ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հնագէտ Բորիս Պիոտրովսկու «Ուրարտու» խորագիրը կրող աշխատութիւնը պարսկերէն է թարգմանել իրանցի հանրայայտ մտաւորական Էնայաթօլլահ Ռեզան։ Հեղինակն այդ գրքում, նաև հանդիսաւոր պարագաներում չի յայտնել Ուրարտական պետութեան առնչութիւնը հայ ժողովրդի հետ, թէպէտ այդ պետութիւնը ծագել ու գոյատևել է պատմականօրէն երկար ու ձիգ ժամանակաշրջան Հայկական լեռնաշխարհում։ Նոյն կարծիքին են նաև «Թուրքիոյ Հանրապետութեան» պաշտօնական մարմիններն ու տուրիստական գիդերը՝ ուղեվարները։
Յիշում եմ Թեհրանում մի գիտական ելոյթի ընթացքում պարսիկ դասախօսը պատմեց թէ Ատրպատականում կատարուող պեղումների ժամանակ հանդիպեցին Ուրարտական թագաւորութեանը վերաբերող բազում իրերի, սակայն չգտան պատկան մասնագէտներ դրանք յանձնել նրանց։
Պիոտրովսկու «Ուրարտու» գրքի պարսկերէն մէկ օրինակ ես յանձնեցի Երևանի պատկան թանգարանի տնօրէնին, երբ սփիւռքահայ ուսուցիչների կատարելագործման հերթական նիստերն էին կայանում Երևանում։
Ասում են, թէ Ուրարտական կամ Արարատեան թագաւորութեան պեղումներով զբաղուելը Հայաստանի Հանրապետութիւնում անկախութեան տարիների իշխանութիւնները եթէ ոչ պաշտօնապէս, բայց գործնականում խոչընդոտում են։ Դրա մասին թող վկայեն տեղի մասնագէտները։
Արարատեան թագաւորութեան մասին ես անձամբ ելոյթներ եմ ունեցել թէ՛ հայերէն, թէ՛ պարսկերէն լեզուով, նաև գրել եմ յօդուածներ։
ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ