ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Բոլոր ազգերում կան մարդիկ, որոնք ընդգծում, շեշտում, պնդում են մայրենի լեզուի բառերի, միմիայն բառերի անաղարտ պահելու մասին։ Որտեղի՞ց է ծագում այդ մտահոգութիւնը։ Նրանք չեն արծարծում ուղղախօսութեան, հնչիւնաբանութեան, ձևաբանութեան, շարահիւսութեան, դարձուածաբանութեան, ոճաբանութեան, բարբառագիտութեան ու հնչերանգի հարցերը, նաև դրանց ուսուցման և դասաւանդման եղանակները։
Յիշում եմ անցեալ դարի պարսկերէնի բառապաշարի նկատմամբ երեք մօտեցում։ 1.- Պետական հաստատութիւնների և բանակի մօտեցումը, որոնք ըստ հարկի օգտագործում էին նախաիսլամական ժամանակաշրջանի բառեր։ 2.- Արևմուտքում ուսումն առած մասնագէտների մօտեցումը, որոնք անկաշկանդօրէն, առատօրէն օգտագործում էին իրենց ծանօթ լեզուների բառերը, դարձուածները։ 3.- Աւանդական, կղերական դասի մօտեցումը, այդ դասի բառապաշարում լի էին արաբերէնի հին և նորակերտ բառեր։ Ես պատանեկան տարիներին որոշեցի իւրացնել եօթներորդ դարի արաբերէնի լեզուագրական այն տարրերը, որոնք անհրաժեշտ են արդի պարսկերէնի համար, առանց այդ տարրերի չի կարելի գրել, դասախօսել։ Փաստօրէն հնդիրանական պարսկերէնն ու սեմական արաբերէնը շաղկապուել են միմեանց հետ։ Դա պատմութեան անխոհեմ թելադրանքն է։ Մի ցաւալի գուցէ զաւեշտական ճշմարտութիւն՝ իրանցիները քերականութիւն չեն սիրում։
Գիտեմ մի գաւառեցի աշխատաւորի, որը երկու տասնամեակ միայն բառեր է սերտում և ոչ լեզուի վերը նշած այլ բնագաւառները, որոնք նոյնպէս անուշադրութեան են մատնւում մեծամասնութեան կողմից։
Մի անգամ ներկայ էի մի գրողի հանդիսաւոր միջոցառմանը, երբ մի անձնաւորութիւն, որին վերապահուած էր խօսել օրուայ հերոսի մասին չմոռացաւ նաև նշել հատ ու կենտ «անհարկի» բառեր, որ նկատել էր ինքը գրողի աշխատութիւններում։ Նրա պատասխան կարծիքը տուեց յաջորդ հիւրը։
Լեզուի մասին ճշգրիտ, արժէքաւոր դատողութիւններ կատարելու համար անհրաժեշտ է իւրացնել լեզուին վերաբերող գիտութիւնը։ Ինչպէս հիւանդութիւնների վերաբերեալ հաղորդումներ նախագծելու համար պէտք է լինել բժիշկ։
Լեզուի բառերի մասին արտայայտուելիս մարդիկ վերաբերւում են անհատական նախասիրութիւններից դրդուած կամ բիզնեսմենների ու կուսակցականների պէս հատուածային շահերից ելնելով։
Թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանն իր կրակոտ ելոյթներում արտաբերում էր «դուխով» բառը և այդպիսով մեծ տպաւորութեամբ էր համակւում ազգաբնակչութիւնը։ Արդեօք առանձնասենեակում ծուարած «բառագէտը» պէտք է խորհուրդ տայ, որ մեխանիկօրէն տեղադրի մի այլ բառ նկատի չունենալով առաջնորդի տարիների փորձը։
Ինչու պէտք է քիթներս խոթենք հեղինակների գործերում։
ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ






