ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակում դատախազությունը սահմանված կարգով դիմել է Բարձրագույն դատական խորհրդին և ստացել համաձայնություն հարցաքննելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին:
Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Նշված քրեական գործով դատավորը հարցաքննվել է: Նույն գործի շրջանակում հարցաքննվել են նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը»,- ասաց Տռուզյանը:
Դատախազությունը նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):






