Հոկտեմբերի 30ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով:
Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, ապա Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդութիւնը մաղթեց ԳՀԽ անդամներին եւ արդիւնաւոր ընթացք ժողովի աշխատանքներին:
Ժողովի առաջին օրուայ նիստերն որպէս ատենապետ վարեց ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը:
Քառօրեայ ժողովի օրակարգում քննարկուելու են համաձայն ԳՀԽ 16-18.02.2016 թուակիր ժողովի որոշման առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողովի գումարման, եկեղեցական կառոյցների վերակազմակերպման հարցերը, Եկեղեցու կառավարման արդիւնաւէտութեան բարձրացման ծրագրի ընթացքը, Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի 150ամեակի տօնակատարութիւնների ծրագրերը, ինչպէս նաեւ Հայոց Եկեղեցու Նուիրապետական Աթոռներին, թեմերին վերաբերող զանազան հարցեր, Հայրենիքում եւ Սփիւռքում ազգային կեանքը յուզող խնդիրներ:






