ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-
Երկինքը՝ հանգիստ, աշխարհն անտարբեր…
Միայն արեւն էր փոքր-ինչ կուչ եկել,
Լուսինը ինչ-որ կասկած էր ծնել,
Աստղերն էլ շուրջը պար էին բռնել:
Մղձաւանջների ծանր գիշեր էր,
Խաւարը լոյսի տուտը բռնել էր,
Այգի ժպիտը խիստ բռնազբօս էր,
Լեռների սիրտը շատ անհանգիստ էր:
Գարնան բոյրերի պտղատու ծով էր,
Ու այդ ծովի մէջ՝ պտղի կախաղան,
Բիւր բողբոջների անհատնում երազ,
Երազների մէջ բողբոջաջարդ էր:
Խելագարների վայրի վոհմակ էր,
Խաժամուժ մտքի հիւանդ թելադրանք,
Կենսաստեղծ գոյի պղծուն վիժմունքի՝
Մեռնող սաղմերի կնիք չարակամ:
Դրուժ հաւատքի դասալքութիւն,
Վախածին մորթպաշտ երկրպագում էր,
Անհատն էր շողում, ինքնահերձ այրւում,
Մաս-մաս փրկութեան դոնորն էր դառնում:
Մորթուած ինքնութեան գլխատած երկունք,
Անմեղութեան սպանդ, պատուի բզկտում,
Սրբին սրբութեան հրկէզ խարանում,
Բնաջնջումի ամլածին ուխտ էր:
Արեւմուտքն էլի ձեռքեր լուացած
Ճղճիմահայեաց յաւակնոտ ուղտ էր,
Անզօրութիւնից խիղճը՝ արնաքամ,
Ջրի տարերքում լող տուող հունտ էր:
Երկինքը այսօր հանգիստ է նորից,
Ու աշխարհն էլի նոյնն է՝ անտարբեր,
Լուսինը միշտ էլ զոհն է խաւարի,
Աստղերն անհունում վրէժ են դարձել:
Խաչքարի շուրթից ցասում է բուսնել,
Մագաղաթներում արիւնն է ծաղկել,
Անշէջ կրակը որքան էլ այրուի,
Հողը սպասում է հատուցման ժամի:
Վէրքի մրմուռը փոխուել է խէժի,
Սպիներն ուղին են մեր ճակատագրի,
Թող նրանք ոչ թէ ողբեր ու կական,
Աչալրջութեան հիմքը թող դառնան:
Թող սերունդները շղթայ օղակեն
Գոյահաստատման հայ բջիջների…
Յաւերժի զարկում՝ հայածին գենի…
Ժամանակներում՝ արծուագահերի:
Խունկն ու մոմերը ջինջ հոգիներում՝
Սերունդները լուռ աղօթք են ծխում,
Բիւր արցունքները՝ կոկորդում ճզմուած,
Հարցականներ են՝ աշխարհի ուղղուած:
ՎԱՆՈՒՀԻ-ԼԻԱՆԱ ՍԱՀԱԿԵԱՆ
Ապրիլ 2018, Երեւան
***
ՁՕՆ ԱՐՑԱԽԻՆ
Անպա՛րտ է Լեռը Արցախ աշխարհի,
Զուա՛րթ է Սէրը Արցախ աշխարհի,
Սրտաչափ է այն ու բռունցքաձեւ,
Հպարտ ենք, Մե՛րն է՝ նման նշխարի:
Թէ Արցախ մտնես՝ որպէս բարեկամ,
Կը շողայ քո դէմ մարդ ու արեգակ,
Բայց թէ կամենայ թշնամին խուժել,
Կը զարկեն թէ՛ մեծ, թէ՛ ութ տարեկան:
Բիբլիական է. լեռներ են ու վանք,
Աստծոյ օրուայ հետ՝ արդար աշխատանք,
Դպրոց է գնում մանուկն ամէն օր,
Սուրբ Ամարասին, Մաշտոցին ի փա՜ռք:
Տառապափորձ է արցախցին, այո՛,
Սակայն ուժեղ է ամէն մի հայով,
Տուն է կառուցում, հիմնում է այգի,
Անցնելով ցաւի, յուշի վրայով:
Դեռ գարուններ են աւետեաց գալու,
Դեռ տաճարն են վեր բարձրանալու,
Ազատ Արցախը յաւերժ կը մնա՛յ –
Իր ներսում հայոց Ոգին կրելու…
ԱՐԱ ԱԼՈՅԵԱՆ
Ապրիլ 2018
***
ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ
Մեռնելո՛ւ Ապրիլ,
Անէծք մէկդարեայ քո գոյութեանը,
Խարան ու անէծք…
Քո խղճի գաւթում մահուան շորշոփ կայ,
Գազանից հեռու մարդացած գայլի
արիւնակոլոլ երախ կայ խղճիդ,
Աւերակ տներ ու… որբե՜ր, որբե՜ր,
Անէծք ու խարան,
Մեռնելու Ապրիլ:
Ապրելո՛ւ Ապրիլ,
Զօրութիւն եւ ոյժ քեզ վերապրումի,
Թէկուզեւ լացի, ցաւի, մղկուտի,
զօրութիւն եւ ուժ,
Որ հաւատացեալ քո սուրբ բերանով
Աստծուն հայհոյես…
Ու երես թեքես տոմարացոյցի այս ամսանունից,
Ու հրաժարուես քո գոյութիւնից,
Բայց ապրե՜ս, ապրես…
Զօրութիւն եւ ոյժ,
Ապրելու Ապրիլ:
Վրէժի՛ Ապրիլ,
Գոյութիւն եւ կամք,
որ զէնք ու մտքի զօրական դառնաս,
որ անէծք դառնաս մեղքի ճակատին,
որ դառնաս դաշոյն գաղափարների,
որ յղիանաս ոխակալ գոյով
ու ծլարձակման շիւեր նորոգես,
Երգե՜ս ու երգես,
Նեմեսիս Ապրիլ:
Վերյուշի՛ Ապրիլ,
Արարում եւ կեանք քո բազմադարեայ ոգեղէն եսին,
մորմոք ու ընթացք,
որ յուշարձանուես եւ խոյանք դառնաս կսկիծիդ ֆոնին,
Դառնաս էութեան, լինելութեան վսեմ օրինակ,
որ մեռնելուց զատ գիտէ վերապրել,
թէ՛ վրէժ երգել, յիշատակ յարգել,
թէ՛ յարատեւել
յիշում եւ արարք,
Վերյուշի Ապրիլ:
Պահանջի Ապրիլ,
Միութիւն եւ դարձ,
որ սապատ դառնաս պատմութեան մէջքին,
որ մեխուես դարի մեղաւոր կրծքին,
որ դաշոյն թօթուես,
որ աստանդական քո որդոց ժողվես ու տուն դարձնես,
պատմական իր տուն՝ իր սուրբ հայրենիք…
Պահանջ ու կորով,
Յաւերժի Ապրիլ…
ՔԱՂՑՐԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Երեւան, Ապրիլ 2016