Կիրակի, 27. 07. 2025

spot_img

Պարտադրուած է ժպտալ Հատուած «Օջախիս երկրաշարժը» վիպակից

Սպիտակի երկրաշարժին 30-րդ տարելիցին առիթով

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- …Երևանի մանկական վնասուածքաբանութեան հիւանդանոցի բժիշկները վերջապէս հաստատեցին, որ որդուս կեանքին այլևս վտանգ չի սպառնում: Արդէն երկրաշարժի երրորդ օրն էր սկսւում:

Ես ճիշդ այն պահին վերադարձայ Սպիտակ, երբ փրկարարներն սկսել էին մաքրել կենտրոնում գտնուող մեր բազմաբնակարան շէնքի իմ բնակարանը: Նրանցից մէկն ինձ յանձնեց աղջկաս ջութակը: Միւսը, նկատելով յուզմունքս, մի կողմ քաշեց ինձ ու փորձում էր հանգստացնել, ասելով, որ կնոջս երէկ հանել են փլատակների տակից և տեղափոխել են Երևան: Մտքում տարակուսում էի: Չէի հաւատում, որ այս հսկայական քարակոյտերի վերածուած շէնքի փլատակներից որևէ մէկը փրկուած լինի: Մտածում էի՝ ստում է երևի, որ չխելագարուեմ… Իմ բարեկամներից մէկն էլ մօտեցաւ ու, ոչ այս, ոչ էլ այն.

– Սիրանուշը մեռել է: Դիակը Էջմիածնի բարեկամներիդ տանն է…

Նրա կոշտ ու կոպիտ, զգացմունքից զուրկ լուրը յայտնելու «հարուածը» սրտիս մէջ կարծես ինչ-որ բան կտրեց: Ոտքերս թուլացան: Ես չկարողացայ ոտքի վրայ կանգնած մնալ: Ինչ-որ մէկը նստեցրեց ինձ քարերի վրայ ու ամուր գրկեց, այդպէս պահելով երկար ժամանակ:

Տարիներ անց, յաճախակի մտաբերելով սրտախողխող այս մահագոյժի «բանբերին», մտածում եմ, թէ որքա՜ն մարդկային զգացմունքներից զուրկ ու գռեհիկ մարդկանցով ենք շրջապատուած մենք՝ նրբազգացներս: Դէ՝ հաստ ու բարակ, մի գին է: Վայ բարակ մանողներին…

…Քիչ յետոյ ուշքի եմ գալիս ու լսում, թէ ինչպէս են հօրս դիակը հանում ու դագաղ են փնտռում նրա համար: Այդ օրերին դագաղով թաղուելը երջանկութիւն էր համարւում… Ոչ մէկին դեռ յայտնի չէր, որ մայրս նոյնպէս զոհուել է: Փրկարարների հետ հօրս դագաղը գերեզմանոց տեղափոխելուց յետոյ ես ուղևորուեցի Երևան: Որդուս տեսակցութեան գնալու ճանապարհին ինձ «յաղթեց» ճշմարտութիւնն իմանալու մարմաջը և քայլերս ուղղեցի դէպի այն հիւանդանոց, որտեղ պէտք է կինս լինէր: Ընդունարանի պատերին փակցուած էին հիւանդանոց ընդունուած վիրաւոր աղէտեալների անունները: Կնոջս անունը երկար փնտռեցի: Չկայ ու չկայ: Մա՜րդ Աստծոյ: Աչքերիս դէմն էլ կարծես մառախուղ է կուտակուել: Թանձր ու անդուր մառախուղ, որի մէջով ոչինչ չեմ կարողանում նշմարել: Ինչ-որ մէկը կարդում է կնոջս անունը և ուրախացած բացագանչում.

– Երկրորդ յարկի ութերորդ հիւանդասենեակում է: Գնացինք,– ասում է կողքը կանգնած կնոջն ու շտապում վերև: Ես հետևում եմ նրանց: Գնում եմ դաժան իրականութեան հետ «առերեսուելու»: Ես ներս չեմ մտնում: Միջանցքից երկար ժամանակ նայում եմ մահճակալի մէջ կիսանստած կնոջս: Տեսնում եմ նրա աղաւաղուած ու այլափոխուած դէմքը, դատարկութեամբ լցուած աչքերը, գզգզուած ու անխնամ մազերը: Զգում եմ նրա ծանր շնչառութիւնը, նշմարում եմ աշխարհից անէացած նրա տեսքը…

Աստուա՜ծ իմ, ինչպէ՞ս ներս գնամ: Ինչպէ՞ս սփոփեմ փլատակների տակ երկու օր ու գիշեր «գերեզման մտած» իմ թանկագին էակին: Մխիթարանքի ի՞նչ խօսքեր գտնեմ ասելու դժոխքից «ազատագրուած» և այդ դժոխքում երկնային դրախտի բաժին դարձած մեր սիրելի աղջնակին կորցրած մօրը: Ինչպէ՜ս…

Ինչպէ՞ս…

Յիշեցի՜ թէ ինչպէս:

Մտաբերեցի իմ կուռքին՝ Վարդուհի Վարդերեսեանին: Հեռաւոր անցեալում, մի դրամայի բեմադրութեան մէջ, մահացու հիւանդին այցելելու համար բեմ էր մտնում ծաղկեփնջով և, բեմադրողի կամքին հակառակ՝ պայծառ ժպիտը դէմքին: Բայց… ողբերգութիւնը սրտում ու աչքերի մէջ թաքցրած:

– Թէկուզ ձևականօրէն ժպտալով: Բայց ժպիտը հիւանդի հոգու մէջ յոյս կը ներարկի, նաև՝ ապրելու հաւատ,– իր իւրօրինակ մեկնաբանութիւնն այս կերպ էր պատճառաբանում մեծանուն դերասանուհին:

…Ես ժպտալով ներս մտայ, թէև դանակ տաս՝ մի գրամ արիւն չէր կաթի… Մտայ կսկիծը սրտիս մէջ, ողբս պահ տալով հոգուս գաղտնարաններում:

Ես չսպասեցի, որ նա հասցնի ողբ ու կոծ անել: Փարուեցի նրան և սկսեցի համբոյրներս ցօղել դառնութեամբ լցուած աչքերին, վիրաւորուած ու արիւնլուայ դէմքին, ջարդ ու փշուր եղած ձեռքերին: Իսկ նա անարցունք ու սմքած աչքերով ինձ էր նայում անկուշտ ու երկար, կարծես ինքն իրեն համոզելով, որ ես կամ, տեսնում է ինձ: Որ ե՛ս էլ, քչերի պէս, փրկուել եմ իրենց փրկելու և ուժ հաղորդելու համար:

Յանկարծ նա երկու ձեռքով հաւաքեց պիջակիս օձիքն ու անձայն գոռաց.

– Սիրանո՜ւշս… Նրան թւում էր, թէ գոռում է: Այդպիսի «տարօրինակ գոռոց» ես չեմ լսել երբեք: Այն աւելի շատ խզուած շշուկի էր նման, որ միայն երազների մէջ է պատահում: Հոգեցունց, սոսկալի երազ, որից ազատւում են միայն… արթնանալով: Արդեօ՞ք սա էլ մի անգութ երազ չէր:

– Արթնացի՛ր, թանկագինս: Յանուն մեր փրկուած միակ որդու, արթնացի՛ր: Ես փրկել եմ նրան, դու էլ՝ ապրելու հաւատ պիտի տաս,– կնոջս գրկած, էլի ժպտալով ասում եմ:

Յանկարծ նշմարում եմ նրա աչքերի նախկին փայլից մի նշոյլ: Ոչինչ, որ ջարդուած ու կտոր-կտոր: Ուրեմն՝ կեանքը դեռ կանգ չի առել: Մենք պէտք է ապրենք ու ապրեցնենք մեր որդուն:

Կնոջս առողջութիւնն այնքան էլ բարւօք չէր: Մի քանի օրից կտրուկ վատացաւ: Բարեկամներիցս մէկին խնդրեցի հիւանդանոցում զբաղուել որդուս խնամքով և իմ սեփական նախաձեռնութեամբ կնոջս անմիջապէս տեղափոխեցի Մոսկուա:

…Սկլիֆասովսկու անուան հիւանդանոցում բազմաթիւ վիրաւորներ կային աղէտի գօտուց: Նրանց թւում՝ քրոջս որդին՝ Սամուէլն ու նրա կինը՝ Կարինէն: Իւրաքանչիւրն իր վիշտն ունէր, իր ողբերգութեան այրող ցաւն ու կսկիծը, իսկ միասին՝ փոքր-ինչ փարատւում էր այն:

 Մեր հիւանդասենեակ առաջինն այցելեց քրոջս որդին: Նրա վնասուածքները համեմատաբար թեթև էին: Անզուսպ հեկեկոցներով գրկախառնուեցինք: Այն դաժան ժամանակներում յաճախ կրկնուող երևոյթ էր դա՝ անկախ մտերմութեան աստիճանից: Երևի միմեանց սփոփելու ձև էր դարձել այն, ապրելու յոյս փոխանցելու միջոց, յարատևելու անխօս ցանկութիւն կամ էլ՝ ոգեկոչման արարողակարգ: Գուցէ… Իսկ, գուցէ աղէտից փրկուելու թաքնուած ուրախութիւնն արտայայտելու իւրօրինակ մի ձե՞ւ… Չգիտեմ:

Յաջորդ օրը, կէսօրից յետոյ, Սամուէլը շարժամահճակալով հիւանդասենեակ բերեց Կարինէին: Նրա ոտքը փշուր-փշուր էր եղել և Էլիզբարովի ապարատով հաւաքել, միացրել էին: Ցաւերից գալարուող Կարինէն ու կինս ժպտացին միմեանց: Կարծես պայծառ արևը դուրս եկաւ անվերջանալի թուացող մթութիւնից յետոյ: Ժպտում էին արտասուելով, մի փոքր էլ՝ ուրախացած, որ տեսնուեցին ու կարող են դէսից-դէնից զրուցել:

– Դու որտե՞ղ էիր երկրաշարժի պահին, Կարինէ,– հարցրեց կինս: Այս հարցը բոլորն էին տալիս առաջին անգամ իրար հանդիպելիս:

– Սամուէլի հետ մեր բնակարանում էինք: Յանկարծ այնպէս ցնցուեց տունը… Մենք դուրս շպրտուեցինք երրորդ յարկից… Քիչ անց մեզ Սամուէլի հայրը գտաւ ու տեղափոխեց Երևան: Իսկ դո՞ւ:

Կինս սկսեց պատմել: Բոլորս քար լռութեամբ լսում էինք:

– Ես էլ էի տանը, մերոնց հետ: Ես չհասկացայ, թէ ի՞նչ կատարուեց: Սիրանուշն ինձ փաթաթուեց և… Շէնքը կարծես օդ բարձրացաւ ու փլուեց: Երկու օր այդպէս թաղուած մնացի: Միայն դէմքս չէր ծածկուել քարերով ու հողով: Փլատակներից ինձ դուրս բերելուց երկու ժամ առաջ Սիրանուշս արդէն չկար…

Կինս մի պահ լռեց: Նրա աչքերը խոշորացել էին ու կարծես զայրոյթով լցուել: Ես փարուեցի նրան ու խնդրեցի շարունակել: Պատմելով վերապրած սարսափները, նա տառապանքը կը դատարկի սրտից: Յորդորս տեղին էր կարծես ու կինս շարունակեց.

– Ես փորձում էի ինքնասպան լինել, հնար չկար… Անընդհատ կրկնուող ցնցումների ժամանակ մարմինս սեղմում էին բետոնն ու քարերը և անընդհատ գոռում էի, օգնութիւն խնդրում: Գերեզմանային մթութիւն ու լռութիւն էր: Իմ գոռոցներին մէկ-մէկ վերևի յարկում ապրող տեգրակինս՝ Սվետլանան էր արձագանգում, թէ՝ հերիք է լաչառ ձէնդ գցես, շուտով մեր տղամարդիկ կը գան ու կ՚ազատեն մեզ այստեղից:

– Սվետլանա, քո տեղը ո՞նց է,– հարցնում եմ նրան:

– Բետոնէ սալը պատի հետ թեք ընկել է, ես էլ արանքը հանգիստ նստել եմ,- պատասխանում է նա:

Ես զայրացայ ու սկսեցի «կռուել» նրա հետ:

– Դէ քո վիճակը միշտ էլ բարւօք է եղել, ասում եմ: Ես միշտ շատ եմ տուժուել: Ա՜խ, մեռնո՜ւմ եմ…

– Դէ, մեռնում ես, մեռի՛ր: Դու ողջ աշխարհը ման ես եկել, իսկ ե՞ս…

– Ա՜խ, իրօ՛ք մեռնում եմ, Սվետլանա: Գոնէ կը կատարե՞ս վերջին խնդրանքս: Եթէ մեռնեմ, Գերմանիայից բերած գեղեցիկ շրջազգեստս ու «Լեդի Գաբոր» ֆիրմայի կօշիկներս կը հագցնես, լա՞ւ…

– Այ դա չեղաւ… թէ որ մեռար՝ աւելի լաւ է ես հագնեմ…

Հիւանդասենեակում բոլորը ծիծաղեցին: Կինս ու Կարինէն նոյնպէս: Կարծես կարօտած լինէինք «նորին գերազանցութիւն» ծիծաղին:

– Ես չէի պատկերացնում, որ տեգրակինները փլատակների տակ էլ կարող են նախանձել ու իրար հետ կռուել,– մեր հանդիպումն աւելի բարձր ծիծաղով «եզրափակեց» Սամուէլն ու շարժամահճակալով տարաւ Կարինէին…

Սպարտակ Մաթոսեան

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին