Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Հայրենի մամուլ. Քաղուածքներ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Սոյն գրութեամբ ներկայացւում է ՀԳՄ «Գրական թերթ»-ից մի շարք յօդուածների ընթերցանութիւնից կատարուած քաղուածքներ-պարբերութիւններ, որոնք կարևոր նկատեցի ընթերցողների ուշադրութեան յանձնել: Յօդուածագիրները  Հայաստանի ներկայ վիճակի և ապագայի նկատմամբ իրենց մտահոգութիւնները, յոյզերն ու մտածումներն են յայտնում հիմնուած հաւաստի փաստերի վրայ: Ահա ընթերցասիրութեան բարիքները տեղեկութիւններ ձեռք բերելու Հայաստանի քաղաքական կեանքի շուրջ և այլազան  խնդիրների մասին: Հանապազ գիտակ և տեղեկացուած լինելու համար պէտք է ընթերցել, ամենալաւ միջոցը զբաղմունքի և զարգացման:

Նրանք երկար բովանդակութեամբ յօդուածներ են արժանի լրիւ կարդալու, սակայն հնարաւոր չի թերթի պարագային: Հետաքրքրուողները համակարգչի «Գրական թերթի» կայք`www.grakantert.am մտնելով կարող են կարդալ յօդուածները:

 

Ռ. Կորիւն

Յունուար 2019, Սանլենտ, Լոս Անճելըս

 

«Մեր փրկութեան մերանը». Ռուզան Ասատրեան, բանաստեղծ-հրապարակախօս

Այսօր էլ, դրսից պարտադրուող օտարալեզու համալսարաններն ու դպրոցները ծաղկաքաղ անելով, տանում են տաղանդաւոր սերնդին` նրանց սովորեցնելով իրենց լեզուն, իրենց մշակոյթն ու սիրել տալով իրենց երկրները: Անանիա Շիրակացու, Դաւիթ Անյաղթի, Նարեկացու, Մոմիկի ու Տրդատի, Չարենցի ու Թումանեանի… երկիրը վերածուելու է ծառայութիւններ մատուցող և ծառայութիւններ ախտահանող միջանցիկ երկրի՞…

Հայահալածութեան մոլուցքն աշխարհում դեռ շարունակւում է: Խոշոր կորուստների հազարամեայ պատմութեան մէջ մեր միակ կայուն ձեռքբերումը հայոց ազգային բանակն է: Ողջ յոյսս նրա մարտունակութեան հետ եմ կապում, թող Աստուած հազար ձեռքով պահի ու պահպանի նրան գիշատիչներից: Առաւել ևս, որ սաֆարովեան կացնասէր ցեղը այսօր մեծ զինանոց է կուտակում՝ ի լուր մեզ և մեր դաշնակիցների: Մենք վախեցող չենք: 1990-92 թթ. առանց զէնքի ու բանակի յաղթանակ տարանք մի քանի տէրութիւնների կանոնաւոր զօրքի դէմ: Անհրաժեշտ լինի՝ դարձեալ ազգ-բանակի ենք վերածուելու: Սակայն զգօնութիւնը միշտ պէտք է հետապնդի մեզ:

Յիշում եմ` 1993-ին Թուրքիայում տպա­գրուած մի թերթ ընկաւ ձեռքս: Հայերին վերաբերող մի յօդուածում նշուած էր, որ եթէ Հայաստանը իր գիտաարդիւնաբերութեամբ մնայ ու զարգանայ, ապա տարածաշրջանում կը դառնայ նոր «Իսրայէլ», ինչը ոչ մի կերպ չի կարելի թոյլ տալ: Մի՞թէ պետական յանցագործութիւն չէր երկրի ծանր ու թեթև արդիւնաբերութեան ոչնչացումը, ցրտի ու սովի մատնելով սեփական ժողովրդին` մահուան ու արտագաղթի դատապարտելը…

***

«Հայի հայը». Դաւիթ Գասպարեան, գրող-գրականագէտ, գրական քննադատ

Մեր ազգային անկումը դարձաւ Հայի մեր կերպարի խաթարման պատճառ, ձևախեղման նախադրեալ, և մեր ազգակիցների զաւակներն ապահովութիւն և արժանապատուութիւն որոնելու հեռանկարով հեռացան Արարատից: Հեռացա՛ն, հեռացա՛ն և դեռ հեռանում են: Մենք, որ քանակապէս պիտի աճէինք ու շատանայինք մեր հայրենիքում, չաճեցինք ու չշատացանք, որովհետև կանաչ ոստը ծիլ էր տալիս ուրիշի դաշտերում` ծաղիկն ու պտուղը թողնելով այնտեղ: Մենք մեր սերունդներին տուեցինք ուրիշներին, դարձանք ամառուայ ցամաքող գետ:

Իսկ երբ Հայերը դադարում են կարօտել, երբ հեռանում են մայրենի լեզուից, հաւատից, ազգային ոգուց, ազգային յիշողութիւնից, աւանդոյթից ու սովորոյթից, մոռանում իրենց ծագումնաբանութիւնը և քարտէսի վրայ դժուարութեամբ են գտնում Արարատի տեղը, նրանք այլևս Հայեր չենՎաղո՛ւց արդէն Հայեր չեն
Բայց սա ամենևին էլ վերջը չէ:
Որքան էլ Հայը դառնայ ռուս, ամերիկացի, անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, յոյն, թուրք, քուրդ, վրացի, այնուամենայնիւ խորքի խորունկ մի շերտում յիշում է իր Հայկական ծագման առասպելը: Այդպէս Նոյեան տապանն իջաւ Արարատից, ու շարունակուեց մարդկային քաղաքակրթութիւնը: Հայաստանն այսօր դարձել է Նոյեան տապանի պէս մի բան, որտեղից հեռանում են Արարատի որդիները: Եւ այսպէս կը լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դարձել ուժեղ, զարգացած և ժամանակակից երկիր: Առո՜ղջ երկիր:
Այդ յոյսն ու հաւատը իր մէջ պահում է ոչ թէ Հայը, ով ենթակայ է ամէն տեսակի ազգակործան գայթակղութիւնների, այլ` Հայի Հայը, ով, հակառակ պատմութեան հողմերի ու փոթորիկների, շարունակում է իր արմատները մխրճած պահել այս դժուար, այս չափազա՛նց դժուար, բայց առասպելական ու երանելի հողի մէջ…

***

«Պահմտոցի». Աշոտ Ալեքսանեան, գրականագէտ-բանաստեղծ

Մենք՝ հայերս, մեր բնույթը մակաբերում ենք մեզ պատուհասած դժբախտութիւններից և իրավիճակի ահաբեկչութեամբ պայմանաւորուած անելանելիութեամբ, որով էլ ներկայանում ենք ինքներս մեզ և աշխարհին: Մենք մեզ իբրև մանրավաճառ-փերեզակ ենք հրամցնում աշխարհին, աշխարհն էլ մեզ հետ վարւում է այնպէս, ինչպէս յարիր է շուկայական գնորդին. գին է գցում: Համաշխարհային թատերաբեմում մենք մեզ պահում ենք բոլոր մեր բախտակից փոքրաքանակ ու վտանգուած ժողովուրդների նման։ Վիզ ենք ծռում սրա-նրա առաջ՝ նախ ուշա­դրութիւն գրաւելու, ապա՝ դուր գալու, երբեմն էլ՝ խղճահարութիւն կորզելու համար: Մեր մեջ պակասում է աշխարհին ամբողջական հասակով ներկայանալու տղամարդկութիւնը (ինձ թող ներեն գենդերային հաւասարութեան ջատագովները), աշխարհ, որի առաջ մենք մեզ տեղաբնիկներ ներկայացնելով, մտաւոր քոչուորների տպաւորութիւն ենք թողնում։ Մենք քոչում ենք մի ծայրայեղու­թիւնից միւսը և երբեք հաստատակամ միանշանակութեամբ մեր ասելիքը չենք ասում. մանևրում ենք, սեթևեթում, ինքնախաբէութեան քմայքներին տրւում։ Կատարեալ պահմտոցի:
Մինչդեռ ինքնախաբէութեամբ դիմացինին շողոքորթելու հպանցիկ հմայքը միշտ էլ, մի գեղեցիկ օր, բացայայտուելու, դիմակազերծուելու վտանգին է ենթակայ: Մենք պէ՛տք է աշխարհին ցուցանենք մեր իրական դէմքը, մեր կոչուածութիւնը, ձգտումներն ու նկրտումները, որի համար հասարակական ու ազգային համերաշխութեան նշագիծը պէտք է մէկընդմիշտ յաղթահարած-նուաճած լինենք՝  Անեղծ սիրով անտեղիտալի միասնութեան պատուանդանին հետապնդումն մեր պահանջների:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին