ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. – Le Journal du Dimanche. Յաջորդ Ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու էք «Ազնաւուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հօր վերջին նախաձեռնութիւններից մէկն էր: Ի՞նչ կարող էք պատմել այս ծրագրի մասին: Ինչպէ՞ս այն ծնուեց: Ո՞րն է դրա առաքելութիւնը։
Նիքոլա Ազնաւուր. Այս ծրագրի գաղափարը հօրս մօտ ծնուել է տարիներ առաջ և մենք այն ձևաւորել ենք միասին: Նրա ցանկութիւնն էր կիսուել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերէնով, երաժշտութեամբ և կինոյով: Ինձ թոյլ տամ մէջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի խօսքերը. «Ֆրանսիական մշակոյթը կը շողայ Հայաստանում «Ազնաւուր» կենտրոնի միջոցով»:
Այդ կենտրոնի մի մասը նուիրուած կը լինի նրա արուեստին, բայց աւելի շատ ինտերակտիւ միջավայրի, այլ ոչ թէ աւանդական թանգարանի տեսքով: Կենտրոնի այցելուներին կ՚ողջունի հօրս ձայնը, որը կ՚ուղեկցի նրանց հօրս կեանքի ամենանշանակալի փուլերով` ծնողների արտագաղթից մինչև նրա յաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաև հանդէս կը գայ որպէս կրթական և մշակութային փոխանակումների, քննարկումների և ուսանելու վայր: Մենք մասնաւորապէս կենտրոնում կ՚առաջարկենք ֆրանսերէնի ուսուցման մեթոդ` հիմնուած հօրս ստեղծագործութիւնների տեքստերի վրայ:
«Ազնաւուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը կը ներկայացուի լայն հանրութեանը Հոկտեմբերի 11-ին (ներկայացուեցաւ – Խմբ.) Երևանում՝ Ֆրանքոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում, որն առաջին անգամ է անցկացւում Հայաստանում: Չնայած այն խոր վշտին, որ կենտրոնը պէտք է հանդիսաւոր բացեմ առանց հօրս, իմ պարտքն է յարգել նրա յիշատակը և անել ամէն ինչ, որպէսզի նրա տեսլականը իրականութիւն դառնայ:
Le Journal du Dimanche. Միասին դուք հիմնել էք «Ազնաւուր» հիմնադրամը: Կարո՞ղ էք ասել՝ ինչ հանգամանքներում է այն ստեղծուել, ինչպիսի՞ գործունէութիւն այն կարող է ծաւալել և որո՞նք են հիմնադրամի առջև դրուած նպատակները:
Նիքոլա Ազնաւուր. Հայրս խորապէս նուիրեալ մարդ էր: Մեծահոգութիւնն ու առատաձեռնութիւնը նրա կեանքի առանցքում էին ե՛ւ որպէս արտիստ, ե՛ւ որպէս մարդ: Գործը ու ժառանգութիւնը, որը նա թողնում է իրենից յետոյ, հսկայական է։ Հանրութիւնը յիշում է նրա նուիրուածութիւնը հայ ժողովրդին, որը նա ցուցաբերեց 1988 թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժից յետոյ, յատկապէս «Քեզ համար, Հայաստան» նախաձեռնութեան միջոցով: Նա հաւասարապէս ներգրաւուած էր նաև քաղցկեղի և ալզայմերի դէմ պայքարում, վերջերս մասնակցել է նաև Հայիթի երկրաշարժի զոհերին օգնութեան տրամադրելուն:
Մեծ պատիւ և մեծ հնարաւորութիւն է վառ պահել հօրս յիշատակը հիմնադրամի միջոցով: Ցանկանում եմ ընդգծել, թէ որքան զգացուած եմ վերջին օրերին մարդկանց աջակցութիւնից: Սրտանց շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցութիւնն են ցուցաբերել թէ՛ իրենց խօսքերով, թէ՛ հիմնադրամին կատարած իրենց նուիրատուութիւններով:
Le Journal du Dimanche. Ձեր հօրը՝ Շարլ Ազնաւուրին, համազգային յարգանքի տուրք մատուցուեց Փարիզի Հաշմանդամների պալատում։ Դուք անմիջապէս ընդունեցի՞ք այդ գաղափարը, թէ այն քննարկումների առարկայ է եղել ձեր ընտանիքում։ Ի՞նչը ձեզ ստիպեց համաձայնուել։ Ի՞նչ մտապահեցիք այդ հանդիսաւոր պահից, այդ օրը հնչած ելոյթներից, յատկապէս Հանրապետութեան նախագահի ելոյթից։
Նիքոլա Ազնաւուր. Հայրս հայ ներգաղթեալների որդի էր։ Իմ պապիկն ու տատիկը ամէն ինչ արել են ֆրանսիական հասարակութիւնում ինտեգրուելու համար։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել Հայաստանին մեր պատկանելիութեան և կապուածութեան վրայ։ Հայրս շատ երջանիկ կը լինէր, եթէ իմանար, որ արժանացել է նման պատուի, երբ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները միասին յարգում են իր յիշատակը ֆրանսիական հանրապետութեան համար խորհրդանշական այս վայրում։
Էմանուէլ Մաքրոնի ելոյթը շատ յուզիչ էր։ Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել նախագահ Մաքրոնին, վարչապետ Փաշինեանին և նախագահ Սարգսեանին մեր կողքին լինելու և հոգեհանգստի արարողութեանը մասնակցելու համար։ Նաև շնորհակալութիւն եմ յայտնում մեր բոլոր մտերիմներին, ներկաներին, ովքեր հաւաքուել էին նրան յարգանքի տուրք մատուցելու։
Le Journal du Dimanche. Շատերի համար Շարլ Ազնաւուրն աշխարհում ամենայայտնի ֆրանսիացի երգիչն էր։ Արդեօ՞ք նրա մէջ երկու մարդ էր ապրում, որոնց պիտի տարբերակէիք. Շարլ՝ հայր ու տղամարդ, և Ազնաւուր՝ ժողովրդական գործիչ։ Ինչո՞վ էին նրանք միմեանցից տարբերւում։
Նիքոլա Ազնաւուր. Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ էք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճափոնիայում երկու համերգ ունենալու համար, վերադառնալ և իրար յետևից անցկացնել հարցազրոյցներ։ Մինչև բաւականին պատկառելի մի տարիք հասնելը, նա ընդամէնը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտութիւն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում… Նա պէտք է որ ապրած լինի սովորական մարդու առնուազն երեք կամ չորս կեանքին համարժէք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անյագ ծարաւը նրան փոխանցուել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել Ցեղասպանութիւնից։ Այդ խոր ցնցումը մղում է ապրելու։
Le Journal du Dimanche. Նա բաւականին շատ էր աշխատում։ Ինչպէս էր կարողանում ժամանակ գտնել ընտանիքի համար համերգների և ստեղծագործելու հետ միաժամանակ։
Նիքոլա Ազնաւուր. Երբ նա երկար շրջագայութիւնների էր մեկնում, մենք նրան շատ քիչ էինք տեսնում, բայց նա մեզ ամէն օր զանգում էր։ Միշտ վերադառնում էր շատ նուէրներով և մեծ սիրով։ Մենք մեծացել ենք այդպիսի միջավայրում և հասկացել ենք, որ մարդկային յարաբերութիւններն ամենակարևորն են։
Le Journal du Dimanche. Ի՞նչ խորհուրդներ է նա տուել Ձեզ, որոնք մինչ այսօր ուղղութիւն են տալիս կեանքում։ Ձեր կարծիքով, կեանքի ո՞ր կանոններն են նրան ուղեկցել և թոյլ տուել դառնալ այն, ինչ նա դարձաւ։
Նիքոլա Ազնաւուր. Հայրս երբեք խորհուրդներ չի տուել, նոյնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Նա մեզ սովորեցրել է աշխատանքի և ճշդապահութեան կարևորութիւնը։ Նրա կարեկցելու զգացումը, մարդասիրական գործունէութիւնը ինձ ոգեշնչում են շարունակելու իր գործը։ Իմ հօր ամենանուիրական ցանկութիւններից մէկն էր «Ազնաւուր» հիմնադրամի շուրջ միաւորել բոլոր նրանց, ովքեր իրենց մէջ գտնում են մարդկանց հետ կիսուելու և բաց լինելու արժէքները։
Le Journal du Dimanche. Ունէ՞ք ընդհանուր երաժշտական նախասիրութիւններ։
Նիքոլա Ազնաւուր. Հայրս հետաքրքրուած էր երաժշտական բոլոր ժանրերով՝ անընդհատ փնտռելով նոր մտքեր և ոգեշնչում, բայց առաւելապէս կապուած էր տեքստերի որակին և ֆրանսիական երաժշտութեան մեծ հեղինակներին։ Ինչ վերաբերում է ինձ, խոստովանեմ, որ իր երգերից բացի գրեթէ ուրիշ բան չեմ լսում։ Տպաւորութիւն ունեմ, որ նա ամէն ինչ ասել է, ամէն ինչ գրել է մարդկային զգացմունքների մասին։
Le Journal du Dimanche. Ի՞նչ էր նա Ձեզ պատմում իր կեանքից, իր ծնողներից, Հայաստանից։ Ինչպիսի՞ դրուագներ էր շօշափում։ Ի՞նչ է նա Ձեզ սովորեցրել իր պատմութեան մասին։
Նիքոլա Ազնաւուր. Ինձ բախտ չի վիճակուել ճանաչել տատիկիս և պապիկիս, որովհետև նրանք մահացել էին, երբ ես դեռ չէի ծնուել։
Հայրս հակուած չէր շատ խօսել այդ մասին, միգուցէ սա պայմանաւորուած հայկական դաստիարակութիւնից բխող որոշակի զսպուածութեամբ։ Բայց նա սիրում էր մեզ պատմել հետաքրքրաշարժ պատմութիւններ իր ծնողների մասին։ Քիչ աւելի ուշ ես դրանցից աւելի շատերն իմացայ՝ կարդալով նրա գրքերը։
Հայաստանը բացայայտել եմ իր հետ ճանապարհորդութիւնների ժամանակ։ Առաջին անգամ, երբ այնտեղ եմ գնացել, միանգամից համակուել եմ մի շատ ուժեղ զգացումով։ Յոյս ունեմ հաստատուել Հայաստանում՝ նուիրուելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ։
Le Journal du Dimanche. Ի՞նչ էք հասկացել նրանից, և, ի՞նչ էք կարծում, նա, ով այդքան հետաքրքրասէր էր երիտասարդութեան հանդէպ, ի՞նչ հասկացած կը լինի Ձեզնից։
Նիքոլա Ազնաւուր. Նա շատ էր կարդում, հետաքրքրւում էր այն ամէնով, ինչ տեղի է ունենում աշխարհում։ Նա ծարաւ էր ճանապարհորդութիւնների, բացայայտումների, սիրում էր ինֆորմատիկան, լուսանկարչութիւնը և ուզում էր փորձել աշխարհի բոլոր խոհանոցները։ Նա ինձ փոխանցել է այդ հետաքրքրասիրութիւնն ու սրտաբացութիւնը։ Հետաքրքրասէր մարդիկ միշտ ինչ-որ բան ունեն կիսելու։
Le Journal du Dimanche. Գիտէ՞ք՝ ինչու է նա ընտրել Նիքոլա անունը Ձեզ համար։
Նիքոլա Ազնաւուր. Նա ընտրել էր ռուսական անուններ իր վերջին երեք երեխաների համար՝ Քաթիա, Միշա, Նիքոլայ։ Բայց Ֆրանսիայում մարդիկ սխալ էին արտասանում իմ անունը, և նա նախընտրեց Նիքոլան։
Le Journal du Dimanche. Իր ո՞ր երգն էք նախընտրում։ Ո՞րն է, ըստ Ձեզ, նրան առաւելագոյնս բնորոշում։ Լսե՞լ էք այն երգերը, որոնք դեռ գրում էր։ Ինչի՞ մասին են։
Նիքոլա Ազնաւուր. Ես չունեմ առանձին նախընտրած երգ, դրանք բոլորն այնքան ամբողջական են։ Տարբեր երգեր ինձ ուղեկցում են կեանքիս տարբեր դրուագներում՝ կախուած իրավիճակներից, որոնց միջով անցնում եմ։
Le Journal du Dimanche. Ի՞նչ կը ցանկանայիք, որ յիշուի նրանից։
Նիքոլա Ազնաւուր. Ամէն ինչ։ Որ յիշենք նրա ստեղծածն իր ամբողջականութեամբ, այն այնքան հարուստ է՝ երաժշտութիւնը, կինեմատոգրաֆիան, ինչպէս նաև իր մարդասիրութիւնն ու համամարդկային արժէքները։ Նա երգում էր ութ լեզուներով։ Իր հանդիսատեսը շատ մեծ է, նա կարողացել է յուզել սրտերն ամէնուր, որտեղ երգել է և անցնել սերունդների միջով։
Le Journal du Dimanche. Ի՞նչն է ամենաթանկը, որ նա կտակել է Ձեզ։ Նրա ո՞ր առարկան կը ցանկանայիք պահել՝ որպէս յուշ։
Նիքոլա Ազնաւուր. Մենք ընտանիքում կապուած չենք առարկաներին։ Մենք միակարծիք որոշեցինք իր անձնական իրերը նուիրել «Ազնաւուր» հիմնադրամին։ Նա ընդմիշտ կը լինի մեզ հետ, մեր սրտերում և յուշերում։ Ամենաթանկ բանը, որ նա մեզ տուել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամութիւնն է։
Le Journal du Dimanche. Իսկ ո՞րն էր վերջին նուէրը, որ նա Ձեզ բերել է շրջագայութիւնից։
Նիքոլա Ազնաւուր. Ճափոնիայում նա գնել էր մի զուարճալի շապիկ իմ որդու՝ Միսաքի համար, ով ծնուել է այս տարուայ Օգոստոսին։ Մենք միասին նշեցինք նրա մէկամսեակը։
“Le Journal du Dimanche” շաբաթաթերթ
7 Հոկտեմբեր 2018