ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ուրբաթ, 19 Հոկտեմբեր 2018, երեկոյեան ժամը 7։00-ին Իրանահայ միութեան գրականութեան եւ արուեստից բաժանմունքը միութեան գրադարանի սրահում կազմակերպել էր գրական ձեռնարկ՝ Մշակոյթի օրուան նուիրուած։
Ծրագրի հաղորդավարն էր Անդրանիկ Ղարախանեանը, որն ամենայն հմտութեամբ կատարեց իր ստանձնած պարտաւորութիւնը։ Հայ մշակոյթի մասին խօսք առին Սարգիս Միրզայեանը, Շաքէ Եղիազարեանը, Էդիկ Հայրապետեանը եւ Ներսէս Տ. Մեսրոպեանը։ Պատշաճ երգերով հանդէս եկան շնորհալի երգիչներ Օննիկ Սիմոնեանը, Սագօ Նազարեանը, Արիս Մեհրաբեանը եւ Ատրինէ Միրզախանեանը։ Երգերին ընկերակցում էր անուանի դաշնակահար Սիմոն Սիմոնեանը, որ արժանացաւ բուռն ծափերի։ Արտասանեցին Սիւնէ Մինասեանը, Նինէլ Սիմոնեանը եւ Սուրէն Մինասեանը։
Հանդիսութեան աւարտին շնորհակալական խօսքերով հանդէս եկաւ վարչութեան անունով Կարէն Զարգարեան, որ գնահատելով հանդէսի կազմակերպիչներին եւ ծրագրի մասնակիցներին, ծաղկեփունջ յանձնեց նրանց։ Նշելի է որ այս առթիւ սրահի պատերը զարդարուել էին հայ գրողների, երաժիշտների եւ մշակոյթի գործիչների նկարներով, որոնք կազմել եւ խնամքով դասաւորել էր Սուրէն Մինասեանը, որի աշխատանքը բարձր գնահատուեց հանդիսականների կողմից։
Բացառիկ այդ երեկոն աւարտուեց երեկոյեան ժամը 9։00-ին։
ԹՂԹԱԿԻՑ






