Կիրակի, 27. 07. 2025

spot_img

ԽՈԿՄՈՒՆՔ ԱՌ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Տարիների ներդաշնակ հերթագայութեամբ հեռանում են մեզնից ժամանակները՝ իրենց հետ տանելով պատմութիւններ ու ապրողներին աւանդելով միայն ծխացող յուշեր: Ու որքան էլ զօրաւոր է ժամանակը, միեւնոյն է, անկարող է ջնջել հայի գիտակցութիւնից  ութսունութը, որն, արհաւիրք դարձաւ ու նրա կենսագրութեան յորձանուտներում մէկընդմիշտ դրոշմեց «աղէտի գօտի»-ին՝ որպէս մի դառը իրողութիւն:

Ինձ վիճակուած էր ծնուել ութսունիննի Դեկտեմբերին՝ երեւի որպէս ոխ ու վրէժ, իմ տեսակի գոյութեան  ու շարունակութեան հրամայական: Ես չեմ տեսել Գիւմրիի պատուհասը, բայց ամէն անգամ, երբ պապիս կապտալուրթ աչքերը թացոտւում էին այդ ծանր յիշողութիւններից, ես էլ էի յուզւում: Յետոյ միայն պիտի բացայայտէի, որ մայրս հէնց այնպէս չէր երգում՝ «Քեզ համար նոր գարուն կը գայ…»:

Երեսուն երկար ու ձիգ տարիներն անդրդուելի համաբանութեամբ համբուրեցին ճակատը պատմութեան՝ էջերին դրոշմելով գոյութեան հաստատուն կնիքը հայի, որն ապրում է գոյամարտի սկզբունքով միայն: Վերջին երեսնամեակը պայքար էր բնութեան դէմ, պայքար էր՝ խռոված բախտից, բնութիւնից, Աստծուց: Ու էլի յաղթեց հայը՝ հպատակուած իր անժխտելի ճակատագրին: Ինչե՜ր միայն չտուեց Գիւմրին այս երկրաշարժին: Գիւմրի՜ն… Նա երկինքներին նուիրեց Շիրազ, Իսահակեան, Մհեր Մկրտչեան, բայց որքա՜ն ֆրունզիկներ նրանից խլեց հողը, քանի՜ Շիրազներ: Որքա՜ն մարդ

զոհուեց ու խեղանդամ մնաց ու որքանն էլ խեղուեցին իրենց կորստից: Սա այն հողն էր, որ գիւմրեցին չլքեց անգամ երկրաշարժից յետոյ: Սա այն հողն էր, որ գիւմրեցին չատեց: Ամէն բան խլեց այս հողը, բայց երեսուն տարի անց գիւմրեցուն գտնում ես դարձեալ այս հողի վրայ ծիծաղը շուրթերին ու ստեղծագործ, արարումով հարուստ:

Երեսուն երկար ու ձիգ տարիներ անց ի՞նչ է փոխուել սակայն. մեծ հայի մարգարէութիւնն իրագործուեց՝ նոր գարունն եկաւ, ու չնայած դրան, Գիւմրին դեռ կրում է իր ծանր խաչը: Երեսուն տարի անց դարձեալ տագնապ ու անվստահութիւն կայ հին ու նոր կառուցուող շէնքերի սեյսմիկ անվտանգութեան վրայ: Անգամ եթէ փորձենք ստուերել այն հոգեւոր խեղուածքը, որ բաժին էր ընկել երկրաշարժի գօտուն, մինչեւ օրս անլուծելի են մնում մարդկանց տնակային խնդիրներն ու սոցիալական կեցութեան հարցերը, որոնք, անշուշտ, ուշադրութեան են կարօտ: Կրթական, մշակութային, արհեստագործական, ճանապարհային ու արդիւնաբերական,  առողջապահական, ջրամատակարարման, կազաֆիքացման, ճարտարապետական խնդիրների լուծմամբ միայն կը սպիանան գիւմրեցու մղկտացող վէրքերը, որոնք մնում են որպէս նիւթական ու շօշափելի յիշողութիւններ ա՛յն ութսունութից, ա՛յն Դեկտեմբերից… ա՛յն:

Գիւմրին կարօտ է մշակութային ու տնտեսական այն զարթօնքին, որից իրեն յատուկ զօրութեամբ պիտի ծիծաղի ու …

«Թէ Աստուած ժաժքից մեզ կարօտ պահէ

Գիւմրին աշխարհին ուխտի կը կանչէ»:

ՔԱՂՑՐԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Երեւան

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին