ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի նախագահութեամբ, Հոկտեմբերի 20-ին, Քրեսենթա Հովիտի Սրբոց Առաքելոց Հայց. Եկեղեցում՝ Հոգևոր Հովիւ՝ Արժ․ Տ. Աւետիս քահանայ Աբովեանի և Ծխական խորհրդի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ճաշկերոյթ-հանդիսութիւն նուիրուած եկեղեցու հիմնադրման 30-ամեակին։ Այս առթիւ Սրբազան Հայրը տեսանիւթում իր շնորհաւորական խօսքն էր ուղղել ներկաներին և Հոգևոր Հովիւին։
Հրաւիրուած էին այն հոգևորականներն ու անդամները, որոնք 30 տարիների ընթացքում իրենց լուման էին ներդրել Ծուխի բարգաւաճմանն ու ծաղկմանը։ 1988 թուականին հիմնադրուած Ծուխը ունեցել է հինգ Հոգևոր Հովիւներ՝ Արժ․ Կոմիտաս աւագ քահանայ Շիրինեանը (այժմ հանգուցեալ), Արժ․ Տ․ Զաւէն աւագ քահանայ Տեմիրճեանը, Արժ․ Դաւիթ քահանայ Զելվէեանը (այժմ հանգուցեալ), Արժ․ Տ․ Յովսէփ աւագ քահանայ Յակոբեանը և ներկայիս Հոգևոր Հովիւ՝ Արժ․ Տ․ Աւետիս քահանայ Աբովեանը։
Հոգևորականներից ներկայ էին՝ Տ․ Շնորհք աւագ քահանայ Տէմիրճեանը Տիրամօր հետ միասին, քանի որ Տէր Զաւէնը հիւանդ էր, Տ․ Յովսէփ աւագ քահանայ Յակոբեանը երէցկնոջ հետ, Երէցկին Շուշան Զելվէեանը իր ընտանիքի հետ։ Ներկայ էր նաև Ծուխի առաջին Ծխական խորհրդի ատենապետ՝ Պրն․ Խաչիկ Ճանոյեանը իր տիկնոջ հետ։
Տէր Աւետիսի հանդիսապետութեամբ սկսուած ճաշկերոյթ-հանդիսութիւնը կազմակերպուած էր հրաշալի կերպով։ Տէր Հայրը ապակիով պատրաստուած եկեղեցու արձանով գնահատեց մի քանի ծառայողների։ Ապա ցոյց տրուեց մի տեսանիւթ, որը պատրաստուած էր շատ ճաշակով և լի յուշերով։ Ներկաներից ոմանք ելոյթ ունեցան պատմելով իրենց յուշերը։
Բոլորին վարձքը կատար։






