ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Տարիների ներդաշնակ հերթագայութեամբ հեռանում են մեզնից ժամանակները՝ իրենց հետ տանելով պատմութիւններ ու ապրողներին աւանդելով միայն ծխացող յուշեր: Ու որքան էլ զօրաւոր է ժամանակը, միեւնոյն է, անկարող է ջնջել հայի գիտակցութիւնից ութսունութը, որն, արհաւիրք դարձաւ ու նրա կենսագրութեան յորձանուտներում մէկընդմիշտ դրոշմեց «աղէտի գօտի»-ին՝ որպէս մի դառը իրողութիւն:
Ինձ վիճակուած էր ծնուել ութսունիննի Դեկտեմբերին՝ երեւի որպէս ոխ ու վրէժ, իմ տեսակի գոյութեան ու շարունակութեան հրամայական: Ես չեմ տեսել Գիւմրիի պատուհասը, բայց ամէն անգամ, երբ պապիս կապտալուրթ աչքերը թացոտւում էին այդ ծանր յիշողութիւններից, ես էլ էի յուզւում: Յետոյ միայն պիտի բացայայտէի, որ մայրս հէնց այնպէս չէր երգում՝ «Քեզ համար նոր գարուն կը գայ…»:
Երեսուն երկար ու ձիգ տարիներն անդրդուելի համաբանութեամբ համբուրեցին ճակատը պատմութեան՝ էջերին դրոշմելով գոյութեան հաստատուն կնիքը հայի, որն ապրում է գոյամարտի սկզբունքով միայն: Վերջին երեսնամեակը պայքար էր բնութեան դէմ, պայքար էր՝ խռոված բախտից, բնութիւնից, Աստծուց: Ու էլի յաղթեց հայը՝ հպատակուած իր անժխտելի ճակատագրին: Ինչե՜ր միայն չտուեց Գիւմրին այս երկրաշարժին: Գիւմրի՜ն… Նա երկինքներին նուիրեց Շիրազ, Իսահակեան, Մհեր Մկրտչեան, բայց որքա՜ն ֆրունզիկներ նրանից խլեց հողը, քանի՜ Շիրազներ: Որքա՜ն մարդ
զոհուեց ու խեղանդամ մնաց ու որքանն էլ խեղուեցին իրենց կորստից: Սա այն հողն էր, որ գիւմրեցին չլքեց անգամ երկրաշարժից յետոյ: Սա այն հողն էր, որ գիւմրեցին չատեց: Ամէն բան խլեց այս հողը, բայց երեսուն տարի անց գիւմրեցուն գտնում ես դարձեալ այս հողի վրայ ծիծաղը շուրթերին ու ստեղծագործ, արարումով հարուստ:
Երեսուն երկար ու ձիգ տարիներ անց ի՞նչ է փոխուել սակայն. մեծ հայի մարգարէութիւնն իրագործուեց՝ նոր գարունն եկաւ, ու չնայած դրան, Գիւմրին դեռ կրում է իր ծանր խաչը: Երեսուն տարի անց դարձեալ տագնապ ու անվստահութիւն կայ հին ու նոր կառուցուող շէնքերի սեյսմիկ անվտանգութեան վրայ: Անգամ եթէ փորձենք ստուերել այն հոգեւոր խեղուածքը, որ բաժին էր ընկել երկրաշարժի գօտուն, մինչեւ օրս անլուծելի են մնում մարդկանց տնակային խնդիրներն ու սոցիալական կեցութեան հարցերը, որոնք, անշուշտ, ուշադրութեան են կարօտ: Կրթական, մշակութային, արհեստագործական, ճանապարհային ու արդիւնաբերական, առողջապահական, ջրամատակարարման, կազաֆիքացման, ճարտարապետական խնդիրների լուծմամբ միայն կը սպիանան գիւմրեցու մղկտացող վէրքերը, որոնք մնում են որպէս նիւթական ու շօշափելի յիշողութիւններ ա՛յն ութսունութից, ա՛յն Դեկտեմբերից… ա՛յն:
Գիւմրին կարօտ է մշակութային ու տնտեսական այն զարթօնքին, որից իրեն յատուկ զօրութեամբ պիտի ծիծաղի ու …
«Թէ Աստուած ժաժքից մեզ կարօտ պահէ
Գիւմրին աշխարհին ուխտի կը կանչէ»:
ՔԱՂՑՐԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Երեւան