ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶՐՈՅՑ ԼԵՒՈՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- … Էս ի՞նչ արեցիր եղբայր պատուական, քո արածը քո դուրն եկա՞ւ… 60 տարուայ ընկերոջդ, հարազատ դարձած մարդուն կարելի՞ է այսպէս մենակ թողնել: Լա՜ւ, հասկացանք, ես մի կերպ կը ներեմ քեզ, բա միւսնե՞րը, հարիւրներն ու հազարները, որոնք կարօտ են մնալու քո` մանկան միամտութեամբ եւ պարզութեամբ արտայայտուող մտքերին, քո կատարումներին, քո խմբավարութեանը եւ, եւ, իհարկէ` քո հոմերական ծիծաղին: Արդեօ՞ք` դու Հոմերոսի Աստուածների միջեւ անցկացուող ծիծաղի մրցումներին ես մասնակցել…: Այսինքն` հնարաւոր է, այդպէս էլ պիտի լինէր, որովհետեւ ամբողջ կեանքիդ ընթացքին, 60 տարի անընդմէջ ծառայեցիր Աստծոյ տանը` ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՆ:
Այնքան մտերմացար Աստծոյ հետ, որ մահուան անկողնում չթողեցիր բժիշկներին անորոշ ժամանակով երկարացնել երկրային կեանքդ եւ` զարմանալի, միանգամայն թարմ ուղեղով, շուրջիններիդ համար լսելի ձայնով ասացիր` «Թողէք, թողէք ես գնամ, Աստուած ինձ կանչում է…»: Եւ այդ ամէնը ժպիտով: Եթէ ուժդ ներէր, վստահ եմ, քեզնից անպակաս հոմերական ծիծաղով ոտք կը դնէիր յաւերժութեան արահետին: Ինչո՞ւ արահետ եւ ոչ ճանապարհ որովհետեւ եզակի հողածիններին է Աստուած իր գիրկն առնում, իսկ դու այդ եզակիներից ես սիրելի Լեւոն:
– Է՜խ մաէստրօ,– կ՚ասէր համբաւաւոր երգչուհի Ալլա Պուգաչովան, դու դահլիճի 8-րդ կարգում չնստեցիր, քո տեղը բեմն էր, դաշնամուրի, երգեհոնի եւ դիրիժորական վահանակի առջեւ: Իհարկէ, եղան օրեր, որ դու որպէս ունկնդիր նստեցիր առջեւի շարքում, որպէսզի լսես քո շնորհալի աշակերտների եւ ուսանողների կատարումները: Հիմա ի՞նչ են անելու նրանք հապա երգիչ-երգչուհիները: Ի՞նչ ենք անելու մենք` «Սիփան» երգչախմբի անդամներս, Քալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան անդամները: Վերջերս դու թողեցիր եկեղեցին, որին ծառայեցիր ճիշդ եւ ճիշդ 60 տարի:
Քո աշակերտներն ու ուսանողները բառիս բուն իմաստով որբացան: Քո կենսախինդ բնաւորութեամբ, սրտմօտ մօտեցումով նրանց համար եղար հայր, պապիկ: Կոտրուեց «Սիփան» երգչախմբի ողնաշարը, մի խումբ, որի 40-ամեայ գոյութեան աւելի քան երեսուն տարուայ յաջողութիւնների առիւծի բաժինը քո անուան հետ է կապուած իմ սիրելի կրտսեր եղբայր: Մշտապէս խոնարհ, մշտապէս հաճոյակատար, մշտապէս տառացիօրէն անշահախնդիր, առանց ակնկալութեան մինչեւ երկրային կեանքիդ աւարտը կրեցիր քեզ բաժին ընկած խաչը: Այս երկար տարիների ընթացքում չեղաւ մի դէպք, որ մենք իրար չհասկանանք եւ կամ էլ մի թթու խօսք ասենք իրար: Մշտապէս փոխադարձ հասկացողութեամբ մէկս-միւսին լսելով, յանուն հայ մշակոյթի պահպանման ջանացինք անկարելին կարելի դարձնել: Մենք երկուսով ընտանիքի վերածեցինք «Սիփան» երգչախումբը, որի անդամները թեւաթափ եղած, ահա մէկ շաբաթ է գիշեր ու զոր հեռաձայնում են` իրենց ցաւակցութիւնները յայտնելու: Անդամներից մէկն էլ հարցնում է` «Բա ի՞նչ ենք անելու մաէստրօ, չէ՞ որ շուտով փորձերն ենք սկսելու մեր երգչախմբի 40-ամեայ յոբելեանի ծրագրի վրայ աշխատելու համար»: Ասա՜…, ասա Լեւոն ջան, ի՞նչ պատասխան տամ, ես էլ եմ թեւաթափ եղել: Պատասխան չունեմ բարեկամս: Ասում են անփոխարինելի մարդ չկայ: Քո կորստի փաստի հետ համահունչ չէ այդ ասացուածքը: Դժուար, չասելու համար անհնարին է լինելու առանց քեզ աշխատելը:
Ընդամէնը երկու-երեք տարի է որ, դարձեալ անշահախնդրօրէն, յանուն մեր բարեկամութեան, ձեռք մեկնեցիր Քալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան ձեռնարկները շէնացնելու համար: Գրողներն այնքան արագօրէն կապուեցին քեզ հետ, այնքան սիրեցին քեզ, որ այլեւս չեն պատկերացնում որեւէ ձեռնարկ` առանց քո ներկայութեան: Լաւ էր, որ 3-4 ամիս առաջ յատուկ խնճոյք կազմակերպեցինք քո պատուին: Սա էլ թող դիտուի որպէս վշտոտ հոգու մխիթարանք:
Որպէս տաղանդաւոր դաշնակահար-երգեհոնահար աշխատել ես մի քանի տասնեակ երգիչ-երգչուհիների հետ: Համբաւաւոր երգչուհի Գոհար Գասպարեանը մշտապէս աշխատում էր քեզ հետ: Խորհրդային ստուերոտ տարիներին երբ թռչունն անգամ չէր կարող հատել սահմանը, քեզ թոյլ տուին նրա հետ համերգների գնալ քո ծննդավայրը` Եգիպտոս եւ այլ երկրներ: Այստեղ, Լոս Անճելըսում, դու իսկական գանձ էիր մեր իրաւ երգիչ-երգչուհիների համար: Քո բացակայութիւնը երկար տարիներ զգալի կը լինի նրանց համար:
Քո ծառայութիւնը հայ եկեղեցուն վեր է ամէն մի գնահատանքից: 16 տարեկան էիր երբ նստեցիր Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգեհոնի առջեւ: 1961-ին ես եւ Մարիէտան էլ միացանք մասնագէտ երգիչ-երգչուհիներով նորովի համալրուած երգչախմբին: Նշանակում է` 60 տարի դու Հայ Եկեղեցու վաստակած ծառան ես եւ եկեղեցական երաժշտութեան փոքրաթիւ մասնագէտներից մէկը: Ափսոս, հազար ափսոս, որ պատկան մարմինների ուշադրութիւնից վրիպել է արժանի ձեւով գնահա-տելու քո ծառայութիւնը հայ երաժշտութեանն ու հայ արուեստին:
Վերջին 4-5 տարուայ ընթացքին յաճախ էինք խօսում քո յոբելեանը նշելու մասին, բայց դու, որպէս ծայրագոյնս համեստ անձնաւորութիւն, խուսափում էիր խօսել այդ մասին: Մի քանի ամիս առաջ, արդէն զայրացած ասացի «Էլ սպասել չկայ, ինքս եմ «Սիփան» երգչախմբի հետ կազմակերպելու քո յոբելենական երեկոն»: Բայց…, աւա՜ղ, ինչպէս ժողովուրդն է ասում` «Շաբաթը շուտ եկաւ Ուրբաթից…»:
Դո՛ւ, սիրելի՛ եղբայր Լեւոն, այն քչերից մէկն ես, որ հերոսաբար տարար անիմանալի չարչարանքներ եւ այնքան գիտակցութիւնդ տեղն էր, որ տղամարդավարի մտածեցիր`«Եթէ մեռնել կայ, խռխռալս ո՞րն է…» ու բարձրաձայն ասացիր` «Հայդէ՜, հեռու գնացէք, Աստուած ինձ կանչում է…»։
Բարի Ճանապարհ…






