Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ԱՐԵԳԱԿԻ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ Է ԵՐԵՒՈՒՄ ՇԱՐԼ ԱԶՆԱՒՈՒՐ

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-  …Աշխարհի բոլոր անկիւններում, ի մասնաւորի Ֆրանսիայի եւ Հայաստանի ողջ տարածքում, աներեւակայելի, բայց իրաւ, փոքրամարմին հսկայ Շարլ Ազնաւուրն է տիրել միլիոնաւոր մարդկանց հոգիներին ու սրտերին:

   Ինքնաշխատութեամբ, տարիների յամառ աշխատանքով աշխարհի գրեթէ բոլոր բեմերը նուաճած աննման երգիչ-բանաստեղծը մարմնեղէն իմաստով մեզ հետ չէ այլեւս: Անդառնալի կորստի ցաւի զգացումը ահա քանի օր զրկել է շատ երաժշտասէր­ների, ի մասնաւորի մասնագէտ երգիչների` իրողութեանը սթափ մօտեցումով ընկալելու կարողութիւնից:

   Լոս Անճելըսի Հոլիվուտ պողոտայի մայթերին տեղադրուած նշանաւոր մարդ­կանց անուններով դաջուած (հիմնականում Ամերիկայի կինոյի եւ արուեստի ասպարէզի) սալիկների մէջ, վերջապէս, մէկ տարի առաջ տեղ «զբաղեցրեց» նաեւ Շարլ Ազնա­ւուրի անուամբ սալիկ` ազգային հպարտութեան մի նոր ալիք բարձրացնելով մեր հոգիներում, մանաւանդ, որ արարողութեանը ներկայ էր ինքը` ֆրանսահայ հանճարեղ Շանսոնիէն:

   Հիմա նայում եմ հեռուստատեսութեամբ սփռուող մի հաղորդում, որի գլխաւոր հերոսը մեր Յարութն է, 5-6 ամիս առաջ աւելի կամ պակաս չափով որոշ մարդկանց կողմից փոքր-ինչ չարչրկուած, երբեք իր որդեգրած ուղուց չշեղուած հիանալի երգիչը, որը հարազատին կորցրածի պէս տառացիօրէն ողբում էր Հոլիվուտի Աստղերի պողոտայի Ազնաւուրի սալիկի առջեւ. «Նա իմ ուսուցիչն էր, ես նրանից եմ սովորել երգչի համար բաւական պատասխանատու բեմական արուեստն ու երգի բառամթերքը ունկնդրին հասցնելու վարպետութիւնը»: Յարութն իր սրտաճմլիկ, արցունքա­խառն արտայայտութիւններով, վստահ եմ, արցունքի կաթիլներ առաջ բերեց հաղոր­դու­մը դիտող բազմաթիւ հեռուստադիտողների աչքերում:

   Յիրաւի` ճիշդ է ասում երգիչը, առարկութիւն չվերցնող հաստատում: Շառլ Ազնաւուրի երգչական-կատարողական արուեստի ազդեցութիւնն են կրում նաեւ մեր սփիւռքի մի քանի շնորհալի երգիչներ եւս, որոնց թւում են Մանուէլ Մենէնկիչեանը, Ատիս Հարմանտեանը, Լեւոն Սեւանը եւ ուրիշներ: Հապա ի՞նչ ասել ֆրանսիացի եւ այլ օտար երգիչների մասին, որոնց կատարողական արուեստում կայ միտում նմանուել Ազնաւուրին, մանաւանդ` իրենց ասերգային (Rechitative) երգերի կատարման ընթացքում: Դժուար, չասելու համար անհնարին է լիարժէքօրէն նմանուել Ազնաւուրի կատարողական արուեստին: Այս իմաստով էլ Ազնաւուրը եզակի է, եզակի` իր կատարման ասերգային-պատմողական ոճով: Նա չի երգում, նա պատ­մում է, մեղեդին օգնում է նրան ասելիքը, պատգամն ու յորդորը տեղ հասցնել ունկնդրի երեւակայութեանը: Նրա բոլոր երգերը ծրագրային են:

   Կարդացէք  Ազնաւուրի «Ազնաւուրը Ազնաւուրի մասին» հեղինակած գրքի հայերէն թարգ­մանութիւնը, որը ժամանակին իրականացրել է վաղա­մեռիկ, Սիբիր տեսած շնոր­հա­լի գրող, լրագրող, թարգմանիչ Սուրէն Բուրսալեանը եւ դուք կը տեսնէք թէ ի՜նչ տառապանքների միջով է անցել հանճարեղ Շարլը մինչեւ որ ոտք է դրել ինքնահաստատման ճանապարհին:

   – Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել,– գրում է Ազնաւուրը,– շատ դառնութիւններ եմ ճաշակել այդ ճանապարհին` երեսիս փակուած դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քօղարկուած չարախօսու­թիւններ, «Մի յամառէք, ոչինչ չունենք ձեզ համար», «Թողէք ձեր հասցէն, կը գրենք», «Ամէն պատահական մարդու վրայ ժամանակ չունենք կորցնելու»… այս եւ նման այլ արտայայտութիւններ: Ես ճաշակել եմ այդ բոլորը:

Շարլ Ազնաւուրը ասպարէզ ելաւ այն տարիներին, երբ ֆրանսիական երգի ոստանում թնդում էին ազգային, ի մասնաւորի քաղաքային երգի հսկաներ Մորիս Շեւալիէի, Ժիլբէր Բեկոյի, Միստինգէտի, ի մասնաւորի Էդիտ Պիաֆի անունները:

 

ԱԶՆԱՒՈՒՐԻ ՀԵՏ

   …Համեստաբար պիտի նշեմ, որ ես առաջիններց մէկն եմ, որ Հայաստանում դէմ առ դէմ հաղորդակցուել եմ Շարլ Ազնաւուրի հետ, այն էլ  աշխատանքիս բերումով:

   1964 թուական: Ես վարում եմ Հայաստանի Պետական Ռադիոյի Երաժշտական խմբագրութեան Ֆոնդային (հայերէնում` թերեւս ՄՆԱՅՈ՞ՒՆ – Հ.Ա.) ձայնագրութիւնների բաժինը, եւ իմ այլ պարտականութիւնների կողքին պարտաւոր եմ տրանսլեացիաների (հայե­րէնում` թերեւս ՓՈԽՀԱՂՈՐԴՈ՞ՒՄ…,- շինծու բառ է, գոնէ հայերէն է) միջոցով ժողովրդին լսելի դարձնել մայրաքաղաքի համերգասրահներում, օպերային թատրո­նում իրականացուող նշանակալի համերգներն ու միջոցառում­ները:

    Եւ` խնդրեմ. Շարլ Ազնաւուրն է գալիս Երեւան, եւ այն էլ` միայն մէկ համերգով: Հայաստանի երաժշտասէրները հազիւ 2-3 տարի է, որ հաղորդակցուել են Ազնաւուրի փոքրաթիւ երգերի հետ, այն էլ` շնորհալի լրագրող, տաղանդաշատ թարգմանիչ Արմէն Յովհաննիսեանի շնորհիւ, որը կարողացել էր բարեկամների միջոցով Փարիզից բերել տալ Ազնաւուրի երգերի ձայնասկաւառակը, որի մէջ եղած երկու երգերի համար (La Boheme, Mama…) երիտասարդութեան, ինչպէս ասում են` խելքը գնում էր:

   Գիտէինք, որ Ազնաւուրի երգերի իրական սիրահարները չէին կարողանալու ներկայ լինել նրա համերգին, որովհետեւ, նման արժանայիշատակ համերգների «Տէրն ու տնօրէնը» Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնն էր լինելու եւ փոքրաթիւ տոմ­սակ­ներ էին վաճառուելու տոմսարկղում: Ուստի, աւելի քան անհրաժեշտ էր ապահովել թէ՛ համերգի տրանսլեացիան եւ թէ՛ ձայնագրութիւնը:

   Համերգի օրը, առաւօտեան կանուխ Ռադիոյի տեխնիկական բաժնի աշխատողները գնացին Հայֆիլհարմոնիայի Համերգային Մեծ դահլիճ խօսափողները (Microphone) տեղադրելու` Ազնաւուրի համերգը ռադիոյով սփռելու համար:

   Համերգից մի քանի ժամ առաջ երգիչը գալիս է համերգասրահ փորձի եւ խօսափողների ձայնի որակը ճշդելու համար: Տեսնելով, որ մեր Ռադիոյի աշխատողները խօսափողներ են տեղադրում բեմահարթակի տարբեր կողմերում, անակնկալի եկած Ազնաւուրը մի քանի անյարգալից խօսքեր է ասում մեր աշխատողներին եւ դուրս է վռնդում նրանց ու արգելում եթեր սփռել իր համերգը:

   Մեր տղաները ներքին հեռախօսով կապւում են ինձ հետ եւ տեղեկացնում իրողութեանը: Ի՞նչ է մնում ինձ անել այդ անելանելի վիճակից դուրս գալու համար: Որոշում եմ ինքս գնալ Մեծ Դահլիճ եւ ինչ-որ մի ձեւով «լեզու գտնել» երգչի հետ: Արտիստական մուտքին հնարաւոր չէ մօտենալ:

    Հիմնականում երիտասարդներով խճողուած փոքր հրապարակում ասեղ գցելու տեղ չկայ: Հեռուից նկատեցի, որ դրան առջեւում է Գենա անունով արուեստագէտներին ծանօթ KGB-ի գաղտնի գործակալը, որը «կաշուից դուրս գալով» փորձում էր խօսք հասկացնել անզուսպ երիտասարդ­ներին, որոնք առաւօտից հերթ էին կանգնել տոմսակ ձեռք բերելու համար, սակայն տոմսարկղը չէր բացուել:

   Գենան լաւ գիտէր ինձ եւ բոլոր կառավարական միջոցառումներին «պահապան հրեշտակի» դեր էր կատարում Օպերային թատրոնի եւ Մեծ դահլիճի արտիստական մուտքերին, որպէսզի ոչ մի անվստահելի եւ անծանօթ անձ չկարողանար սողոսկել դահլիճ:

   Նկատելով ինձ, Գենան նշան արեց, որ փորձեմ մօտենալ իրեն: Մի կերպ, սրան-նրան հրմշտելով հասայ դրան մօտ.

   – Հեռու գնացէք, հեռո՜ւ, թոյլ տուէք մօտենալ Ռադիոյի ներկայացուցչին,– բղաւում էր Գենան:

   Մի կերպ, քրտինքի մէջ կորած, ինձ գցեցի միջանցք եւ դէմ դիմաց ելայ Ազնաւուրի քրոջ` Այդայի հետ:

   – Այդա ջան,– անմիջապէս դիմեցի նրան, ինչպէս ասում են` «հարիւր տարուայ» ծանօթ­­ների պէս,– ես Հայաստանի Ռադիոյից եմ…

   – Հասկցայ, մի շարունակեր,– խօսքս ընդհատեց Այդա Ազնաւուրը:

   – Լաւ…, եթէ հասկցաք, ըսել է թէ գիտէք, թէ ինչ պիտի խնդրեմ:

   – Գիտեմ, գիտե՜մ, սակայն եղբայրս շատ զայրացած է, հետը խօսիլ չ՚ըլլար:

   – Ամէն պարագայի, անգամ մը եւս փորձեցէք հետը խօսիլ: Եթէ համերգը ժողովուրդին չփոխանցենք` շատ ամօթ պիտի ըլլայ: Առաջին անգամ Հայաստան կու գայ մեր հայրենակից նշանաւոր երգիչը եւ անոր արուեստին հաղորդակից պիտի ըլլան հազիւ 1400 անձեր, եւ ան ալ…, ան ալ` մարդիկ, որ շատ բան չեն հասկնար Շարլին արուեստէն…, կարծեմ հասկցաք, թէ ինչ ըսել կ՚ուզեմ: Ազնաւուրին իրական երկրպագուները դուրսն են, որոնց տոմսակ չէ հասած:

   Մէկ-երկու վայրկեան լռելուց յետոյ Այդան ասաց.

   – Լաւ, երիտասարդ, երթամ անգամն ալ փորձեմ համոզել եղբօրս,– ու մտաւ ինձ լաւ ծանօթ, նեղլիկ, անհրապոյր արտիստական սենեակը:

   Քիչ անց Աիդան դուրս եկաւ Շարլի մօտից ու արագ-արագ ասաց.

   – Շո՜ւտ, շուտ ըրէ երիտասարդ, մտիր Շարլին քովը, քեզի հետ խօսիլ կ՚ուզէ:

   – Կ՚արտօնեմ, որ միայն ձայնագրութիւն ընէք, – ասաց նա ու շարունակեց, – ըսեմ, որ աս առաջին անգամ է, որ ձրի արտօնութիւն կու տամ: Հայրենիքիս մէջ եմ` ատոր համար: Միայն պիտի խնդրեմ, որ օրինակ մըն ալ ինծի համար շինէք: Առտու կը մեկնիմ, կրնա՞ք հասցնել, disc պիտի շինեմ:

   – Այո՜, այո, կրնանք, ինչո՞ւ չէ,– առանց մտածելու, թէ ինչպէ՞ս եմ իրականացնելու նրա ցանկութիւնը, չէ՞ որ Ռադիոյի շէնքը գիշերը փակ է: Անմիջապէս կապւում եմ Ռադիոյի հետ. ամեն ինչ կարգադրուած է. շէնքը հսկող ոստիկանները ինձ եւ հնչիւնային  ռեժիսոր Էդուարդին թոյլատրուելու է մուտք գործել շէնք եւ աշխատել Շարլ Ազնաւուրի համերգի ձայնագրութիւնը պատրաստելու համար: Ազնաւուրն էլ թոյլատրում է օգտուել իր առաջնակարգ տեխնիկական սարքերից եւ խօսափողներից:

   Ամբողջ գիշեր Ռադիոյում լուսացնելուց յետոյ, առաւօտեան պատրաստ էր ձայնապնակ արտադրելու համար բաւականին յաջող ու բարձր որակ ապահովող Ազնաւուրին տրուելիք ձայնագրութիւնը:

   Հենց Ռադիոյից էլ ինձ գցեցի օդանաւակայան` Ազնաւուրի թռիչքից մի քանի վայրկեան առաջ միայն:

   – Բրաւօ՜ տղաս,– բոլորի համար լսելի ձայնով ասաց նա ու` աւելացրեց.– Յուսամ ամէն բան կարգին է:

   – Այո՜, այո՜, կրնաք եղածին պէս յանձնել արտադրութեան,– հպարտութեամբ ասացի ես ու ձեռնուելով հանճարեղ երգչի հետ, յաղթականօրէն շարժուեցի դէպի օդանաւակայանից դուրս:

    Յաջորդ օրուանից սկսեալ Հայաստանի ժողովուրդը օրուայ մէջ մի քանի անգամ ունկնդրում էր Շարլ Ազնաւուրի երգերը: Տարիների ընթացքում շատացան ֆրանսահայ մեծ Շանսոնիէի երգերը մեր Ռադիոյի ձայնադարանում:

***

   Անցեալ դարի 70-ականներից սկսեալ Շարլ Ազնաւուրը գրաւեց աշխարհը իր պատմա-փիլիսո­փայական երգերով: Նա չի երգում, նա պատմում է մարդու ցաւի, վշտի, երջան­կութեան մասին եւ, իւրաքանչիւր պատմութեան հիմքում ընկած է սէրը, սէրը` մար­դու, պետութեան, պատմութեան, բնութեան նկատմամբ:

   – Պէտք է սիրել մարդուն, ինչ ազգի էլ նա պատկանելիս լինի,– սա՜ էր նրա ՀԱՒԱՏԱՄՔԸ` ԿՐԵԴՕ-ն: Նա տենչում էր լինել իր նախնիների ծննդավայրում, այնտեղ էր իր հայրենի տունը, սակայն`

                           Ես չեմ կարող տունս մտնել

                           Քանզի այնտեղ անցեալն է իմ,

                          Որ կանգնում է աչքերիս դէմ`

                          Եւ քայլ առ քայլ ինձ հետեւում…

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

   … Շարլ Ազնաւուրի հետ իմ երկրորդ առերես հանդիպումը կայացաւ մէկ տարի առաջ այստեղ` Լոս Անճելըսում, 2017 թ. Օգոստոսի 24-ին: Նա հրաւիրուած էր ներկայ լինելու իր պատուին Հոլիվուտի նշանաւոր աստղերի մայթին իր անունով սալիկի տեղադրման արարո­ղութեանը: Այդ պատմական արարողութիւնից յետոյ, Տաղլեան շքեղ կենտրոնում տրուած փառահեղ ճաշկերոյթի ընթացքին հնարա­ւորութիւն եղաւ առանձինն զրուցել նրա հետ: Ես նրան յիշեցրի 1964 թուականի երեւանում կայացած համերգի մանրամասնութիւնները եւ disc-ի պատմութիւնը:

   – Այո՜, կարծեմ թէ ատանկ բան մը եղաւ…, շատ ժամանակ անցած է, ամբողջ կեանք մը, մանրամասնութիւնները չեմ յիշեր…,– ասաց նա:

   – Այո, Պարոն Ազնաւուր, 53 տարի առաջ էր, դժուար է մտաբերել: Ռադիոյի այն օրուան երիտասարդը ես եմ: Չեմ գիտեր, գիտէք թէ ոչ, պարզապէս յիշելու համար ըսեմ, որ 1990 թուականին ես էի, որ առաջին անգամ գրեթէ 40 տարուայ ՍԻՓԱՆ երգչախումբովս Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբին հետ կատարեցի Ձեր` Հայաստանի երկրաշարժի զոհերուն նուիրուած «Քեզ, Հայաստան» երգը:

   – Ի՞նչ կ՚ըսես, չէի գիտեր…

   – Մեծն Պարոն Ազնաւուր, խնդրեմ թոյլ տաք իմ եւ տղայիս հետ պատկեր մը քաշուիլ Ձեզ հետ…

   Լռութիւնը համաձայնութեան նշան էր: Այսպիսով, ես եւ Արամս նրա շուքի տակ մտանք մեր ընտանեկան ալպոմի մէջ:

   Լաւ էլ գրել ես սիրելի Շարլ.

                                    Տառապեցի, սակայն ի՜նչ փոյթ,

                                   Երբ վշտերս մեռան ամէն,

                                   Գիտեմ, ինձ քո դուռն է տանում

                                   Ճանապարհը յաւերժութեան:

…Դու՝ սիրելի Շառլ, նոր չէ, որ բռնել ես յաւերժութեան ուղին: Դու այդ ուղու վրայ ես եղել ի սկզբանէ, նոյնիսկ՝ տառապանքներիդ ոլորանում, որովհետեւ սիրել ես իմացել, սիրել ես մարդուն, սիրել ես կեանքը: Սիրոյ քաղցր երջանկութեամբ պարուր­ուած, ճաշակել ես նաեւ սիրոյ դառնութիւնը  եւ`

                                   Պէտք էր, որ մի օր

                                   Ցաւն ինձ այցելեր,

                                   Ցաւն անակնկալ,

                                   Որ կոչւում է ՍԷՐ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին