրայ: Եւ միայն մրցոյթից հազիւ 10-15 րոպէ առաջ նախարարի անձնական վարորդը իմ տանից տարաւ հիմնի ձայնագրու­թիւնը:

    Դա իսկապէս հերոսական գործ էր:

***

    Մինչեւ օրս էլ հարցնողներ կան, թէ ե՞րբ ենք վերադառնալու մեր իսկական հիմնին:

     Այժմ անդրադառնանք «Մեր հայրենիք» հիմնին: Բարսեղ Կանաչեանը չի յօրինել հիմնի երաժշտութիւնը: Նա երգը մշակել է երգչախմբի համար: Դա նոտա առ նոտա, հնչիւն առ հնչիւն կրկնութիւնն է «Իտալացի աղջկայ երգը» մեղեդու, որը ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը օգտագործել է իր «Ռայմոնդա» բալէտում («Ռայմոնդա»-ն բալէտի հերոսուհու անունն է): Բալետն առաջին անգամ կատարուել է 1898 թուին, երբ Կանաչեանը ընդամէնը 13 տարեկան էր եւ չէր կարող յօրինել «Մեր հայրենիք»-ը: Կը նշանակի Կանաչեանը, ինչպէս եւ Գլազունովը, օգտուել են նոյն աղբիւրից: 

     Տարիներ առաջ Հայաստանի Ազգային Հեռուստատեսութիւնը ինձ հրաւիրեց կենդանի ելոյթի` յայտնելու համար իմ կարծիքը մեր հիմնի մասին: Ես անաչառ կերպով ապացուցեցի մեր այսօրուայ հիմնի երաժշտութեան անհամատեղելի լինելը մեր ազգային երաժշտութեան ակունքների հետ, դրան հակադրելով Խաչատրեանի` միանգամայն ազգային ակունքների ու հոգեւոր երաժշտութեան հնչերանգների վրայ հիւսուած Խաչատրեանի փառահեղ երաժշտութիւնը: Եւ այդ ամէնը ոչ միայն խօսքով, այլեւ, դաշնամուրի վրայ, կենդանի կատարմամբ: Եւ այդ հաղորդումից յետոյ էր որ, երբ ես արդէն Լոս Անճելըսում էի, կոմպոզիտոր ընկերներիցս մէկը, որի անունը չեմ կամենում յայտարարել, Երեւանից հեռաձայնեց եւ յայտնեց, որ «Մեր հայրենիք»-ի երաժշտութիւնը վերցուած է Գլազունովի «Ռայմոն­դա» բալէտից եւ այն հնչում է որպէս քայլերգ:

    Անմիջապէս անցայ համակարգչի առջեւ եւ Գլազունովի բալէտի երաժշտութիւնը «տակնուվրայ» անելուց յետոյ, գտայ մեր հիմնի երաժշտութիւնը եւ` ապշեցի: Ճիշդ եւ ճիշդ նոյն մեղեդին, նոտա առ նոտա, եւ, իսկապէս, որպէս քայլերգային երաժշտութիւն:

***

    Ցաւալի է գիտակցել, որ սփիւռքի մի հսկայ զանգուած տարիներ շարունակ սրբօրէն պահել, պահպանել է մեր երաժշտութեան հետ բնաւ առնչութիւն չունեցած Անկախ Հայաստանի Հանրապետութեան հիմնը, որից, ինչպէս սպասւում է, կամայ թէ ակամայ ստիպուած է լինելու հրաժարուել: Եթէ քսան տարի առաջ գործած չլինէինք այս ճակատագրական սխալը, այսօր չէինք կանգնի կոտրած տաշտակի առջեւ:

    Եթէ բառեր էինք փոխելու, փոխէինք Խաչատրեանի հիմնի բառերը, ինչ որ ես արեցի` երկու քառեակի մէջ ընդամէնը տասներեք բառ փոխելով: Ըստ որում առաջին եւ երկրորդ քառեակներում միայն առաջին տողերը, իսկ կրկներգում` երրորդ տողը:

    Այսօր աւելի, քան երբեւէ, վտանգի տակ է մեր հիմնի ճակատագիրը: Աստուած չանի, որ Ռուսաստանի որեւէ օպերային թատրոն որոշի բեմադրել Գլազունովի «Ռայմոնդա» բալէտը եւ կամ մի ռուս բանիմաց երաժիշտ տեղեկանայ, որ հայերի ազգային օրհներգի հեղինակը իրենց Գլազունովն է: Պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ անհաճոյ իրավիճակ կը ստեղծուի հայ ժողովրդի համար, երբ մարդիկ բալէտի երաժշտութեան մէջ «յայտնաբերեն» մեր հիմնի երաժշտութիւնը: Աւելի լաւ է մանրամասնութիւնների մէջ չմտնենք, թէ չէ շատ հեռուն կը գնանք: Ապագային, երբեւէ սպասուելիք նման «փորձանքից» զերծ մնալու միակ ուղին ձերբազատուելն է մեր երաժշտութեան հետ բնաւ առնչութիւն չունեցող «թշուառ, անտէր» հիմնից:

Իսկապէս վտանգաւոր է մեր այսօրուայ հիմնի հետ «խաղալը», մանաւանդ, երբ ի լուր աշխարհի էլ յայտարարւում է թէ Հայաստանի հիմնի հեղինակը Բարսեղ Կանաչեանն է: Մենք գրեթէ յիսուն տարի երգեցինք աղօթք դարձած Խաչատրեանի հիմնը եւ մէկ օրուայ մէջ մի կողմ նետեցինք անհեռատեսօրէն, ինչպէս մի շարք այլ արժէքներ…: Եւ դրանք վերականգնելու համար անհրաժեշտ է լրջագոյն աշխատանք ծաւալել: Խաչատրեանի հիմնի վերականգնման գործը իրենց ձեռքը պիտի վերցնեն նրանք, ովքեր փորձեցին թաղել, ժողովրդի յիշողութիւնից ջնջել մեր ժողովրդի փառքը գովերգող երաժշտութիւնը:

  «Մեր հայրենիք»-ը պատմական արժէք է եւ այն պիտի գոյատեւի դաշնակցութեան գործունէութեան մէջ (համաժողովներ, համագումարներ, եւ այլն), մի իրողութիւն, որ իրականացնում են միւս երկու կուսակցութիւնները:

   Խօսքը ձերն է Հայաստանի Կոմպոզիտորների Միութեան վարչութիւն եւ անդամներ: Ինչպէս դուք ժամանակին, քսանհինգ տարի առաջ լռեցրիք Խաչատրեանի ձայնը, այնպէս էլ բաց արէք փականը եւ թող նորից հնչի մեր իսկական հիմնը` այս անգամ արդէն «Ազատ, անկախ, նախնեաց երկիր Հայաստան» բառերով:

   Եթէ «Մեր հայրենիք»-ի պաշտպանները շարունակելու են մեծ-մեծ խօսքերով ճամարտակել, ապա հարկ պիտի լինի համաժողովրդական քննական առարկայ դարձնել տարիներ շարունակ չարչրկուած այս նիւթը ու անցնել համազգային քուէի:

   Եկէք վերականգնենք մեր ազգային հպարտութիւնը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին