ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Սիրելի՛ hայրենակիցներ, Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւը: Այս ընտրութիւններն ապրիլ-մայիսեան մեծ փոփոխութիւններից յետոյ Հայաստանի քաղաքական կեանքի կարևորագոյն իրադարձութիւնն են, որի արդիւնքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով: Իւրաքանչիւրիցս պահանջւում են բարձր պատասխանատուութիւն և գիտակցութիւն՝ ինչ պաշտօնում էլ լինենք, ինչ հնարաւորութիւններ էլ ունենանք: Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատուօրէն շարունակէ՛ք ձեր օրինական պարտականութիւնների և սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հաւասար ու օրինական ընտրութիւններն այլևս մեր նոր պատմութեան անբաժանելի մասն են։ Դիմում եմ ընտրութիւններին մասնակցող քաղաքական կուսակցութիւններին և դաշինքներին. յոյս ունեմ, որ մեծագոյն պատասխանատուութեամբ էք մօտեցել ձեր քաղաքական յայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևաւորմանը: Դրանք ուղենշելու են Հայաստանի յետագայ զարգացման ճանապարհները:
Հաւատարիմ եղէ՛ք ձեր դաւանած արժէքներին, միևնոյն ժամանակ, յարգալից ու բարեկիրթ՝ միմեանց նկատմամբ։ Գալիք ընտրութիւններում յաջողութիւն եմ մաղթում մասնակից բոլոր քաղաքական միաւորներին: Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղէ՛ք պահանջատէր, լսէ՛ք բոլորին, որպէսզի տեղեկացուած և գիտակցուած կերպով կատարէք ձեր ընտրութիւնը։ Կայացրէ՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժէքներին համապատասխան: Յիշէ՛ք, որ բոլորիցս և իւրաքանչիւրիցս է կախուած Հայաստանի ապագան։ Աստուած պահապան Հայաստանի Հանրապետութեանը, Արցախի Հանրապետութեանը, ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին:






