Կիրակի, 27. 07. 2025

spot_img

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԱՄ 30 ՏԱՐԻ ԱՆՑ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ես պատից կախուած երջանիկ նկար էի: Ընտանեկան ամենապայծառ նկարներից մէկը, ով զարդարում էր ու ջերմ յիշողութիւներ պահում տանը: Ես վերջերս էի աւելացել սենեակում, նորեկ էի` ի նշան տանը նորածնի յայտնուելու պատուին… Եւ այսպէս ամէն օր ինչպէս նկարում էին ժպտում`հայրը գրկած երկու բալիկներին, տատիկը ուրախ ժպտալով, եւ մայրիկը փոքրիկ բարուրը գրկած… այդպէս էր նաեւ տանը, ինչ աշխուժութիւն էր տիրում, հայրիկը շտապում էր աշխատանքի, տատիկը չարաճճի բալիկներին արագ պատրաստում էր մանկապարտէզին, իսկ մայրիկը կենարար կաթով կերակրում էր նորածնին, իսկ տանը տարածւում էր տաք թէյի աննկարագրելի անուշ բոյրը:

Նոյն այդպիսի օրեր էր, երբ յանկարծ հնչեց մի ահեղ, խլացնող սարսափելի աղմուկ… ես վայր ընկայ… շուրջս ամէն ինչ մթնեց, մի խուլ լռութիւն տիրեց, քարացաւ ամէն բան… խուլ լռութիւն տիրեց, եւ յետոյ  աղմուկ, ամպրոպ ու ճիչ… Ես ցաւ էի զգում… բայց չէի հասկանում թէ ինչ է կատարւում շուրջս, թէ ինչու ինձ չէին վերցնում եւ նորից պատին փակցնում, ինչու էր լուռ ու անարձագանգ հոգատար մայրիկը, երբ այդպէս աղիողորմ աղերս արձակող ձայնով լացում էր մանկիկը: Զգում էի ծանր ժամեր եւ միայն գիշեր… կողքից լսելի հառաչանքներ, տնքոցներ… ողբ էր ամէն ուր, աղմուկ ու փնտռտուք… Օգնութիւն աղերսող ձայներ ամէնուր էին, բոլոր կողմերից եւ ոչ ոք չէր տեսնում ով է ում բարեկամը` այստեղ բոլորին էին իրար բարեկամ… Ես միայն լսում էի, ես նկար էի եւ չէի կարող ձայնել, իսկ փոքրիկի ձայնը նուազում էր ու դառնում արդէն անլսելի… Լսեցի ոտնաձայններ, դէպի մեզ եկող, մի յոյս արփնացաւ, բայց խրպոտ, տխուր ձայնով ասաց կենդանի որ ոք չկայ… իսկ այս կողմում ոչ ոք չկայ… ես տխուր ձայնով խնդրում էի օգնէք մանկիկին, նա այնքան փոքր է… զգացի խլրտոց, մէկը փորում էր… լուսաւորուեց արեւի լոյսով, որը աչք էր կուրացնում այդքան մթութեան մէջ մնալուց յետոյ… խելացի շունը առել էր բերանի մէջ մանկիկին եւ հեւում էր, փրկարարները մեր կողմ վազեցին… շոյեցին շան գլուխը եւ տաք ադեալով ծածկեցին փոքրիկին ով պայքարում էր կեանքի եւ մահուան համար… ինձ էլ նկատեցին, վերցրեցին, մաքրեցին փոշին ու լացակումած ասեցին, որ ես եւ նորածինն ենք փրկուել ողջ ընտանիքից… ես առաջին անգամ արտասուեցի… ընտանիքի  ամէն գեղեցիկ պատմութիւնը աչքերիս առաջ եկաւ, չէ որ ամէն օր ես լուռ հետեւում էի եւ նրանց հետ ժպտում, լսում նրանց երազանքների եւ նպատակների մասին… Մի բարի ընտանիք որդեգրեց փոքրիկին, ես չկարողացայ ասել նրա իսկական անունը, որով կնքուել էր… նրան այլ անուն տուեցին, այլ ճակատագիր… Փառք Աստծոյ ինձ չբաժանեցին փոքրիկից եւ կրկին իր սենեակում դրուեցի… մի գեղեցիկ անկիւնից ես հետեւում էի իմ սիրելի մանկիկի օրը, նրան պատմում հեռու օրերի հեքիաթը, որ այդպէս էլ նա չիմացաւ… բայց ամէն գիշեր քնում էր այդ հեքիաթը լսելով… հիմա մեծացել է, ուղիղ 30 տարեկան է դարձել իմ տղան եւ իր փոքրիկի առաջին քայերին է հետեւում նա… ես էլ իր ծնողների օրհնանքը փոխանցում այս օրհնուած, խելացի աչուկներով բալիկին եւ աղօթում որ յաւերժ շարունակուի, օրհնուի ու ուրախութեան ճիչերով լցուի գերդաստանը… գուցէ այդ ժամանակ  իմ ականջներից յաւերժ չքանայ այն աղմուկը, ողբը, ճիչը եւ լացը, որ արդէն 30 տարի ապրում է ականջներումս եւ նկարից ժպտացող իւրաքանչիւրի աչքերում…

ԹԵՀՄԻՆԷ ԱՒԵՏԻՔԻ ՂԱԶԱՐԵԱՆ

Մարտունի, 2018

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին