Կիրակի, 27. 07. 2025

spot_img

ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Աւարտուեց Թաւշեայ յեղափոխութեան վերջին «ակորդը»՝ խորհրդարանական ընտրութիւնները։ Ինչպէս և սպասւում էր, յաղթեց «Իմ քայլը» դաշինքը, իսկ 20 տարի շարունակ իշխող Հանրապետական կուսակցութեան համակիր ընտրողները չկարողացան ապահովել իրենց նախկին ընտրեալներին ևս 5 տարի օգտուել «կերակրատաշտակից» և ամենակարևորը՝ այլևս նրանք զրկուած են «կոճակ» սեղմելու հաճելի պարտականութիւնից։ Խորհրդարանական աշխատանքներից զերծ մնացին նաև Դաշնակցութիւն կուսակցութեան անդամները, ովքեր երկար տարիներ ներկայացուած էին խորհրդարանում։ Աւելի քան մէկդարեայ պատմութիւն ունեցող կուսակցութիւնը, որը մշտապէս կառավարութեան կազմում էր, հիասթափութիւն ապրեց։

Հետաքրքիր է, որ հայկական միւս աւանդական կուսակցութիւնները՝ Ռամկավար Ազատական և Հնչակեան չեն մասնակցում խորհրդարանական ընտրութիւններին։ Ի՞նչ է որ նրանք չեն ցանկանում իրենց գաղափարները, տեսլականը ներդնել ՀՀ զարգացման ամրապնդման գործում։ Միգուցէ նրանց բաւարարում է միւս կուսակցութիւնների (իշխող) ծրագրային դրոյթները ՀՀ զարգացման վերաբերեալ։ Նրանք, կարծես, նիհրի մէջ են, չեն ցանկանում զբաղուել ՀՀ ապագայով։

Թւում էր, թէ աւանդական կուսակցութիւնները ՀՀ-ն անկախութեան հռչակումից յետոյ որոշիչ դերակատարումներ կ՚ունենան ՀՀ քաղաքական, տնտեսական, ռազմական և դիւանագիտական ոլորտներում, քանի որ մօտ մէկդարեայ փորձ ունէին։ Սակայն, ՀՀ-ում ստեղծուեցին նոր կուսակցութիւններ, որոնք կարողացան «գրաւել» ՀՀ քաղաքական միջավայրը։ Կարծում եմ, որ աւանդական կուսակցութիւնները յարմարուողական դիրք գրաւեցին ՀՀ քաղաքական պայքարում (իրենք դա աւելի ճիշդ կը շարադրեն)։ Նրանք չկարողացան ճշմարիտ քաղաքական ուղղութիւն ընտրել, մէկդարեայ պատմութեան ընթացքում չկարողացան զբաղուել հայութեան հիմնախնդիրներով՝ յատկապէս պահանջատիրութեամբ։

Խորհրդային Միութեան տարիներին՝ 70 տարի, ՀՀ-ը չկարողացաւ տարածքային պահանջների հարց բարձրացնել Թուրքիայի առաջ, ՀՀ-ն անկախացումից յետոյ էլ երեք նախկին նախագահներն էլ հրաժարուեցին պահանջատիրութեան հարցը օրակարգ բերել։ Նրանք յայտարարեցին, թէ առանց նախապայմանների յարաբերութիւններ կը հաստատենք Թուրքիայի հետ։ Սերժ Սարգսեանն էլ յայտարարեց․ «Ով տարածքային պահանջներ կը ներկայացնի, ես 10 րոպէ յետոյ կ՚ազատեմ նրան աշխատանքից»։ Բայց ներկայիս կառավարութիւնն էլ ի դէմս Նիկոլ Փաշինեանի յայտարարեց, որ Թուրքիայի հետ յարաբերութիւններ կը հաստատեն առանց նախապայմանների։ Մենք փոխանակ պահանջատէրի դիրքից խօսենք, դարձեալ դիւանագիտութիւն ենք «խաղում»։ Իսկ Թուրքիայի դիրքորոշումը յստակ է՝ նա չի ցանկանում յարաբերութիւններ հաստատել առանց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցի լուծման՝ առաջին հերթին, մեր կողմից ազատագրուած տարածքների վերադարձման պայմանով։

Ուրեմն, համոզւում ենք, որ ՀՀ-ը չի ցանկանում զբաղուել պահանջատիրութեամբ։ Եթէ ՀՀ-ը չի զբաղւում, սփիւռքը չի կարո՞ղ զբաղուել։ Իհարկէ, կարող է և պարտաւոր։ Չէ՞ որ սփիւռքն առաջացել է բռնի հայրենազրկութեան պատճառով։ Եւ դրա համար էլ պէտք է զբաղուել հայրենատիրութեամբ։ Այստեղ իրենց վճռական խօսքը պէտք է ասեն աւանդական կուսակցութիւնները։ Նրանց համար ճանապարհ է բացուած քաղաքական կողմնորոշում ձեռք բերելու համար։ Նրանք պէտք է լինեն առաջամարտիկները մեր պահանջատիրութեան՝ ազգային գաղափարախօսութեան իրականացման ճանապարհին։

ՀՀ-ն Սփիւռքի նախարարն իր խորհրդականի հետ միասին կազմել են «Սփիւռքի քաղաքականութեան ռազմավարական հայեցակարգ»-ի նախագիծ։ Հայեցակարգի հիմնական տեսլականը ուժեղ Հայաստան և ուժեղ սփիւռք ունենալն է։ Ոչ ոք դէմ չի այդ ուժեղացմանը, սակայն ուժեղ պետութիւն ունենալու համար աւելի մեծ տարածք է հարկաւոր՝ ուիլսոնեան Հայաստան, որն օրինական, իրաւական և իրատեսական խնդիր է, քանի որ «Իրաւարար վճիռ»-ը, որ կայացրեց Ուուտրօ Ուիլսոնը, անբեկանելի, անժամանցելի վճիռ է։ Այս պայմաններում, եթէ մենք ուժեղ պետութեամբ ենք ուզում հասնել մեր նպատակներին, պէտք է գիտակցել, որ մեր հարևաններն էլ են ուժեղանում, ովքեր աւելի մեծ հնարաւորութիւններ ունեն։ Այսինքն՝ այդ ճանապարհով յաջողութիւններ ակնկալելու համար երկար ճանապարհ է հարկաւոր անցնել։ Իսկ իրաւական հարթութեան վրայ խնդիրն աւելի արագ կարող ենք լուծել, հաշուի առնելով մեր տարածաշրջանում կատարուող աշխարհաքաղաքական իրադարձութիւնները։ Մենք պէտք է պատրաստ լինենք քաղաքական քարտէզի նոր ձևափոխմանը, որը կարող է կատարուել մօտակայ տարիների ընթացքում։ Այդ մասին աւելի մանրամասն կարող էք ծանօթանալ Ձեր խոնարհ ծառայի հրապարակումներից, որ կատարուել է լոսանճելըսեան թերթերում։

Սփիւռքը պէտք է մտածի իր ապագայի մասին, եթէ ցանկութիւն ունի։ Սփիւռքի նախարարի ներկայացրած ծրագիրը սփիւռքում ապրող հայերի համար է, որպէսզի նրանց աւելի ամուր կապի տեղի համայնքներին, տուեալ պետութեանը, որտեղ նրանք ապրում են։ Հայապահպանութեանն ուղղուած այդ նախագիծն աւելի շատ ուծացման խնդիր է լուծում, որովհետև գնալով աւելի շատ հայեր են դադարում խօսել հայերէն և չեն էլ ձգտում հայերէն կարդալ ու գրել։ Դրանք ապարդիւն գործընթացներ են, որոնց օգտակար գործողութեան գործակիցը շատ փոքր է։ Իսկ Մեծ Հայաստան ստեղծելով, այդ գործընթացների վրայ ծախսուող գումարները կարելի է ծախսել ներգաղթի վրայ՝ դէպի Մեծ Հայաստան։

ՀՀ-ում ստեղծուեց նոր խորհրդարան, մենք էլ սփիւռքում կարող ենք ստեղծել մեր խորհրդարանը՝ Վերնախորհուրդը (Սենատ)։ Այս գաղափարի իրագործման համար համացանցում արդէն մէկ տարի քննարկւում է Արևմտեան Հայաստան պետութեան Վտարանդի Կառավարութեան կողմից առաջարկուած տարբերակը, որը կարող ենք իրականացնել սփիւռքում։ Սփիւռքում ստեղծուած Վերնախորհուրդը պէտք է զբաղուի այն խնդիրներով, որով չի զբաղւում ՀՀ-ը։ Դրանք ռուս-թուրքական պայմանագրերի (Մոսկուայի և Կարսի), Կաղբիւրոյի որոշման չեղարկումն է և Ուուտրօ Ուիլսոնի «Իրաւարար վճիռ»-ի իրագործումը։

Միգուցէ ՀՀ-ը չի կարողանում զբաղուել այդ հարցերով։ Քանի որ սփիւռքն առաջացել է բռնի տեղահանութեան, կոտորածների՝ Ցեղասպանութեան հետևանքով, ուրեմն սփիւռքն է պարտաւոր զբաղուել իր պապենական հողերի վերադարձմամբ։ Ստեղծուող Վերնախորհուրդում կ՚ընդգրկուեն ճանաչուած, յարգուած, համայնքներում վստահութիւն վայելող մասնագէտներ՝ քաղաքագէտներ, իրաւաբաններ, տնտեսագէտներ և մտաւորականներ։ Նրանք պէտք է ընտրուեն հայկական գաղթօջախներում գործող բոլոր կազմակերպութիւններից, որպէսզի առաւել ընդգրկուն ներկայացուի սփիւռքը։

Ոգևորուած ՀՀ-ում նոր խորհրդարանի ձևաւորմամբ, սփիւռքն էլ պէտք է ստեղծի իր Վերնախորհուրդը, որը մեծ աջակցութիւն ցոյց կը տայ ՀՀ-ը արտաքին յարաբերութիւնների ոլորտում իր քաղաքականութիւնը ճիշդ՝ արդարացի կազմակերպելու համար։

 

 

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Լրագրողների միջազգային միութեան անդամ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին