«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ- Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հետ հանդիպած է մեր երկրի տարբեր ոլորտներուն մէջ գործունէութիւն ծաւալող գործարարներուն: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն կը տեղեկացնեն, որ հանդիպումը տեղի ունեցած է «Պիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրաւէրներ եւ լուծումներ» խորագրով: Իր ելոյթին մէջ վարչապետի պաշտօնակատարը անդրադարձած է Հայաստանի տնտեսութեան մէջ տեղի ունեցող գործընթացներուն եւ տնտեսական զարգացման հեռանկարներուն:
Նիկոլ Փաշինեան մասնաւորապէս նշած է.
«Հայաստանի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ,
Յարգելի գործարարներ,
Յարգելի հիւրեր,
ՀՀ նախագահը շատ ճիշդ նկատեց, որ մենք, ըստ էութեան, գտնուում ենք մեր երկրի զարգացման մի շատ կարեւոր փուլում, երբ քաղաքական յեղափոխութիւնը պէտք է տրանսֆորմացուի, կամ աւելի ճիշդ զուգորդուի տնտեսական յեղափոխութեամբ: Եւ իհարկէ, այս գործում մեր մեծագոյն դաշնակիցը, Հայաստանի մեծագույն դաշնակիցը գործարար խաւն է, եւ մենք յոյս ենք դնում մեր գործարար մարդկանց տաղանդի վրայ, որովհետեւ մի քանի անգամ ասել եմ, որ ինչպէս ամէն մարդ չէ, որ կարող է ստեղծել արուեստի գլուխգործոց, ինչպէս ամէն մարդ չէ, որ կարող է ճեղքում իրականացնել գիտութեան մէջ, այդպէս էլ գործարարութիւնը յատուկ տաղանդի կարիք եւ անհրաժեշտութիւն ունի: Համոզուած եմ, որ Հայաստանի Հանրապետութիւնում եւ, ընդհանրապէս, հայ ժողովրդի բազմաթիւ ներկայացուցիչներ տիրապետում են այդ տաղանդին, ընդ որում, ոչ միայն նրանք, ովքեր այսօր արդէն զբաղուում են դրանով, այլեւ մարդիկ, ովքեր ինչ–ինչ պատճառներով ձեռնպահ են մնացել Հայաստանում նման գործունէութեան ծաւալելուց: Մեր դերն է, որպէսզի քաջալերենք այդ մարդկանց, աջակցենք, նպաստենք, որպէսզի այդ տաղանդը լիարժէք բացայայտուած լինի:
Հիմա այդ նոր փուլը թեւակոխելուց առաջ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ եւ տեղեակ էք, որ այս ընտրութիւններում պատգամաւորի թեկնածուների թիւը, ովքեր նաեւ համարուում են գործարար, էականօրէն նուազել է, եւ դա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների արդիւնք է: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպէս Հայաստանում գործարարի կարգավիճակի նսեմացմանը նպաստող կամ գործարարի կարգավիճակը նսեմացնող գործընթաց: Հակառակը, մենք համոզուած ենք եւ ուզում ենք ու հասնելու ենք դրան, որ Հայաստանի Հանրապետութիւնում լինեն շատ աւելի մեծ թուով գործարարներ, այսինքն՝ արդիւնք ստեղծող մարդիկ, որոնց կարգավիճակն աւելին է, քան օրինակ՝ պատգամաւորինը, նախարարինը եւ պետական որեւէ պաշտօնեայինը:
Ընդհանուր առմամբ, չեմ ուզում, որ սա էլ մեկնաբանուի որպէս պետական պաշտօնեայի կարգավիճակի նսեմացում, ուղղակի կարծում եմ, որ մեր երկրի ապագան կառուցելու գործում շատ ճիշդ դերաբաշխում պէտք է արուի եւ, ընդհանրապէս, պիզնեսը, տնտեսութիւնը չպէտք է քաղաքականացուի եւ դա, կարծում եմ, բխում է բոլորի շահերից՝ ե՛ւ հանրութեան, ե՛ւ գործարար խաւի, ե՛ ւ արդիւնաւէտ կառավարման: Ուզում եմ ընդգծել, որ այն պրոցեսները, որոնց մասին ես առիթ ունեցայ խօսել նախորդ ամիս՝ Հայաստանի Հանրապետութեան ԱԺ–ում, սկսել են իրենց դրսեւորել: Եթէ յիշում էք, շատ էր քննարկուում, որ մեր երկրում տնտեսական ակտիւութեան ցուցանիշը Սեպտեմբերին անկում է ապրել, եւ ըստ էութեան, կառավարութեան մեկնաբանութիւնը հետեւեալն է. տեղի են ունենում բնականոն գործընթացներ, երկրի տնտեսութիւնը տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում եւ տեղի է ունենում տնտեսական կառուցուածքի փոփոխութիւն: Արդէն Հոկտեմբեր ամսուայ տնտեսական ակտիւութեան ցուցանիշները գալիս են վկայելու, որ իրավիճակի նման մեկնաբանութիւնը հիմնաւոր է, որովհետեւ Սեպտեմբերի անկումից յետոյ մենք Հոկտեմբերին 3 տոկոս տնտեսական ակտիւութեան ցուցանիշ ենք ունեցել: Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիւութեան ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի աւանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խօսքը գիւղատնտեսութեան եւ հանքարդիւնաբերութեան մասին է: Մենք Հոկտեմբերին ունենք արդիւնաբերութեան 8.1 տոկոսանոց աճ, որը տեղի է ունեցել արտադրութեան, այլ ոչ թէ հանքարդիւնաբերութեան հաշուին: Սա մեզ համար բաւականին լաւատեսական եւ ուրախացնող ցուցանիշ է, միեւնոյն ժամանակ, ի տարբերութիւն Սեպտեմբերի՝ Հոկտեմբերին ունեցել ենք արտահանման 12 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մեր կանխատեսած եւ բարձրաձայնած առողջացման պրոցեսները մեր երկրում տեղի են ունենում:
Իհարկէ, այս ամէնը չի նշանակում, թէ մենք մտադիր ենք անտեսել հանքարդիւնաբերութիւնը, կամ մենք չենք կարեւորում գիւղատնտեսութիւնը, բայց մեր առաջ յստակ խնդիր է դրուած, որ Հայաստանի Հանրապետութիւնում հանքարդիւնաբերութիւնը պէտք է տեղի ունենայ միջազգային լաւագոյն բարձր չափանիշներին համապատասխան եւ կանխատեսելի լինի շրջակայ միջավայրի եւ մեր երկրի ազգային ու տնտեսական շահերի պաշտպանութեան առումով: Եւ գիւղատնտեսութեան մէջ մենք մտադիր ենք լրջօրէն աջակցել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, այնպիսի տեխնոլոգիաների, որոնք որեւէ նեգատիւ ազդեցութիւն չեն ունենայ մեր գիւղատնտեսական արտադրանքի էկոլոգիական առումով մաքրութեան եւ ընդունելիութեան վրայ, բայց միեւնոյն ժամանակ մեր գիւղատնտեսութիւնն այդպիսի մեծ կախուածութիւն չի ունենայ, օրինակ՝ եղանակային պայմաններից եւ գաղտնի կերպով Հայաստան սպրդած վնասատուներից:
Մեզ համար շատ կարեւոր է նաեւ հետեւալը. վերջին ամիսներին շատ է խօսուում ներդրումների եւ ներդրումային ծրագրերի մասին: Անկեղծ ասած, ես այդ թեմային խուսափում էի անդրադառնալ եւ հիմա էլ առանձնապէս գոհ չեմ, որ պէտք է անդրադառնամ, որովհետեւ չեմ ուզում այս խնդրի մասին խօսել, քանի դեռ կոնկրետ ներդրումներն իրականութիւն չեն դարձել: Բայց հիմա, քանի որ մենք նոր փուլ ենք մտնում, ուզում եմ վստահօրէն արձանագրել, որ եթէ այն տնտեսական ներդրումային ծրագրերը, որոնց վերաբերեալ այս պահին արդէն կան շատ կոնկրետ պայմանաւորուածութիւններ եւ պարտաւորութիւններ, մեր պայմանաւորուած ժամկէտներում իրականութիւն դառնան, ապա արդէն յաջորդ տարի Հայաստանի Հանրապետութիւնը տնտեսական առումով բոլորովին նոր կարգավիճակ կ«ունենայ, որովհետեւ այդ մի քանի խոշոր ներդրումային ծրագրերն ի վիճակի կը լինեն ոչ միայն ամբողջութեամբ փոխել Հայաստանի տնտեսութեան կերպարը, այլ նաեւ նոր հորիզոններ կը բացեն մեր հետագայ տնտեսական զարգացման համար:
Եւ ես ուզում եմ յոյս յայտնել, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս հայութեան շրջանում այս ուղերձը շատ յստակ կը տարածուի: Մենք ուզում ենք եւս մէկ անգամ վերահաստատել, որ Հայաստանում սեփականութեան վերաբաշխում չի լինելու, սեփականութեան իրաւունքը երաշխաւորուած է, ներդրումների անվտանգութիւնը երաշխաւորուած է: Մենք յոյս ունենք, որ քաղաքական գործընթացները մեր գործարարներին կը քաջալերեն անելու նորանոր ներդրումներ, որովհետեւ, իսկապէս, ինչպէս քաղաքական յեղափոխութեան դէպքում, այդպէս էլ տնտեսական յեղափոխութեան դէպքում մեր ամենակարեւոր եւ աշխատող բանաձեւը ներառումն է, մասնակցութիւնը իւրաքանչիւր քաղաքացու, իւրաքանչիւր գործարարի շահագրգռուածութիւնն այդ յեղափոխութիւնն իրականացնելու գործին: Մենք յոյս ունենք, որ իւրաքանչիւր ոք, ով քայլ ունի անելու, անպայման կ«անի այդ քայլը, ընդ որում մենք յոյս ունենք, որ այդ պրոցեսին կը ներգրաւուեն նոր մարդիկ, նոր ուժեր եւ, Հայաստանի Հանրապետութիւնն իսկապէս կը դառնայ մի երկիր, որտեղ ոչ թէ խոշոր պիզնեսը փոքրանում է, այլ փոքր պիզնեսը դառնում է միջին, միջինը՝ խոշոր եւ այդպէս շարունակ: Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ երբեմն տպաւորութիւն է ստեղծուում, որ մենք, պայքարելով յանուն փոքր պիզնեսի, ուզում ենք այնպէս անել, որ այն յաւերժ մնայ փոքր եւ, պայքարելով ընդդէմ խոշոր պիզնեսի, ուզում ենք այնպէս անել, որ նա հնարաւորինս փոքրանայ: Մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսութիւնն իրոք լինի տեխնոլոգիական, արդիւնաբերական տնտեսութիւն, որն իսկապէս համապատասխանում է 21-րդ դարի չափանիշներին, հնարաւորութիւններին, հեռանկարներին եւ, ինչու չէ, որոշակիօրէն արձագանգում է այն մարտահրաւէրներին, որոնք կան մեր երկրի առաջ ՝ տնտեսական, քաղաքական նաեւ անվտանգութեան առումով:
Յարգելի բարեկամներ,
Մեր այս հանդիպումն անցկացուում է համահայկական կարեւորագոյն միջոցառման նախօրեակին: Ինչպէս գիտէք, վաղը Լոս Անճելեսում մեկնարկելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպուող հերթական հեռուստամարաթոնը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեր երկրի զարգացման համար ստեղծուած կարեւոր գործիքներից է: Այն կոչուած է միաւորել մեր ջանքերը եւ համախմբել մեզ միասնական ծրագրերի ու նպատակների իրագործման շուրջ:
Անցեալում առկայ բացասական երեւոյթները ստուեր նետեցին հիմնադրամի գործունէութեան, նրա հիմքում դրուած սկզբունքների վրայ եւ խաթարեցին նրա նկատմամբ եղած վստահութիւնը: Գործադիր տնօրէնիփոփոխութիւնը կոչուած էր վերականգնել հասարակութեան անհրաժեշտ վստահութիւնը հիմնադրամի նկատմամբ եւ այն վերստին դարձնել հայ ժողովրդի համախմբմանը ծառայող կառոյցի:
Իրականացուելու են սկզբունքային փոփոխութիւններ հիմնադրամի կառավարման գործընթացում՝ այն դարձնելով առաւել թափանցիկ, վերահսկելի, հաշուետու եւ արդիւնաւէտ: Այս փոփոխութիւնները շատ շուտով տեսանելի կը լինեն եւ կը ներկայացուեն հանրութեանը:
Վերափոխուելու է հիմնադրամի գործադիր մարմնի կառուցուածքը՝ ծրագրային բովանդակութեան մաքսիմալ արդիւնաւէտութիւնը եւ ծախսերի նպատակայնութիւնն ապահովելու համար:
Գտնում եմ, որ հիմնադրամը կարող է լուծել առանցքային այնպիսի խնդիրներ, որոնք այս պահին կառավարութիւնն առկայ ռեսուրսներով չի կարող լուծել: Այդ իսկ պատճառով կարեւորում եմ գործարար համայնքի աջակցութիւնը հիմնադրամին:
Այս տարուայ հաւաքուած գումարները ծառայելու են Արցախում խորքային հորերի ու կաթիլային ոռոգման համակարգերի զարգացմանը, Հայաստանում ենթակառուցուածքների զարգացմանը, դպրոցների արեւային էներգիայով սնուցման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը, բարձր տեխնոլոգիաների սթարթափերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդական ստեղծարար կենտրոնի հիմնմանը:
Հիմնադրամը գործելու է բացարձակ թափանցիկութեան եւ բարձր հաշուետուողականութեան սկզբունքներով: Մենք անելու ենք հնարաւորը, որպէսզի ձեր նուիրաբերած ամէն մի լումայ ծառայի իր նպատակին:
Եւ ի վերջոյ մեր գործողութիւնները վերջին ամիսներին հենց դրան էլ ուղղուած են եղել, որովհետեւ գիտէք հիմնադրամի տնօրինութեան շուրջ ստեղծուած իրավիճակը, կարծում եմ, բոլորիդ յայտնի է եւ այդ ժամանակ հնչում էին հարցեր՝ արդեօք պէտք էր այդ ամէնն անել թափանցիկ, հրապարակային, բոլորին հասանելի ձեւով: Կարծում եմ, որ այո, հենց այդպէս էլ պէտք է անել, որպէսզի բոլորի համար շատ յստակ լինի, որ Հայաստանի կառավարութիւնը որեւէ կերպ չի հանդուրժի թէկուզ մի լումայի ոչ ճիշդ օգտագործումը, որովհետեւ իսկապէս «Հայաստան» համահայկական հիմնադրանի գումարները հայութեան ջանքերով եւ քրտինքով հաւաքուած գումարներ են, եւ այդ գումարները պէտք է լինեն միանշանակ վստահելի ձեռքերում: Եւ մեր բոլոր գործողութիւններն ուղղուած են վստահելիութեան մակարդակը բարձրացնելուն, եւ որեւէ կասկած չկայ, որ մենք բոլոր միջոցները կը ձեռնարկենք հիմնադրամի գործունէութիւնն առաւել արդիւնաւէտ, առաւել թափանցիկ դարձնելու համար: Եւ ես յոյս ունեմ, որ այս գործողութիւնները եւ ընդհանրապէս այն մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում, իր արձագանգը կը գտնի հայութեան, նաեւ հայաստանցնիների շրջանում, եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական դրամահաւաքը կ«անցնի բարձր տրամադրութեամբ եւ մեծ արդիւնաւէտութեամբ:






