ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Օգոստոսի տաք ամիս, անտարբեր անցնել հողի ընդերքից պայթած աղբիւրների մօտից ու սառնորակ ջուր չըմպել, անկարելի էր: Բեռնատարի վարորդը իւրաքանչիւր նման աղբիւրի մօտ կանգ առնում, բոլորը իջնում, ցածրանում ջրի հոսքի առաջ, ափերով ջուր ըմպում: Այդ անտառները իմ ծննդավայր Մուսա լերան խիտ ու մացառոտ անտառների նման չէին, այստեղ դժուար էր պատսպարուել ու կռիւ տալ թշնամուն: Մի քանի ժամուայ ընթացքից յետոյ բեռնատարները կանգնել էին ազերի-թուրքերով բնակեցուած Շուռնուխի գիւղին մօտիկ փայտամշակման գործարանի բանաւանի փայտաշէն երկար տների մէջտեղի հրապարակում: Ամբողջ աւանը ոտքի էր, կանչում էին՝ «Թազա Կալան» (Նոր եկած) հայեր են եկել: Այդ լեռնական հայերը այդպէս կոչեցին մեզ մեր ամբողջ կեցութեան ընթացքին, սակայն երբեք ոչ այնպէս, ինչպէս այլամերժ ու արհամարհական իմաստով անուանել էին եկող հայերին՝ մայր ոստանի ու այլ շրջանների շէների ու քաղաքների բնիկ հայերը…:
Ժամանակաւորապէս տեղաւորել գործարանի ակումբում, մինչեւ որ իւրաքանչիւր ընտանիքի յատկացրել մէկ սենեակ, որ հազիւ բաւականացնում անկողինները նրա յատակին փռելու: Գործարանի տնօրէնի կինը իմանալով հայրս բժիշկ է՝ նրան հարցրել արդեօք վասպուրականցի՞ էր, հօրն էր փնտռում որբացած, ծնողազուրկ հայ կինը, նա նորէն որբացաւ. . . : Ակումբում մեր կեցութեան ընթացքին գործարանի հաշուին կերակրեցին մեզ, մեր պատուին ժողովրդական գործիքների համերգ եղաւ, Գորիս քաղաքի խումբ էր, ասացին Գուսան Աշոտն է: Սայեաթ-Նովայի, Ջիւանու, Շերամի գուսանական աւանդոյթը շարունակող Գուսան Աշոտ, Զանգեզուր աշխարհի զաւակ, նրա երգի ու նուագարանների հնչիւնները, բանաստեղծական խօսքի հետ տիրել Հայաստան աշխարհին, նրանից դեռ շատ հեռուներ, տիրաբար մուտք գործել հայ հանճարների տաճար: Նրա երգը ու բանաստեղծական խօսքը իր ծննդավայրի հմայքը, Խուստուփի ու Բարգուշատի լեռների վեհութիւնը հաղորդել սերունդներին: Ինչքա՜ն փառաբանել իր աշխարհը, Աշոտ, փառք քեզի, քու երգի խոյեանքների արձագանգը քու հայրենի Զանգեզուրի հովիտներում ու լեռներում, Հայոց աշխարհում միշտ կը հնչեն: Աշոտ, քու աշխարհում հիմա անէացել է թաթարի ուրուականը: Պատիւն արժանաւորացն է, Աշոտ քեզի է, Արմին-հայերի լոյսի իմաստութեան հսկաներինն է:
Գործարանում աշխատանք էին առաջարկել: Ներգաղթածների բոլոր աշխատունակ անձինք համապատասխան աշխատանքի լծուեցին՝ հօրաքոյրս, մայրս, տասնըհինգ տարեկան քոյրս բանուոր եղան, հայրս՝ Լագիսեան աւագ Պօղոսի տղայ տոքթոր Արմենակը, որպէս նախկին զինուոր հրացանը ուսին գործարանի ելքի դարպասին պահակ կանգնել: Գործարանի տնօրէն արցախցի Եղիշէ Բալայանը, որպէս ուսեալ տղայ առաջարկել ինձ Գորիս քաղաքի գործադիր կոմիտէ գնալ՝ յարմար աշխատանքի ընդունելու: Ճանապարհով անցնող մի բեռնատարի վարորդին միջնորդել Գորիս քաղաք տանել ինձ: Նկատելով, որ օտար մարդ էի, բեռնատարի վրայ եղած մարդիկ հարցուփորձ անում ինձ եկած երկրիս մասին: Երեկոյեան մթին բեռնատարը Գորիս էր ժամանել, խնդրել էի մեզ հետ ճամբորդող մի տարեց կնոջ ուղեկցել ինձ քաղաքի հիւրանոց՝ «չեղաւ ասեց, մեր քաղաքում հիւրն Աստուծոյնն է» ստիպել իր հետ գնալ իրենց տուն գիշերելու: Բազմանդամ ընտանիք էին, սիրով դիմաւորեցին, հարցրեցին եկածս երկրի, տեղի ընկերային վիճակի, օտար երկրներից հայրենիք վեադարձի մասին: Յաջորդ առաւօտ, իր մանչի նման, քսաներկու տարեկան տղային ձեռքիցս բռնած… տարել քաղաքային գործադիր կոմիտէ, ներկայացրել գործկոմի նախագահ՝ Կարապետեանին, խնդրել ինձ ու մեր ընտանիքին աշխատունակ մարդկանց աշխատանքի տեղաւորել: Երբեք չեմ մոռացել այդ այնքան բարի կնոջը, չեմ մոռացել նաեւ Կարապետեանին, որի բարի միջնորդութեամբ ինձ Շուռնուխ գիւղի դպրոցում անգլերէն լեզուի ուսուցիչ նշանակել, հայր տոքթոր Արմենակին հիւանդապահ ու պատասխանատու շրջակայ վեց գիղերի բուժական կեդրոններին: Ես էլ՝ որպէս լեռնականի զաւակ, սիրում եմ նրանց, նրանք բարի ու հիւրընկալ են, իրենց լեռներին պաշտամունք ունեն: Նրանք քաջ են, անվեհեր, հայրենասէր, իրենց լեռներին փարած, միշտ պատրաստ նրանց պաշպանութեան համար թշնամու դէմ կռուի ելնելու: Այդպէս էին եղել Սասնայ ծռերը, մուսալեռցի լեռնականները, Զէյթունի արի մարդիկ, սասունցիները, զանգեզուրցիները:
Գործարանում զարմացել էին մեր ճշդապահութեանը ու աշխատասիրութեանը: Մի քանի ամիս յետոյ բնիկները հօրիցս պարտքով դրամ էին խնդրում: Մեր հանդէպ տածած բարձր յարգանքի, հաւատարիմ ու բարի վարքի պատճառով, իրենց տներից բացակայութեան ատեն, ապահովութեան համար ինձ կամ հօրս խնդրում իրենց տներ գիշերել: Շրջակայ գիւղերի հայ ու ատրպէյճանցիներ նաեւ յարգանք տածում տոքթոր Արմենակի նկատմամբ, նրան միշտ գլխաբաց տեսնելու համար «Պաշը աչըգ տոքթոր» այսինքն՝ «Գլաբաց տոքթոր» էին անուանել: Շուռնուխիի դպրոցը, անգլերէն էի դասաւանդում, հայերի ու ատրպէյճանցիների առանձին դասարաններ էին, որոշ չափով թուրքերէն լեզուի իմացութեամբ, նրանց դասարաններում էլ էի դասաւանդում: Տնօրէնը՝ Մուրթուզ ու ուսմասվարը ազերի էին: Բնականոն յարաբերութիւններ էին հայերի ու նրանց միջեւ, եղբայրս՝ Շուռնուխիի Նուրի անունով տարեկից մի ազերիի հետ էր մտերմացել, այն շարունակուել էր երկար տարիներ: Չեմ մոռացել դպրոցի ազերի մի ուսուցիչի այն հարցումը, «Պօղոս, արտասահմանում էլ ասում են, որ երկիր մոլորակը կլոր է ու արեւի շուրջն է պտտւում»: «Խելքին աշեցէք», երբեք զարմանալի չէ, նրանք անցեալում ու հիմա էլ ցնդաբանում են, ուսման մէջ էլ ոչ առաջադէմ: Երեւան տեղափոխուելուց յետոյ էլ տնօրէն Մուրթուզը այցելում էր ինձ:
***
Աշուն էր, ոսկի աշուն, վառւում էր Զանգեզուրը, նրա ալեծուփ լանջերի կրակի ծովերը հոսում մինչեւ Շուռնուխի, քամին նրա կայծերը տանում հեռուներ: Խաբկանքով թէ վախով մտել անտառներ, կոխել գետինը, ունկնդրել նրա խշվշալի անուշ հնչիւնը:
1948 Դեկտեմբեր 31, «Նոր Տարի»ն էր գալու Շուռնուխի: Ընթրում էինք, տխուր էր նոր տանը: Ոչ մի տօնական պատրաստութիւն, ո՞րտեղից էինք գնումներ անելու, գործարանային խանութում ոչինչ…: Նոր տարուայ ձմեռ պապը հաստատ մեր տուն չէր գալու, ի՜նչ իմանար Արմենակի ընտանիքն ո՞ւր էր հանգրուանել…: Գլխահակ մտորում էր տանտիկին Զարուհին: Իրենց կորցրած երկրի տնում մի քանի օրեր շարունակ պատրաստում էր տարբեր ձեւերի բոկեղներ, սիրուն ու համով «Պանիր հաց», փիլաւ, սեղանին չիր ու չամիչ, իրենց ընկուզենի ծառից ընկոյզ, Վաքըֆի իրենց պարտէզից նարինջ ու մանտարին: Այդ երեկոյ Եօղունօլուգի գիւղամիջեան ճանապարհի հրապարակում խարոյկ էին վառում, դաբնի երկար ոստերի կանաչով զարկում էին կրակին, կանաչն էր վառւում, անուշ բոյրով լցնում եկեղեցին ու գիւղը: Արմենակն էր զարկել կրակին, խարոյկի բոցերից ափով կայծեր հաւաքել՝ տարել Զարուհիի կարմիր այտերին շաղ տուել: Խարոյկ, կրակ, իրենց հին աստուածների պաշտամունքի յուշն էր, հազար-հազար դարերից հասել Մուսա լերան լանջերի գիւղեր, եկեղեցիներում կրակ վառել, մոմի կրակի լոյս, մօտեցել նրան՝ ափերով լոյս քաղել, ողողել իրենց երեսները, ակները սրբել նրա լոյսով: Արմինները պաշտամունք էին նուիրել լոյսին, կրակին, աստուածացրել, Արա կոչել այն:
Արմենակի զաւակները արթուն էին, սպասում էին հայրը նուէրներ կը բաշխէր իրենց, ո՞րտեղից…: Արմենակ հայրը տան դռան սեմի փոքրիկ պատշգամբ ելել՝ աղմկում էր բանաւանը…: Արմենակ փոքրերին գրկած, մեծերի հետ ելել իրենց տան առաջի բացատ: Շարք էին կազմել, հօրաքոյր Նեկտարը Զարուհի հարսի հետ Մուսա Լերան իրենց գիւղի շուրջ պարի երգերն էին թնդացնում, պարում էին մեծ ու փոքր, դողում էր բանաւանը, նրա բնակիչները եկել հաւաքուել նրանց շուրջ բոլորը, ծափ էին տալիս, նմանակում նրանց պարի շարժումները, իրենք էլ շարքեր կազմած Մուսա լերան պարն էին բռնել: Շուռնուխիի լանջին լուսինն էր իջել, այնքան մօտիկ, կարծես ահա գալու էր մեզ հետ պար բռնելու: Պարի շարքին միացել գործարանի տնօրէնի Վասպուրականցի կինը, այնպէս էլ պարում, կարծես Մուսա լեռցի լինէր, զարմանալու չէր՝ Արմին-հայերը բոլորը Հայկական Սրբազան Լեռնաշխարհից էին: Բանաւանի մարդիկ էլ Զանգեզուրի իրենց պարերը կատարեցին, պար ու երգ, Բանաւանը նման Նոր Տարի, երբեք չէր տօնախմբել, «Թազա կալան» հայերի հետ պարեցին, երգեցին մինչեւ որ արեւը իր առաջին շողերը կը փռէր Զանգեզուրի անտառների երեսին: Զարուհին խնդրել էր Արմենակին, իրենց երկրի սովորութեան նման, նոր տարուայ առաջին օրը եկեղեցի գնային: Արմենակ, զարմացած նայել նրան,
– Զարուհի, այս երկրի Երեւան մայր ոստանից հարաւ ոչ մի գործող եկեղեցի, մոռացել էին իրենց Աստուծոյն, իրենց հաւատքը, երկիրը չէր արտօնում…:
Զանգեզուրում Արմենակի տան առաջին գարունն էր: Հազարամեայ ծառերն էին սկսել փթթիլ, լեռների լանջերն էին կանաչ զուգուել: Անտառում ծաղկում էին տանձենիները, սալորենիները, խնձորենիները որպէս սպիտակ նորահարսեր կանգնած անհամբեր սպասում գարնան տաքուկ հեւքին: Կարմիր ծաղկած հոնի տունկերն էին կրակի բոցերով շաղ տալիս, կարմիր ծաղիկները պիտի ընկնէին, նոր սիրուն ծաղիկներ արեւին պիտի բացուէին, մայրանային, կարմիր հոներ ժպտային արեւին: Գործարանի տնօրէնը թելադրել էր բանուորական աւանի տարածքում հող մշակել, բարիք ցանել: Նա ո՞րտեղից իմանար, որ մենք հողի զաւակներ էինք, հող էինք մշակել մեր հայրենի Մուսա լերան աշխարհում, Շամիրամի պարտէզներ արարել: Ես ու հայրս այնքա՜ն-այնքան լոլիկ, լուբիա, կաղամբ, գետնախնձոր հողի կուրծքին տուինք, ինչքան որ ցանել էին գործարանի ամբողջ աշխատողները: Այդ անձուկ տարիների ամրանը, ձմրանը, յաջորդ գարնանը սնուեցինք զանգեզուրեան աղբիւրների պաղ ու մաքրամաքուր ջրով սնած հողի բարիքներով:
Շար. 2






