Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ցաւակցագիր Է Յղել Շառլ Ազնաւուրի Ընտանիքին

Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնաւուրի ընտանիքին:

«Ցաւ էր Մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն եւ տաղանդաշատ զաւակ Շարլ Ազնաւուրի մահուան լուրը:

Վշտալի է կորուստը արժանաւոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիւը յաւելեց ու պայծառացրեց իր հռչակով, շնորհներով, բարձր արուեստով եւ աշխարհի տարբեր երկրների յայտնի բեմերում հնչեցրած իր անզուգական կատարումներով:

Այսօր մխիթարութեամբ ենք անդրադառնում, որ բարեյիշատակ Շարլ Ազնաւուրը հոգով ու սրտով միշտ եղել է Հայաստանի հետ, հպարտացել իր ազգային ինքնութեամբ: Մեր ժողովրդին պատուհասած աղէտալի երկրաշարժի օրերին Ազնաւուրը երգեց ժողովրդի ցաւը շատ յայտնի երգիչների հետ, իր բոլորանուէր ջանքերը բերեց Հայաստանի օգնութեան համար: Նրա հանրայայտ երգերի շարքում են նաեւ Հայաստանին, Ցեղասպանութեան սուրբ նահատակերին նուիրուած ստեղծագործութիւնները, որոնք վերստին բացայայտում են մեծանուն հայորդու հայրենասէր ու ազգանուէր ոգին:

Շարլ Ազնաւուրի մահը  կորուստ է ողջ աշխարհի համար, քանզի նա իր համաշխարհային ճանաչումով ու արժէքով նաեւ ողջ մարդկութեան զաւակն է, որին գիտեն, սիրում են եւ ում համար այսօր աղօթում են ամէնուր: Մեր աղօթքն ենք բարձրացնում առ Աստուած մեծանուն հայորդու հոգու հանգստութեան համար:

Հոգելոյս Շարլ Ազնաւուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սէրն ու բարութիւնը եւ երկրաւոր ճանապարհը աւարտելով՝ շարունակում է իր ընթացքը դէպի յաւերժութիւն եւ յաւիտենական կեանք», – ասուած է Վեհափառ Հայրապետի ցաւակցագրում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին