Նոր Ծիլեր. Անդրանիկ Թովմասեան, 15 տարեկան
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Անդրանիկ Թովմասեանը իրաքահայերու շաբաթօրեայ վարժարանի նախկին սաներէն է. երեք տարի յաճախած է այս վարժարանը, դասատու ունենալով վաստակաշատ ուսուցչուհի Տիկ. Սվետլանա Օհանեանը։ Անդրանիկը շրջանաւարտ եղաւ շաբաթօրեայ վարժարանէն 2017-ին, իսկ 2018-2019 այս տարեշրջանին կը ծառայէ մեր դպրոցէն ներս որպէս վարժարանի տնօրէնուհի՝ Տիկ. Անահիտ Խաչատրեանի օգնականներէն մին։
Ան աշակերտ է Կլենտէյլի Clark Magnet երկրորդական անուանի վարժարանէն ներս։
Անդրանիկ Թովմասեան եղբօրը ծոռն է ՍԴՀԿ քսան կախաղան նահատակներէն Թովմաս Թովմասեանի։
Խ.Ճ.
Ես երջանիկ եմ, որ ծնուել եմ այնպիսի ընտանիքում, ուր հայերէն խօսելը առաջնային է։ Տառաճանաչ դարձել եմ տատիկիս օգնութեամբ, երեք տարի էլ սովորել եմ Իրաքահայ Միութեան «Հայ Ընտանեկան շաբաթօրեայ վարժարանում» (ղեկավար` Պրն․ Խաչիկ Ճանոյեան և տնօրէն՝ Ա․ Խաչատուրեան)՝ շրջապատուած լաւ ուսուցիչներով և աշխատակիցներով։ Գրում և խօսում եմ երկու լեզուով։ Մեզ յանձնարարուած էր արձակուրդի ընթացքում ցանկացած թեմայով շարադրութիւն գրել, ու․․․
Մի օր դուրս եկայ պատշգամբ և զգացի գարնան արևի տաքացնող ջերմութիւնը ու խոնաւ հողի բուրմունքը։ Յանկարծ լսեցի մեր ծառի վրայ բոյն հիւսած ծիծեռնակների ծլվլոցը ու յիշեցի, որ ամէն տարի աշնանը, երբ պապիկս չորացած տերևներն էր այրում, տատիկս պապիկիս խնդրում էր ծղօտները չայրել, որ գարնանը մեր ծիծեռնակները նորոգեն իրենց բոյնը։ Երբ նկատեցի, որ ծիծեռնակը իրօք շիւղեր էր փնտռում՝ բղաւեցի․ «Տատիկ, պապիկ եկէ՛ք, մեր ծիծեռնակն է եկել, ուզում է իր բոյնը նորոգել»։ Պապիկիս աչքերը ուրախութիւնից արցունքոտուել էին, իսկ տատիկս հրճուանքով մէկ ինձ էր նայում, մէկ՝ պապիկիս։ Պապիկս ձեռքը ուսիս դրեց ու տխուր ասաց․ «Է՛ բալես, սրանք վերադարձան իրենց բոյնը, իսկ մե՞նք․․․»։ Փաթաթուեցի պապիկիս, ասելով․ «Պապի՛կ ջան, ես շատ եմ ուզում, որ մենք էլ վերադառնանք Հայաստան, մեր տունը»։ Պապիկս աւելի յուզուեց, ժպտալով գրկեց ինձ ու ասաց․ «Իսկապէ՞ս տղաս։ Անդրանի՛կ ջան, հիմա ես զգում եմ, որ ինչքան մեծանում ես, այնքան խելացի ես դառնում։ Իհարկէ՛ կը վերադառնանք»։ «Ա՜խ, երանի շուտ գայ այդ օրը», ասաց տատս ու փաթաթուեց մեզ։ Ես խոստանու՛մ եմ, սիրելի տատիկ ու աշխատասէր Միսակ պապիկ ջան․․․






