Չորեքշաբթի, 26. 03. 2025

spot_img

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ

ԱՒԵՏԻՍ ԲԱՅՐԱՄԵԱՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Նոյեմբերի սկզբին մենք դէպի անմահութիւն ճանապարհեցինք իմ կարծիքով բոլոր ժամանակների հայ անուանի տիտղոսաւոր մարզիկ՝ գիւմրեցի ծանրամարտիկ ԽՍՀՄ-ի սպորտի վաստակաւոր վարպետ (ԽՍՀՄ  սվվ) Յուրի Վարդանեանին։

Ես այդպէս եմ կարծում, որովհետեւ իմ «Հայկական մարզադարան» գրքի վրայ աշխատելիս, որի 2-րդ լրացուած հրատարակութիւնը լոյս կը տեսնի 2019-ին, ես շփուել եմ մօտ 4500 մարզիկների եւ մարզական աշխարհի  հետ առնչութիւն ունեցող անձնաւորութիւնների նուաճումների հետ։

Խօսենք թուերով եւ փաստերով։

Յուրան 1975թ. աշխարհի եւ Եւրոպայի երիտասարդական ախոյեան է դարձել, սահմանելով իր առաջին համաշխարհային մրցանիշը, նրան շնորհուել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը։

Նշենք, որ նա այս առաջնութիւնում յաղթել է ապագայ՝ 1976թ. Մոնթրէալի օլիմպիական խաղերի ախոյեան, պուլկարացի Յորդան Միտկովին։

1976թ. Յուրիի մարզիչ հօրեղբայրը Լենինականում հեռակայ մրցում է կազմակերպել Յուրիի եւ Մոնթրէալի օլիմպիական խաղերում հանդէս եկողներ՝ իր նախկին սան Վարդան Միլիտոսեանի (որն այդ ժամանակ մարզւում էր Յակոբ Ֆարաջեանի մօտ) ու պուլկարացի Յորդան Միտկովի միջեւ։ Հրաւիրել էր մարզական ղեկավարների, մասնագէտների, որոնք չեն եկել։ Այդ օրը, իր հարազատ քաղաքում, Յուրին երկամարտում ցոյց է տուել, 7,5 քկ. աւելի, քան Յորդան Միտկովը եւ 12,5 քկ. աւելի, քան Վարդան Միլիտոսեանը։

Օլիմպիական ախոյեան է դարձել Միտկովը, 2-րդ տեղը գրաւել է Միլիտոսեանը։

ԽՍՀՄ գաւաթի խաղարկութիւնում, նա կրկնել է Լենինականում ցոյց տուած արդիւնքը եւ մեծահասակների համար սահմանել 3 համաշխարհային նոր մրցանիշ՝ պոկում վարժութիւնում՝ 155,5 քկ. հրումում՝ 193 քկ. եւ երկամարտում 348 քկ.։

1976թ. Վարդանեանը երկրորդ անգամ դարձել է աշխարհի եւ Եւրոպայի երիտասարդական ախոյեան՝ 75 քկ. քաշում երկամարտում ցոյց տալով 335 քկ. արդիւնք։

1977թ. Յուրան առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ-ի ախոյեան, պոկում վարժութիւնում սահմանել համաշխարհային նոր մրցանիշ՝ 157,5 քկ.։ Այդ թուականին նա դարձել է նաեւ աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան 75 քկ. քաշում, երկամարտի՝ 345 քկ. (152,5+192,5) արդիւնքով։

Նա դարձել է հայաստանցի աշխարհի առաջին ախոյեանը ծանրամարտից, ԽՍՀՄ-ի սվվ։

1978 թ. յաղթել է Մոսկուայում կայացած «Բարեկամութիւն» մրցաշարում 82,5 քկ. քաշում, սահմանելով 2 համաշխարհային մրցանիշ՝ հրում վարժութիւնում՝ 210 քկ. եւ երկամարտում՝ 375 քկ.։ Եւրոպայի եւ աշխարհի ախոյեան՝ 82,5 քկ. քաշում երկամարտի 377,5 քկ. արդիւնքով։

1979թ. ԽՍՀՄ եւ աշխարհի ախոյեան, սահմանել է համաշխարհային 3 մրցանիշ՝ պոկում վարժութիւնում՝ 171 քկ. հրումում՝ 210,5 քկ. երկամարտում՝ 377.5 քկ. Եւրոպայի առաջնութեան 2-րդ մրցանակակիր, զիջել է պուլկարացի Բլագօ Բլագոյեւին։ ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ Սպարտակիադայի ախոյեան, (որը նաեւ ԽՍՀՄ ախոյեանի կոչում է) սահմանել է 5 համաշխարհային մրցանիշ՝ պոկում վարժութիւնում՝ 175,5 քկ. հրումում՝ 213 եւ 215 քկ. երկամարտում՝ 387,5 (175+212,5) եւ 390 քկ. (175+215)՝ Սոյն յաղթանակի շնորհիւ, Հայաստանի հաւաքականը գրաւել է 2-րդ տեղը՝ ՌԽԴՍՀ-ից յետոյ։

1980 թ. Յուրան դարձել է աշխարհի եւ Եւրոպայի առաջնութիւնների ախոյեան՝ «վրէժ»  լուծել Բլագոեւից։ Մոսկուայի օլիմպիական խաղերի եւ աշխարհի ախոյեան 82,5 քկ. քաշում։ Սահմանել է 5 համաշխարհային մրցանիշ երկամարտում՝ 400 քկ. (177,5+222,5)։ Միջին քաշային ծանրորդներից առաջինն է, ով նուաճել է 400 քկ.-ի բնագիծը։

1981 թ. ԽՍՀՄ-ի ախոյեան 90 քկ. քաշում։ Սահմանել է 3 համաշխարհային մրցանիշ, երկամարտում` 402,5 քկ., որը գերազանցում էր Դ. Ռիգերտի 5-ամեայ վաղեմութեամբ մրցանիշը։ Աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան 82,5 քկ. քաշում։ Հրում վարժութիւնում սահմանել է համաշխարհային մրցանիշ՝ 223 քկ.։

1978-81 թթ. ճանաչուել է աշխարհի լաւագոյն ծանրորդը։

1982 թ. ԽՍՀՄ-ի ախոյեան 90 քկ. քաշում։ Սահմանել է 4 համաշխարհային մրցանիշ, պոկում՝ 190 քկ. հրում՝ 225 քկ. երկամարտ՝ 415 քկ. լրացուցիչ մօտեցումով հրում վարժութիւնից՝ 228 քկ.։ Աշխարհի եւ Եւրոպայի առաջնութիւնների 2-րդ մրցանակակիր 90 քկ. քաշում (մրցել է վնասուած ծնկով), որից յետոյ նա ենթարկուել է վիրահատութեան։

1983 թ. աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան 82,5 քկ. քաշում։ Պոկում վարժութիւնում սահմանել է համաշխարհային նոր մրցանիշ՝ 180,5 քկ.։

1984 թ. Եւրոպայի առաջնութեան 2-րդ մրցանակակիր։ «Բարեկամութիւն-84»ի մրցաշարի յաղթող՝ Վառնայում 82,5 քկ. քաշում։ Սահմանել է 5 համաշխարհային մրցանիշ երկամարտում, այն հասցնելով 405 քկ.ի։ Այս արդիւնքով նա անկասկած կը լինէր 1984 թ. Լոս Անճելըսի օլիմպիադայի ախոյեան, որտեղ յաղթողի՝ ռումինացի Պետեր Բեչերուի երկամարտի արդիւնքն էր 355 քկ.։ Յիշեցնենք, որ սոցիալիստական երկրները բոյկոտեցին եւ չմասնակցեցին այդ օլիմպիադային։

Այստեղ նշենք, որ այդ արդիւնքով, Վարդանեանը Լոս Անճելըսի օլիմպիադայի ախոյեան կը լինէր նաեւ յաջորդ 3 քաշային կարգերում (90 քկ. քաշում ռումինացի՝ օլիմպիական ախոյեան Նիկու Վլադի երկամարտի արդիւնքն էր 392 քկ., 100 քկ. քաշում գերմանացի՝ Ռոլֆ Միլզերի երկամարտի արդիւնքն էր 385 քկ., 110 քկ., 139 քկ. կշռող՝ աւստրիացի Դին «Դինկօ» Լուկինի երկամարտի արդիւնքն էր 412 քկ.։

Այս արդիւնքները վերցուած են 1984 թ. լոյս տեսած David Wallechinsky-ի «The Complete Book of the Olympics» տեղեկատու գրքից։

Այստեղ առաջ ընկնելով նշեմ, որ Յուրան հանգամանքների բերումով 4 անգամ օլիմպիական ախոյեան չդարձաւ (նա կարող էր ախոյեան դառնալ 1976 թ. Մոնթրէալի, ախոյեան դարձաւ 1980 թ.՝ Մոսկուայի, ինչպէս նշեցինք կարող էր դառնալ 1984 թ. Լոս Անճելըսի եւ 1988 թ. Սէուլի օլիմպիական խաղերում)։

1988 թ. Սէուլի օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարում ռուս Իսրայէլ Արզամասկովի հետ Յուրին ցոյց էր տուել միեւնոյն արդիւնքը, բայց հաւաքականի մարզիչները, ինչպէս միշտ, նախապատուութիւնը տուել են ռուս մարզիկին, որը եւ դարձաւ օլիմպիական ախոյեան։

1985-ին, 7-րդ անգամ դարձել է աշխարհի ախոյեան (82,5 քկ. քաշում)։

1988-91 թթ. եղել է ծանրամարտի միջազգային դաշնութեան կոմիտէի անդամ։

Նա հայ մարզիկներից բոլորից շատ՝ 7 անգամ եղել է ԽՍՀՄ 10 լաւագոյն մարզիկների շարքում։

Տարբեր մրցաշարերում Յուրի Վարդանեանը նուաճել է 111 ոսկէ մետալ, սահմանել 43 համաշխարհային մրցանիշ (որոշ լրատուական միջոցներում նշուած էր, որ 1985 թ. սահմանել է 43 համաշխարհային մրցանիշ, որը սխալ է, պէտք է լինէր, մինչեւ 1985 թուականը), այն 4-րդ արդիւնքն է ծանրամարտում։

Նշենք նաեւ, որ Յուրին տեղից ցատկել է 3 մ. 35 սմ., 30 մ. վազքում յաղթել է երկրի ուժեղագոյն վազորդներին, 100 մեթր տարածութիւնը վազել է 11 վայրկեանում, մի անգամ թռիչք բարձրութիւնից ցոյց է տուել 212 սմ. արդիւնք։

Նա մահացաւ Լոս Անճելըսում 2 Նոյեմբերի 2018 թ.։

Լոս Անճելըսում, Գիւմրիում եւ Երեւանում կայացան սգոյ արարողութիւններ։

Յուրի Վարդանեանը առաջին մարզիկն է ով թաղուել է Երեւանի Կոմիտասի անուան պանթէոնում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին