Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Ութ Տասնամեակ Այս Անունը Ժպիտ Փորագրած Է Միլիոնաւոր Դէմքերու Վրայ. ՀՀ Վարչապետի Ելոյթը Ազնաւուրի Հոգեհանգիստի Արարողութեան

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ –Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան ելոյթ ունեցած է Փարիզի «Հաշմանդամներու պալատ»-ին մէջ հանճարեղ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի հոգեհանգիստի եւ ազգային յարգանքի տուրքի արարողութեան ընթացքին: Ստորեւ կը ներկայացնենք ՀՀ վարչապետի ելոյթէն կարեւոր նշումներ.  

Այսօր հաւաքուել ենք մեր խոնարհումը բերելու եւ գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի  մեծ վարպետին` Շառլ Ազնաւուրին: Ութ տասնամեակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնաւոր դէմքերի վրայ, արագացրել կամ դանդաղեցրել տասնեակ միլիոնաւոր մարդկանց շնչառութիւնը, փայլ է ներարկել հարիւր միլիոնաւոր աչքերի մէջ:

Շառլ Ազնաւուրի նախնիները Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ` դեգերեցին աշխարհում եւ ի վերջոյ հանգրուանեցին հարիւր հազարաւոր հայերի օթեւան ու յոյս տուած Ֆրանսիայում, որտեղ էլ ծնուեց Վաղինակ Ազնաւուրեանը, որ յետոյ պիտի դառնար մեծն Շառլ Ազնաւուր:

Ցաւօք, ես չհասցրեցի անձամբ ծանօթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնաւուրի հետ: Բայց հաւատացէք` նրան ընկալում եմ, որպէս մերձաւոր հարազատի: Նրան այսպէս ընկալում է ցանկացած հայ, որովհետեւ Ազնաւուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտութեանը մի նոր շունչ է տուել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի եւ իր ժողովրդի ցաւերով, հոգսերով ու երազանքներով:

Նաեւ այս է պատճառը, որ Շառլ Ազնաւուրին շնորհուել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնիէի իր հանճարով, այլեւ Հայաստանի Հանրապետութեան կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար:

Հայաստանում նրա անունով կոչուած են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Կիւմրիում արդէն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը եւ նա թերեւս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցուել կենդանութեան օրօք:

Շառլ Ազնաւուրն անշուշտ, Ֆրանսիայի մեծ նուիրեալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերէնի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաեւ Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետութեան դեսպան:

Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, եւ մեր ժողովուրդը նրա հոգատարութիւնը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախութեան բոլոր դժուարին օրերին:

Մեծ Վարպետը պատրաստուում էր Հայաստան այցելել յաջորդ շաբաթ, Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութեան տասնեօթերորդ գագաթնաժողովի առիթով եւ նրան խոստացել էի ծանօթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կը զգայ Նոր Հայաստանի յաղթանակած քաղաքացու լաւատեսութիւնն ու ոգին:

Ցաւօք, այս խոստումը չկարողացայ կատարել, սփոփանքս այն է, որ Ազնաւուրն այնուամենայնիւ հասցրեց իր վերջին ուղերձը յղել նոր Հայաստանին` ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափաքում եմ, որ Հայաստանի երիտասարդութիւնը կարողանայ երբեւէ դրսեւորել իր ողջ ներուժը եւ իր երազանքներն իրականութիւն դարձնելՀայաստանում»։

Խոնարհուում եմ ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արուեստագէտ, մեծ հումանիստ:  

Ննջիր խաղաղութեամբ, սիրելի Վարպետ»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին