ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Իսթանպուլի «Փերա» գեղարուեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգէյ Փարաջանովի 95-ամեակին նուիրուած մեծ ցուցահանդէս է գործում, որը բացուել էր Դեկտեմբերի 12-ին:
Հայ մեծ կինոռեժիսորը ծնուել է 1924 թուականի Յունուարի 9-ին:
Սերգէյ Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանն «Արմէնփրէս»-ի հետ զրոյցում ասաց, որ վերջին մօտ 30 տարուայ ընթացքում այդ ցուցահանդէսն ամենամեծն ու նշանաւորն է:
«Մեզ համար այս ցուցահանդէսը շատ կարևոր է, քանի որ Իսթանպուլում առաջին անգամ է Հայաստանի Պետական թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդէս բացւում»,– ասաց Սարգսեանը և յաւելեց, որ այն տևելու է մինչև 2019 թուականի Մարտի 17-ը:
Տնօրէնի խօսքով՝ միջոցառումը նախաձեռնել են թանգարանի սեփականատէրերը:
«Իսթանպուլի այդ թանգարանը մասնաւոր է և պատկանում է մի մեծահարուստ ընտանիքի, և հէնց իրենք էլ առաջարկել էին նմանատիպ ցուցահանդէս կազմակերպել: Այն կոչւում է «Փարաջանովն ու Սարգիսը»: Սարգիսն ով արուեստագէտ է, կոնցեպտուալիստ-նկարիչ, արմատներով Պոլսից է, սակայն այժմ ապրում է Ֆրանսիայում: Նա շատ է սիրում Փարաջանովին»,– նշեց մեծանուն ռեժիսորի երևանեան թանգարանի տնօրէնը:
Վերջինս ընդգծեց, որ «Փերա» թանգարանը 5 յարկանի է և 4-րդ յարկում Փարաջանովի ցուցահանդէսն է, իսկ 5-րդում Սարգիսը Փարաջանովին ու նրա «Սայեաթ-Նովա» ֆիլմին նուիրուած ինստալիացիա է արել:
Թողարկուել է նաև մեծ կատալոգ՝ անգլերէն և թուրքերէն լեզուներով:
«Ցուցադրոյթը շատ գեղեցիկ է ստացուել, այն իրականացրել է Թուրքիայի ամենանշանաւոր ձևաւորող-նկարիչներից մէկը: Երևանից 75 նմուշ ենք տարել Իսթանպուլ, ինչն էլ վկայում է այն մասին, որ սա Փարաջանովին նուիրուած ամենամեծ ցուցահանդէսն է, որ երբևէ արուել է: Բացի ցուցանմուշներից, թանգարանում տեղադրուած է 40 էկրան, որոնց վրայ ցուցադրւում են կինոռեժիսորի ֆիլմերը»,– պատմեց Զաւէն Սարգսեանը և յաւելեց, որ ցուցահանդէսն օրական 400 այցելու է ունենում:
…Յունուարի 9-ին, հէնց Փարաջանովի ծննդեան օրը Սարգսեանը մի շարք արուեստագէտների է հրաւիրել ռեժիսորի երևանեան թանգարան՝ յիշելու և նշելու կինոռեժիսորի 95-ամեակը: Նրանք նաև այցելելու են Կոմիտասի անուան զբօսայգու պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի յիշատակին:
«Հիմնականում հրաւիրուած են այն մարդիկ, ովքեր ճանաչել են նրան, թանգարանի հետ կապեր ունեն, բայց կանչել եմ նաև աւելի երիտասարդ արուեստագէտների, որպէսզի լինի այդ սերնդափոխութիւնը: Կարծում եմ, որ անպայման պէտք է երիտասարդ սերնդին էլ փոխանցել Փարաջանովի մասին մեր գիտելիքները»,– ասաց թանգարանի տնօրէնը:
Նա անդրադարձաւ նաև Ուքրաինայի հայ համայնքի անդամներին, ովքեր նոյնպէս բաւականին հետաքրքրուած են Փարաջանովի ստեղծագործական գործունէութեամբ:
«Ուքրաինայի Լուգանսկի մարզի Ալչևսկ քաղաքում, որի ճամբարում երրորդ անգամ բանտարկուած է եղել Սերգէյ Փարաջանովը, Յունուարի 9-ին նշելու են նրա ծնունդը, փակցնելու յուշատախտակ: Ալչևսկում նաև ապրում է մի մարդ, ով ազգութեամբ թաթար է, կինն էլ ծնունդով Աղդամից է՝ ատրպէյճանուհի, տեղի դպրոցում Սերգէյ Փարաջանովի անուան փոքրիկ թանգարան է ստեղծել»,– եզրափակեց Զաւէն Սարգսեանը:
***
Սերգէյ Փարաջանովը ծնուել է 1924 թուականի Յունուարի 9-ին Թիֆլիսում: Աւարտելով միջնակարգ դպրոցը՝ նա ընդունւում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտէտ։ Մէկ տարի անց հեռանում է ինստիտուտից և ընդունւում միանգամից երկու բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալի բաժին և Օփերային թատրոնին կից գործող պարային ուսումնարան։
Այնուհետև սովորում է Մոսկուայի կոնսերվատորիայում` Նինա Դորլիակի դասարանում։ Այնտեղ սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թուականին ընդունւում է նաև Մոսկուայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտէտ։
Փարաջանովի դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիէշ» ժապաւէնն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելեանի հետ Ալ. Դովժենկոյի անուան կինոստուդիայում նոյն սիւժէով, նոյն անուամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակն է նկարահանում։
Նրա ստեղծագործութիւնները բարձր են գնահատել ժամանակի մեծագոյն ռեժիսորներ Ֆեդերիկօ Ֆելինին, Անդրէյ Տարկովսկին և այլք:
Հանրութեանը լայնօրէն յայտնի են նրա «Նռան գոյնը», «Մոռացուած նախնիների ստուերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և այլ ֆիլմեր: Փարաջանովն արժանացել է բազմաթիւ միջազգային, հայրենական մրցանակների:
ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ






