Չորեքշաբթի, 19. 02. 2025

spot_img

«Քալլաս + Թեպալտի = Քապալիէ»,- Գրեց «Նիւ Եորք Թայմս»-ը Մոնսերաթի Առաջին Ելոյթից Յետոյ Միացեալ Նահանգներում

ԱՆՆԱ ՔԷՕՇԿԷՐԵԱՆ

«Զարթօնք»ի աշխատակից

Հոկտեմբերի 6-ին դադարեց փայլել համաշխարհային օփերային երկնակամարի ամենապայծառ աստղերից մէկը: 85 տարեկան հասակում կեանքից հեռացաւ օփերային յայտնի երգչուհի Մոնսերաթ Քապալիէն: Կեանքի վերջին տարիներին սայլակով շրջող եւ ձեռնափայտով բեմ բարձրացող երգչուհին բեմի վրայ նոյն եռանդն ու պայծառութիւնն ունէր, ինչ երիտասարդ տարիներին: Աչքերը փայլում էին նոյն պայծառութեամբ, ժպիտը  ջերմացնում էր նոյնքան, դերերգերը կլանում էին նոյն ուժով, ձայնը… նոյնն էր, նո՛յնը: Նոյնքա՛ն պայծառ, նոյնքա՛ն  գունեղ , նոյնքա՛ն գերող, նոյնքա՛ն կախարդական ու հրաշագեղ: Ձայնը չէր ծերանում՝ ի հեճուկս անձնագրում նշուած թուի: Նրա բելկանտոն այնքան փայլուն էր, այնքան յղկուած, այնքան կատարեալ, որ երբ երգում էր, հանդիսատեսը կորցնում էր ժամանակի, տարածութեան զգացողութիւնը, ամէն ինչ շուրջբոլորը վերածուում էր մի ամբողջական կատարեալ վիճակի, որտեղ լսողներից ամէն մէկն իր համար գտնում էր երջանկութիւն կամ անդորր, խաղաղութիւն կամ անկշռելիութիւն, պահի կատարելութիւնը վայելելու հաճոյք: Հրաշագործ էր: 

Երբ շատ երիտասարդ տարիքում ընտրեց դասական երգեցողութեան ուղին, նրան բարեխղճօրէն զգուշացրեցին, որ չնայած նրան, որ սիրում ես երգը, ճանապարհը միեւնոյնն է, շատ դժուար է լինելու: 

«Իմ աշխատանքը իմ առասպելական կրիան է, որի վրայ կանգնած են փղերը, որոնց վրայ էլ յենուել է իմ աշխարհը: Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ նա էլ նոյնքան շատ սիրում է ինձ, դրա ապացոյցն է աշխարհի ամէն ծայրում գտնուող իմ հանդիսատեսի հսկայական ամբոխը: Բայց որպէսզի իմ աշխատանքը շարունակի ինձ սիրել, ես պարտաւոր եմ պահել իմ կարողութիւնը, որ հանապազօրեայ քրտնաջան աշխատանք է, ես ամէն օր շնչառական վարժանքներ եմ կատարում ճիշդ այնպէս ինչպէս մարզիկները, օրուայ մէջ մի քանի ժամ, ամէն օր, աւելի քան 60 տարի»,- պատմեց նա մէկ առիթով: 

Քչերը գիտեն, որ մոլորակի ամենայայտնի երգչուհին ուսումը վճարելու համար ուսումնառութեան տարիներին ստիպուած է եղել աշխատել դերձակ, ձեւարար, վաճառողուհի… Տարիներ յետոյ ողջ աշխարհը պիտի խոնարհուէր այս նպատակասլաց սպանուհու տաղանդի առջեւ:

Մոնսերաթին համաշխարհային  յայտնիութիւն բերեց նրա`  Լուքրեցիա Պորճիայի դերերգով Կայեթանօ Տոնիցեթիի համանուն օփերայի համերգային կատարումը   «Քարնեգի Հոլլ»-ում: Նա շատ պատահաբար ստիպուած եղաւ փոխարինել յայտնի երգչուհի Մերլին Հորնին, որը հիւանդութեան պատճառով չկարողացաւ բեմ ելնել: 

Նրա ելոյթից յետոյ թերթերը գրեցին. «Քալլասի եւ Սազերլենտի կողմից երես առած հանդիսատեսը, որին ոչնչով թուում էր այլեւս չես զարմացնի, քարացել էր ելոյթի ժամանակ: Այնպիսի տպաւորութիւն էր, որ մարդիկ պահել են շնչառութիւնը կլանելու համար նրա հիասքանչ սոփրանոյի իւրաքանչիւր նօթան»:

2013-ին երգչուհին այցելեց Արցախ: Նա բացայայտ հայամէտ էր իր կարծիքում եւ արտայայտութիւնների մէջ, ակնյայտօրէն ցոյց էր տալիս իր սէրը հայ ազգի նկատմամբ: Նրա այցից յետոյ Ազրպէյճանի կառավարութիւնը նրան յաւելեց իր պետական «սեւ ցուցակում» յայտարարելով նրան բերսոնա նոն կրաթա

2017 թ-ի Յունիսի եօթին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը նրան շնորհեց Հայաստանի Հանրապետութեան պատուոյ շքանշան: (Քապալիէն տարբեր աստիճանի շքանշանների եւ տիտղոսների է արժանացել հարազատ սպանիայի, ինչպէս նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Աւստրիայի, Ռուսաստանի, Ուքրաինայի կառավարութիւնների կողմից): 

Չնայած նրա ` դասական երաժշտութեան մէջ հսկայական յաջողութիւններին, նա չափազանց նորարար էր եւ երիտասարդական աւիւնը տարիքի հետ չէր պակասում: 1991 թուականին նա յայտնի «Քուին» ռոք խմբի հետ մի ամբողջ ալպոմ ձայնագրեց, որի առաջին երգը նուիրեց հարազատ ու սիրելի Պարսելոնային: Նոյն այդ երգը 1992 թ.-ին դարձաւ Օլիմպիական խաղերի  հիմնը: 

Նա նաեւ հասցրեց լինել ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան: Երկրպագուները նրան անուանում էին La Superba` սքանչելին: 

Նա բեմի վրայ ապրեց լիարժէք ու երջանիկ (ինչպէս նա էր նկարագրում) բեմական կեանք: Կատարեց 90-ից աւել օփերային դերերգեր եւ 800-ից աւելի կամերային ստեղծագործութիւններ: Երգեց բեմի հսկաներ՝ Լուչիանօ Փաւարոթիի, Փլասիտօ Տոմինկոյի, Խոսէ Քարերասի եւ այլոց հետ: 

Երգչուհու յուղարկաւորութիւնը կը կայանայ այսօր՝ Հոկտեմբերի 8-ին Պարսելոնայում: 

Յարգանք իր յիշատակին:

 

Երեւան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին