Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ Ի՞նչ է սպասւում Հայաստանի

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. –  ԱՄՆ նախագահ Տանըլտ Թրամփի՝ Իրանի նկատմամբ որդեգրած ռազմավարութեան շրջանակներում ուժի մէջ են մտել Իրանի նկատմամբ ամերիկեան ամենակոշտ պատժամիջոցները: 2018 թուականի Մայիսին ԱՄՆ նախագահը յայտարարեց, որ Ուաշինկթընը դուրս է գալիս միջուկային պայմանագրից և սկսում է Իրանի դէմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Օգոստոսի 6-ին ուժի մէջ մտաւ Իրանի նկատմամբ ամերիկեան պատժամիջոցների առաջին մասը, իսկ Նոյեմբերի 5-ին՝ երկրորդ: Միևնոյն ժամանակ, ԱՄՆ-ը սպառնում է երկրորդական պատժամիջոցներ կիրառել նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կը շարունակեն համագործակցութիւնն Իրանի հետ՝ զգուշացնելով, որ «Իրանի հետ պիզնես անողները չեն կարող աշխատել ԱՄՆ-ի հետ»: Նշենք, որ ԱՄՆ պատժամիջոցների թիրախում են յատկապէս Իրանի էներգետիկ և ֆինանսական ոլորտները:

Թրամփի քաղաքականութիւնն Իրանի հարցում էապէս տարբերւում է նրան նախորդած Պարաք Օպամայի ռազմավարութիւնից: Թրամփի վարչակազմը, որ մտադիր է կանխել միջուկային զէնք և հրթիռային համակարգեր ձեռք բերելու իրանական վարչակազմի բոլոր փորձերը, ինչպէս նաև չէզոքացնել Իրանի կառավարութեան ազդեցութիւնը տարածաշրջանում: Միացեալ Նահանգները Իրանին մեղադրում է նաև տարածաշրջանային երկրների գործերին «միջամտելու» և «ահաբեկչութիւնը» հովանաւորելու մէջ: Թեհրանի նկատմամբ ճնշումների համար որպէս գործիք այս փուլում դիտարկւում է պատժամիջոցների վերականգնումը և նորերի սահմանումը: Ընդ որում, այս հարցում ԱՄՆ-ը պահանջում է ողջ միջազգային հանրութեան աջակցութիւնը՝ յայտարարելով, որ ակտիւացնելու է տարածաշրջանի իր դաշնակիցներին՝ Իրանի շուրջ օղակը սեղմելու համար:

Հէնց սրանում էլ կայանում է գործընթացի գլխաւոր մարտահրաւէրը: Ամերիկեան սպառնալիքները յատկապէս մտահոգիչ են Իրանի հիմնական գործընկերների, ինչպէս նաև հարևան տարածաշրջանների համար: Թեհրանի նկատմամբ իրականացուող ամերիկեան քաղաքականութեան համատեքստում Իրանի անմիջական հարևանութեամբ գտնուող Հարաւային Կովկասը, այդ թւում նաև Հայաստանը, առանձնայատուկ կարևորութիւն ունի: Այս մասին է փաստում նաև Հոկտեմբերին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ճոն Պոլթոնի այցը տարածաշրջան:

Մասնաւորապէս, ԱՄՆ-ը մտահոգութիւններ ունի հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի յարաբերութիւնների առնչութեամբ, ինչը յստակ նշմարուեց ԱՄՆ նախկին դեսպան Ռիչըրտ Միլսի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ճոն Պոլթոնի վերջին յայտարարութիւններում: Մասնաւորապէս, ամերիկեան կողմը Հայաստանից ակնկալում է քննադատական յայտարարութիւններ Իրանի հասցէին, ինչպէս նաև աջակցութիւն տարբեր միջազգային կառոյցներում Իրանին առնչուող հարցերի քուէարկութեան ժամանակ:

Միևնոյն ժամանակ, երկրորդական պատժամիջոցներ կիրառելու ամերիկեան կողմի սպառնալիքները կարող են խոչընդոտներ ստեղծել յատկապէս էներգետիկ և ֆինանսական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցութեան խորացման համար: Միւս կողմից, ամերիկեան պատժամիջոցների փուլային վերականգնումը և դրա հետևանքով Իրանի տնտեսական ներուժի թուլացումը կարող է ազդել հայ-իրանական համագործակցութեան տեմպերի և համատեղ նախագծերի իրականացման վրայ:

Յատկանշական է, որ այս հարցում Հայաստանը բաւական բաց և թափանցիկ քաղաքականութիւն է վարում: Նոյն Ճոն Պոլթոնի այցի շրջանակներում հայկական կողմը յստակ ներկայացրեց, որ Իրանն առանձնայատուկ կարևորութիւն ունի Հայաստանի համար, և ՀՀ վարած քաղաքականութիւնն Իրանի նկատմամբ բացառապէս բխում է մեր կենսական շահերից:

Ընդ որում, նոյնը չենք կարող ասել հարևան Ատրպէյճանի մասին, որն, ընդհանուր առմամբ, դէմ չէ «հակաիրանական բլոկ» մտնելու գաղափարին՝ կախուած նրանից, թէ դրա դիմաց ինչ երաշխիքներ կ՚առաջարկեն ԱՄՆ-ը և Իսրայէլը: Ի դէպ, Ատրպէյճանն արդէն իսկ աշխոյժ քայլեր է իրականացնում այս ուղղութեամբ՝ հիմնաւոր կասկած առաջացնելով, որ անհրաժեշտութեան դէպքում Ատրպէյճանը կարող է բացայայտ պլացդարմ դառնալ Իրանի դէմ առանձին գործողութիւնների իրականացման համար: Մասնաւորապէս, ատրպէյճանական լրատուամիջոցների փոխանցմամբ՝ Ատրպէյճանը 2018 թ. Հոկտեմբերից դադարեցրել է Իրանի տարածքով գազի ներկրումը, որն իրականացւում էր Ատրպէյճանի, Իրանի և Թուրքմենստանի միջև պայմանաւորուածութեան շրջանակներում:

Հաշուի առնելով նախկին պատժամիջոցների ժամանակ Իրանի հետ արդիւնաւէտ համագործակցութեան փորձը, ինչպէս նաև այն հանգամանքը, որ առանձին դէպքերում ԱՄՆ-ը կարող է նաև բաւական ճկուն գտնուել իր դիրքորոշման մէջ (օրինակ, 8 երկրների համար բացառութիւն է սահմանուել իրանական նաֆթ գնելու հարցում)՝ կարելի է յոյս յայտնել, որ ճիշդ աշխատանքի պարագայում վերոնշեալ խոչընդոտները յաղթահարելի են: Հէնց այս տրամաբանութիւնից ելնելով՝ Հայաստանը հանդէս է գալիս իրանական ճգնաժամի շուտափոյթ յաղթահարման օգտին՝ կարևորելով տարածաշրջանում անվտանգութեան և կայունութեան ապահովումը և Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների կարգաւորումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին