«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան 2018ի Մայիս ամիսէն հաւաքուած եւ կուտակուած իր աշխատավարձը կը տրամադրէ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Արմէնփրես»ի փոխանցմամբ՝ Հոկտեմբեր 18ին այս մասին Արմէն Սարգսեան յայտնեց հիմնադրամի աշխատակիցներու հետ զրոյցի ժամանակ։
«Ես 2018ի Մայիսին մեր ընդհանուր ժողովի ժամանակ իմ հաւատքը հիմնադրամի եւ նրա ծրագրերի նկատմամբ արտայայտեցի շատ պարզ ձեւով, որ ես պատրաստ եմ իմ աշխատավարձը տրամադրել հիմնադրամին։ Ցաւօք, քանի որ այս բոլոր իրադարձութիւնները տեղի էին ունենում, իմ աշխատավարձը հաւաքուում էր, բայց չէր տրամադրուում։ Հաւաքուած ու նորացուած այս աշխատավարձը մօտակայ օրերին կը տրամադրուի հիմնադրամին, որպէսզի իմ փոքր ներդրումը բերեմ մեծ եւ կարեւոր խնդիրների լուծմանը»,- ըսաւ Սարգսեան։
Որպէս հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի նախագահ՝ Արմէն Սարգսեան նաեւ յստակ յանձնարարականներ տուաւ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրէնին ու աշխատակազմին:
«Իհարկէ ես իմ սեփական տեսլականն ունեմ, բայց, ի վերջոյ, տեսլականը պէտք է գայ բուն աղբիւրից։ Եթէ Մայիսին ես խնդիր էի դրել հիմնադրամի առջեւ, որ երկու-երեք ամսում ինձ ներկայացնեն իրենց տեսլականը, ապա հիմա այդքան առատաձեռն չեմ լինելու, քանի որ ժամանակն առաջ է շարժուում ու այս անգամ կը խնդրեմ, որ տեսլականը ներկայացուի ընդամէնը մէկ ամսուայ կամ մէկ ամսից աւելի քիչ ժամկէտում: Կարծում եմ՝ տեսլականը ձեւաւորելու համար պէտք չեն ամիսներ եւ տարիներ, որովհետեւ վստահ եմ, որ կան տեսլականի հիմնական սկզբունքները: Ներկայացրէք ձեր տեսլականը, որից յետոյ արագ կը քննարկենք եւ այդ քննարկումը կը դառնայ հանրային, որովհետեւ հիմնադրամը ողջ հայ ժողովրդինն է։ Հին աշխատանքի ձեւերն այլեւս էֆեկտիւ չեն։ Հիմնադրամը երկու տասնեակից աւելի տարիների գործունէութեան ընթացքում բազմաթիւ յաջողութիւնների է հասել, բայց դա չի նշանակում, որ նոյն մոտելը կարող է կրկնուել դարեր։ Ժամանակն է, որպէսզի հիմնադրամը զբաղուի ինքնագնահատմամբ»,- նշեց նախագահը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանը հիմնադրամին մէջ առաջին հերթին կը ցանկայ տեսնել սփիւռքահայ երիտասարդ աշխատակիցներ ու կամաւորներ։
«Հիմնադրամում պէտք է աշխատեն նաեւ սփիւռքահայեր, պէտք է աշխատեն սփիւռքահայ կամաւորներ, որոնց ներկայութիւնը եւս մէկ անգամ ցոյց կը տայ, որ հիմնադրամն իրական համահայկական կառոյց է։ Իրենք ունեն նոր մտքեր, նոր գաղափարներ, այլ մշակոյթից են գալիս: Ես միշտ մշակոյթների համախառնման ջատագովն եմ, որովհետեւ այդ մշակոյթների միախառնումն ի վերջոյ աւելի բարձր մշակոյթ է ստեղծում։ Հիմնադրամի ներսում այդ նոր շունչը շատ լուրջ գործօն կարող է դառնալ հիմնադրամի թռիչքաձեւ զարգացման համար»,- ըսաւ Արշամեանը։
ՀՀ նախագահ Արմէն Սարգսեան շրջեցաւ հիմնադրամի աշխատասենեակներն ու ծանօթացաւ աշխատակիցներուն հետ: