Կիրակի, 27. 07. 2025

spot_img

ԿՐԱԿԻ ՄԻՋՈՎ՝ ՅՈՅՍԸ ՍՐՏՈՒՄ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ես չէի տեսել լացող տղամարդ: Բայց նա լալիս էր հոգու խորքից դառնութինը դուրս տալու, թէ ներսի ահռելի ցաւից ազատուելու յոյսով: Քանի որ իր աչքով էր տեսել մեռնող քաղաքներ:
1988: Երկրի շարժում: Հողի ճեղքուածք: Մարդկային կորուստ եւ աւեր, աւեր, աւեր…

1988-ի Դեկտեմբերի 7… մէկ օր անց:

Գիշերը սարսափների ու անյուսալի խաւարում: Երեխաներ երեք եւ հինգ տարեկան: Տղամարդը, որ շտապել էր օգնութեան երկրաշարժից տուժած շրջաններ` բնականաբար մենակ էր թողել կնոջը երեխաների հետ, ինչպէս տատս կ’ասէր «չոլերում» այսպէս էին կոչում տներից հեռու գտնուող նորակառոյցներին: Ոչ հանգիստ գիտէինք` ոչ խաղաղութիւն: Գիշերուայ երեքն էր:
Յանկարծ մի սահմռկեցուցիչ ձայն սողոսկեց ուղեղս:

– Վե՛ր կացէք, շո՛ւտ: Դո՛ւրս եկէք տներից: Սեւ շէնքից հաղորդել են, որ կրկնւում է: 
Տղամարդը բամբ ձայնով գոռալով անցնում էր թաղից թաղ`տեղեկացնելով մարդկանց, թէ իբր հաղորդել են: «Սեւ շէնք» կոչուածը Ալիխանեան եղբայրների հիմնած տիեզերական ճառագայթներ ուսումնասիրող լաբորատորիան էր, որ տեղակայուած էր Արագած լերան ստորոտին եւ բարձր հեղինակութիւն ունէր գիտական ծաւալներում: 

Արթնացրի երեխաներին: Խաւարն ու վախը խոչընդոտում էին` կողմնորոշուել: Իրականութիւնը այլ որակ ու մի տեսակ շօշափելի տեսք էր ստացել: «Կինը` վատառողջ` երեխաները խնամքի ու կարիքի մէջ»:

Մեր, ու մի հեռու հարեւանի տները իրարից բաժանում էր ձորը: Ահռելի, հուժկու ջրի աղմուկն ականջներիդ մէջ` վախի ու խաւարի հետ` ու դէպի իբրեւ թէ` փրկութիւն: Պէտք էր հեռանալ պատերից` դէպի ազատ տարածութիւններ: Լաց եղայ` դառը: Ե՜ս, որ այնքան ուժեղ էի` գիտակից, բայց եւ բարկացած` մեզ մենակ թողած տղամարդուն մեղադրելով: Իսկ նա շտապել էր օգնութեան: Խղճիս դէմ մի բան: Ձեռքի փոքրիկ ռադիոյից լսած բառակապակցութիւնը նորից գլուխ բարձրացրեց իմ մէջ` «բազմահազար զոհեր»: Օ՜հ… ո՜չ… ազատիր մտքից այս… Տէ՜ր: Գոռացի ու փակեցի ականջներս: Լաւ էր, որ խուլ լինէի: Բայց յանկարծ ձայներ լսեցի: Հակառակ կողմից մարդիկ էին շարժւում դէպի ձոր: Ես պահեցի շունչս: Երեխաներս լաց էին լինում: Կիսատ-պռատ հագուստներով` մի կողմում ցուրտն էր ու գետինը սառած, միւս կողմում կոտրուած ու վախեցնող իրականութիւնը, որ այնպէս անակնկալ յարձակուել էր հայ մարդու վրայ:

Հարեւանս մեզ օգնութեան էր շտապել` ձորն անցնելով: Առաւ երեխաներիս թեւերի տակ` խրուելով ու ելնելով դուրս եկանք ձորից: Նրա երեխաներն էլ երեքն էին: Կնոջ, սկեսրոջ, սկեսրայրի հետ իջեցրել էին նաև անկողիններ ու փռել սառած գետնին: Յետոյ կրակ վառեցին: Բայց անկրակ էին մարդկանց սրտերը: Երկրաշարժը Հայաստանում էր: Նրա արձագանգներն աշխարհի հայութեան սրտում…

Ինչ էր կատարուել: Քանի կեանք էր հարկաւոր, որ մարդկութիւնը կարողանար սառնասրտօրէն յիշել արհաւիրքը: 

Նոր տարի էր: Անբացատրելի տտիպ նոր տարի: Ես չէի տեսել լացող տղամարդ: Բայց տեսնում էի լացող աշխարհ եւ յիշողութիւն, ու ամրագրուել էր ապրելու կամքին…

ԼԵՆԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Բիւրական

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին