Կիրակի, 27. 07. 2025

spot_img

ԶԱՆԳԵԶՈՒՐ

ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ

Քարէ արցունք է, քարէ ժպիտ

Քարէ ծաղկունքի քնքշանք է

Քարէ ամպրոպ է ու ծիածան է

Քարէ մագաղաթ, քարէ մատեան է

Երազներիս քարէ ծաղիկ ու քարէ հեքիաթ

Համօ  Սահեան

 

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Մեղմում էր արեւի կարմիր քուրան, նրա բոսոր ճառագայթները այլեւս չէին հրկիզում մեր ճանապարհի ուղին, հեռու լեռների լանջերին յենած, իր հնոցի հրաշափառ կարմիրն էր շաղ տալիս նրանց երեսին:  Սլանում էին երկաթուղու շարժակազմի բեռնակառքերը, շտապում հասնելու իրենց վերջնագծին: Բեռնակառքի ուղեկցողը բարձրաձայն կանչում, որ հատում էինք Խորհրդային Հայաստանի նո′ր սահմանը, այն սահմանը, որ գծուած էր աշխարհի թատերաբեմ ելած նոր գաղափարախօսութիւն ու նոր կարգեր կրող պետութեան ու իրենց բարեկամ թուրքի կողմից: Սեղմել էին Արմին-Հայ արի մարդկանց ցեղի  հայկազուն թագաւորների աշխարհների մի ափ հողի վրայ՝ «Քար» էին դարձրել հայոց սահմանները: Ինչքա՜ն սեղմեցին, այնքան ցեղի ուժականութիւնը հզօրացաւ, ադամանդացաւ: Արմին-հայի հանճարից ճառագած լոյսի, իմաստութեան, գիտութեան արեւները բոցավառուեցին, լոյսի հեղեղ անձրեւեցին հեռու՜-հեռու՜ աշխարհներ, աստղերի հետ խօսեցին, նրանց վար բերին իրենց Արա աստուծոյ լերան մի բլուրին: Կեղծապատիր, կարմիր զգեստ հագած խառնածին, խաշնարած անապատային գորշ գայլեր, առանց իրենց սահմանի, նոր սահմանների էին հաւակնել, թողել էին իրենց գարշապարի տակ առնել բնիկ, ազնուազարմ հին-հին ցեղեր ու ազգեր:

Հայ նոր գաղափարակիրները ասել էին՝ այլեւս ոչ մի սահման, աշխարհի մէկ վեցերորդի վրայ կայ միայն մէկ սահման: Արմինները, իրենց ծննդաբանական ժառանգականութեամբ հաւատացել էին խօսքի ճշմարտութեանը, բուռն էին հաւատացել, պաշտել տիեզերքի խորհուրդը գրկած հին ու նոր աստուածներին: «Նոր գաղափարախօսութիւն սոցիալիզմը, դեռեւս մարդկութեանը օգուտ չտուած, մեր տունը, մեր սահմանները քանդեց» պիտի աւետէր հայ բանաստեղծ՝ իմաստուն Աւետիքը: Տեսա՞ք, յետոյ ի՞նչ պատահեց:

Իրար զուգընթաց մետաղեայ սահուն գծերի վրայ սլացող գնացքի յոգնած անիւները կանգ էին արել: Վերջին կայարանն է, յայտարարեցին, Հայոց Սիւնեաց աշխարհի Բակուր Նահապետի Զանգեզուր գաւառի Ղափան քաղաք էինք ժամանել: Հայոց Կիլիկիայի ազատագրական կռուից եկած Հայկական կամաւորական լեգէոնի կապորալ, Լագիսեան գերդաստանի Պօղոս աւագի կրտսեր տղայ՝ Արմենակը, կնոջը, հինգ զաւակներին ու քրոջը ՀԱՅԱՍՏԱՆ էր բերել: Ղափան, հին Կապան քաղաքը Խուստուփ լերան ստորոտին, այդ լեռներում արի Նժդեհ Գարեգինը, ժողովրդային հերոսական պայքարի յաղթական կռիւներ մղել կարմիր հագած, դաւադիր հոգիները կարմիրով ներկած թաթար հրոսակների ու նրանց հովանաւոր կարմիր գլխարկներով զինուորների դէմ: Կռւում յաղթանակած Գարեգինը, պատգամ ուղղել Կարմիր հրամանատարին՝ «Ուժեղը նա չէ, որ մեծագոյն ոճիրը անուանել էր մեծ յեղափոխութիւն, քրէական տարրերին անուանել ռուսական մարատներ»: Ուժեղը Զանգեզուրի արի մարդիկ էին, իրենց  աշխարհը «Լեռնային Հայաստանի Հանրապետութիւն» հռչակել, մինչեւ կարմիր հայրենիքի՝ կարմիր տէրերը, չէին  յայտարարել, որ Զանգեզուրը Հայաստանի պետութեան անբաժան մասն է, չհեռացան, եթէ մնային…  բոլշեւիկները կը յօշոտէին նրանց:  Համաձայն իր կտակի, Խուստուփ լերան բարձունքին շաղ տուել կարմիր արգելափակոցում յանգած, մոխիր դարձած իր մարմինը, որպէսզի լեռը իր ձիւնապատ գագաթներին ամբարած պահէր իր յաղթական պայքարի կորովը:

Խուստուփ լեռ,  արարչութեան բազում տարրեր իր մէջ ամբարած, իր ստորոտի գոգաւորութիւնում գրկել է փոքրիկ մի քաղաք: Ադամամութ էր, լուսնկայ աղջնակը դեռ չէր հասցրել իր սպիտակ անուշ դէմքի ցոլքից ճառագած կաթնաթոյր լոյսը սփռել հազար գոյնի Զանգեզուրի լեռների վրայ: Մէկ շաբաթեայ ճանապարհի յոգնաբեկ մարմնի ոտքերով տոփեցինք Զանգեզուրի հողը. Սիւնեաց աշխարհի Սիսական Բակուր Նահապետի իշխանազունների, Դաւիթ Բէկի քաջերի յաղթական ոգիների հուրը սարսուռով լցրել մեր հոգիները: Ուղեկցողը ընթրիքի հրաւիրել մեզ, ժողովրդական գործիքների նուագախումբը մեր պատուին, մեզ համար դեռեւս անծանօթ մեղեդիներ էր հնչեցրել, զգում, ընկալում էինք հայոց երգի ելեւէջները, նուագարանների հնչիւնները: Ափսոս յոգնած էինք, որ զուարթանայինք,  երգի ոգին պայթէր մեր սրտերում, Արմենակ հայրը պարի ելնէր, պինդ տոփէր հայրենի երկրի հողը, այնպէս՝ ինչպէս, Մուսա լերան գետակի ափի Սօսի ծառի ստուերին ազգակիցների հետ իր պարը:

Արեգակի արդար լոյսի մեր առաջին առաւօտն էր, հոսող ջրի ծորակ կար երկաթուղու շարժակազմի բեռնակառքին մօտիկ: Սառնորակ ջրով երեսս ցօղեցի, ափերով ջուր ըմպեցի, մտաբերեցի, որ մի տասնամեակ առաջ վերջին անգամ ըմպել էի Մուսա լերան իմ հայրենի աղբիւրի անապակ ջուրը, ըմպել էի ժայռից բխած, ծննդավայր Եօղունօլուգ գիւղի Սագըզի ձորակի լագգըսենց անտառակի սրտից յորդացած՝ լագգըսենց Սարգիսի փորած աղբիւրի արցունքանման վճիտ ջուրը: Մօտիկ ձորից  վազում էր լերան բարձունքից ուժականութիւն հաւաքած պղտորած ջուրը, գահավէժ հոսք վերցրած, արագավազ յորձանքով շտապում ցած, քիչ անց հատելու նոր գծուած հայոց սահմանը, կենարար ջուր բաշխելու, ո՞ւմ… Հայոց լեռներն ու անտառները իրենց մէջ ամբարած ջուրը ցած էին հոսում՝ ումից զաւթուած դաշտերը ոռոգելու…: Պիտի կասեցնէին այդ ջրերի հոսքը, լցնէին ջրամբարներում՝ հայրենի ցորեանի դաշտերը, այգիները ողողելու, Շամիրամի պարտէզներ բարձրանալու: Երկու անծանօթներ մօտեցել էին բեռնակառքին, ուշադիր դիտել արդէն ցած իջած նոր հայերին: Մօտեցայ, նրանց ողջոյնեցի արեգակի լոյսով, հարց ու փորձ արեցին, ասացին՝ արդեօք չէի՞նք ցանկանայ իրենց բնակավայրում բնակութիւն հաստատել, խնդրեցի հայրիկիս համաձայնութիւնը: Մի բեռնատար մօտեցաւ բեռնակառքին, մեր սնտուկները ու կապոցները բարձեցինք: Խմբից եւս երկու ընտանիքներ միացան մեզ, մէկը՝ Յունաստանից ներգաղթեալ, միւսը Մուսա լերան Եօղունօլուգ գիւղից համագիւղացի՝ Ղամբարեան Աւետիս ու Եսայի եղբայրների ընտանիքները:

Բեռնատարների թափքերին բազմած, անցնելով Ողջի գետի կամուրջը, գնում  դէպի նոր բնակավայր: Կարճ ժամանակ անց առաջին գիւղամիջումն էինք՝ Արծուանիք գիւղ, Բարգուշատ լեռնաշղթայի արեւմտեան լանջին: Այդտեղ էր վերջանում լերկ լեռնալանջը՝ իր ահարկու զանգուածում ամբարած բազմամետաղների հանքանիւթի հազուագիւտ տարրեր: Կարմիր տէրերը այն անյագ շահագործում էին, կիսամշակուած վիճակով անդադրում տանում միութեան գործարաններ, որպէսզի նրա տէրը այն չկարողանար տեղում զտէր:

***

Մի առիթով ծանօթի տանն էի, խօսակցութեան ընթացքում միտք յայտնեցի, թէ ինչու համար Հայաստան աշխարհի մետաղական հանքերը այդքան յախուռն հետախուզում, շահագործում են, արդեօք յետագային այն հայ ժողովուրդին օգտակար չէ՞ր լինելու: Չէի ճանաչում խօսակիցներիս, նրանցից մէկը Մեղրի գաւառի կուսակցական շրջանային կոմիտէի առաջին քարտուղարը եղել, ուղղակի սպառնագին բղաւեց՝ «Ի՜նչ է, կարծում ես խորհրդային իշխանութիւնը փլուելո՞ւ է, առարկեցի, որ նման բան չէր «Միտք բանիս» իմաստը: Սխալուել էի, բախտաւոր էի, որ այն տեղեկացուած չէր եղել «Ազգային Ապահովութեան Կոմիտէի». արդէն մի անգամ նրանց կողմից զգուշացուած էի: Սակայն, այդ զրոյցից երկուտասնամեակ յետոյ, ընթերցողը իմանում է ինչ պատահեց այդ չարի կայսրութեանը, փլուեց, լաւ է նրա փլատակների տակ չմնաց Հայաստանը, կանուխ էին գնացքից թռել:

Ղափան, Արծուանիքից էր սկսում Բարգուշատի լեռնաշղթան, հսկայածաւալ ու ամեհի տեսքով լեռնազանգուած՝ Բարգուշատը, իր ծոցում ամբարած ունէր մոլորակի բազմաթիւ հազուագիւտ ու ցրուած մետաղների տարբեր տարրեր: Բարգուշատ, ամրանիստ ու տիրական  լեռնաշղթան Սիսական աշխարհն է իր ափին պահած, գնում Գեղամայ ծովի ջրերը պատնէշելու: Սեւանայ ծով՝ գեղամայ լեռներով գօտեպնդուած կապոյտ չքնա՜ղ գեղեցկուհի, աստղեր իրենց մէջքերնին պար բռնած «իշխան»ներ, երկնքից պոկուած մի անամպ կապոյտ կտոր, գիշերներին աստղերն էին  Հայոց հին աստուածների հետ այնտեղ իջնում՝ նրա սառնորակ ջրերում հովանում: Դարերով այնտեղ ամբարուած երկնքից իջած շաղոտ ջրերի կուրծքը պիտի պատռէին, նրա հանդարտ կոհակների հանգիստը խռոված, կատաղի յորձանքով ներքեւ հոսեցնէին՝ բազում ջրանիւներ պտտեցնելու, յանուն ինչի՝ պիտի ասէին գալիք սերունդները:

Արծուանիքի մօտակայքից սկսում են Զանգեզուրի փարթամ կանաչով զուգուած կուսական անտառները, բեռնատարները շնչակտուր հեւքով բարձրանում, ճանապարհը ուղղակի մխրճւում անտառների մէջ, անցնում ձորերով ու ձորակներով: Զանգեզուրում էինք,  ձորերից մէկում հինաւուրց վանքի վիթխարի զանգերի որոտագին ձայնի արձագանգն ունկնդրում, գաւառակի այդ տարածքը զանգերի երկիր՝ Զանգեզուր էին անուանել: Ուրիշ մի պատումի համաձայն, թշնամու մի զօրախումբ մօտեցել գիւղերի տարածք, ժողովուրդին զգուշացնելու համար վանքի զանգերն էին հնչեցրել, առաջնորդը ասել էր՝ «Զանգերը ի զուր են հնչում թշնամին մօտ է» , որից շրջանի անունը կոչել էին՝ «Զանգեզուր»:

 

Շար 1

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին