Դեկտեմբերի 14ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցաւ ՀՀ վարչապետի պաշտօնակատար տիար Նիկոլ Փաշինեանի հետ:
Ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետի պաշտօնակատարին բերեց իր շնորհաւորանքները Դեկտեմբերի 9ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների կազմակերպման առիթով, ինչպէս նաեւ ընտրութիւնների արդիւնքում պրն. Փաշինեանի գլխաւորած «Իմ քայլը» դաշինքի արձանագրած յաջողութիւնների առնչութեամբ: Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ ընտրութիւններին մասնակցած ՀՀ քաղաքացիների մեծամասնութիւնը վստահութիւն յայտնեց վարչապետի պաշտօնակատարին եւ «Իմ քայլը» դաշինքին` իր խաղաղ, ապահով եւ բարօր կեանքի կերտման յոյսերով եւ ակնկալիքով:
Երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման գործում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց անհրաժեշտութիւնը հասարակութեան մէջ, ազգային աշխարհասփիւռ կեանքում միասնութեան, համերաշխութեան եւ ներողամտութեան ոգու, փոխադարձ յարգանքի եւ հանդուրժողականութեան մթնոլորտի զօրացման եւ ազգային ներուժի համախմբման ի շահ հայրենիքի եւ դարաւոր ազգային իղձերի ու երազանքների իրականացման: Վեհափառ հայրապետն ասաց, որ այս ճանապարհին Հայոց եկեղեցին` հաւատարիմ իր առաքելութեանը, պիտի շարունակի իր ուժերի ներածին չափով եւ ողջ հնարաւորութիւններով ջանքեր գործադրել յանուն անկախ հայոց պետականութեան եւ ազգային միաբանութեան ամրապնդման:
Իր հերթին պրն. Նիկոլ Փաշինեանը շնորհակալութիւն յայտնեց Ամենայն հայոց հայրապետին ջերմ խօսքերի եւ բարեմաղթանքների համար` շատ կարեւոր նկատելով այցելութիւնները հայոց հոգեւոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
ՀՀ վարչապետի պաշտօնակատարն արձանագրեց, որ երկիրը թեւակոխել է կարեւոր մի փուլ, երբ առիթ է ընձեռուել վերաիմաստաւորելու հայոց պատմութեան շատ էջեր: «Յոյս ունեմ, որ այն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ պէտք է դառնայ մի իւրօրինակ ապացոյցն այն բանի, որ մենք մեր պատմութեան ընթացքում մեր ունեցած սխալներից եւ ընդհանրապէս մեր դժբախտութիւններից, անյաջողութիւններից եւ յաղթանակներից կարողացել ենք մի ընդհանրական եւ կենարար դաս քաղել, որը պէտք է կարողանանք ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան բարօրութեանը եւ ընդհանրապէս մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանը»,- ասաց վարչապետի պաշտօնակատարը: Պրն. Նիկոլ Փաշինեանն անդրադարձ կատարեց նաեւ արժէքներին եւ դրանց փոփոխման անհրաժեշտութեանը` ընդգծելով այս շրջափուլում սեփական եւ այլոց իրաւունքների, ազատութիւնների նկատմամբ յարգանքի կարեւորութիւնը:
Զրոյցի ընթացքում խօսուեց հայրենական եւ ազգային կեանքի զանազան խնդիրների եւ հայրենիքում ու Սփիւռքում եկեղեցու առաքելութեան մասին:
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը մաղթեց ՀՀ վարչապետի պաշտօնակատարին Աստծոյ զօրակցութիւնն ազգօգուտ եւ հայրենաշէն ծրագրերի իրագործման ճանապարհին: