Այն երկնային տեսիլքին անհնազանդ չեղայ ես։ (Գործք Առ. 26-19)
301 թ. մեր նախնիները ուխտ կնքեցին Յիսուս Քրիստոսի հետ: Եթէ մեր ժողովուրդը գործադրի այդ ուխտից մեզ բաժին հասած յանձնառութիւնը, այն ժամանակ Աստուած է ՛լ աւելի պիտի օրհնի մեր փոքր, բայց թանկագին ազգը, եւ այն օրհնութեան աղբիւր կը դարձնի ոչ միայն իր բոլոր զաւակների, այլեւ հարեւան բոլոր ազգերի ու համայն մարդկութեան համար: Մենք հաւատում ենք, որ ա՛յս է մեր ժողովրդի առաքելութիւնը, եւ ա՛յս է, մեր Հայկազեան ցեղի երկնատուր ճակատագիրը: Աստուած օրհնէ ՛ Հայաստանի Հանրապետութիւնը եւ մեր ազգի հայրենաբնակ ու արտերկրի բոլոր զաւակները, հիմա՛ եւ յաւիտեա՛ն:
Վեր. Դոկտ. Մովսէս Պ. ՃԱՆՊԱԶԵԱՆ
22-23 Սեպտեմբեր 1999 թ., Հայաստան–Սփիւռք Առաջին Համաժողով
ՃԱՆԱՉԵՆՔ ԵՒ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԱՆԱՒՈՐՆԵՐԻՆ
Երախտապարտ հայրենի ղեկավարութիւնը, հոգեհարազատ ընդունելով Վեր. Մովսէս Ճանպազեանի աստուածահաճոյ գործունէութիւնը ազգի պահպանման, հաւատացեալ ժողովրդին հոգեկան ուժ եւ խաղաղութիւն, բարոյական հարստութիւն եւ անաղարտութիւն ներշնչելու գործում, Հայաստանի եւ հայ ժողովրդի նուիրեալի մահուան հինգերորդ տարելիցի կապակցութեամբ (26 Սեպտեմբերի 2005 թ.) Երևանի թիւ 79 միջնակարգ դպրոցը անուանակոչեց «Երևանի Մովսէս Ճանպազեանի անուան թիւ 79 միջնակարգ դպրոց»:
ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ ՄՈՎՍԷՍ ՃԱՆՊԱԶԵԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻԻ ԲԱՑՈՒՄԸ
Սեպտեմբերի 3-ին Երևանի Մովսէս Ճանպազեանի անուան թիւ 79 միջնակարգ դպրոցում տեղի ունեցաւ Մովսէս Ճանպազեանի կիսանդրիի բացումը: Քանդակի հեղինակն է Մովսէս Ճանպազեանի եղբայրը՝ արուեստագէտ Յակոբ Ճանպազեանը:
Բացմանը ներկայ էին Վեր. Ճանպազեանի կինը՝ Լուիզա Ճանպազեանը, որդին՝ Վահագ Ճանպազեանը, եղբայրը՝ Յակոբ Ճանպազեանը, քոյրը՝ Անի Ճանպազեան Հասըրճեանը, Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան Հայաստանի ներկայացուցիչ Յարութ Ներսէսեանը, Եւրասիայի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեան նախագահ Վեր. Դոկտ. Ռընէ Լևոնեանը, Հայաստանեայց Աւետարանական եկեղեցու աւագ հոգևոր հովիւ Վեր. Մկրտիչ Մելքոնեանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասեանը, հանրակրթութեան վարչութեան պետ Աննա Ստեփանեանը, Քանատայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի նախկին առաջնորդ Խաժակ Արք. Յակոբեանը, Հայ Աւետարանչական ընկերակցութեան և Հայաստանեայց Աւետարանական եկեղեցիների աշխատակիցներ, ծառայողներ, ուսուցիչներ, ծնողներ, երեխաներ, հիւրեր տարբեր դպրոցներից և կազմակերպութիւններից:
Հանդիսութիւնը սկսուեց ՀՀ և Մովսէս Ճանպազեան անուան դպրոցի հիմնով:
Բացման խօսքով ներկաներին ողջունեց դպրոցի տնօրէն Քնարիկ Հայրապետեանը: Այնուհետև ելոյթներ ունեցան Վեր. Դոկտ. Ռընէ Լևոնեանը, Յակոբ Ճանպազեանը, Արամ Սուքիասեանը, Լուիզա Ճանպազեանը, Խաժակ Արք. Յակոբեանը և այլք:
Նրանք ներկայացրին Վեր. Ճանպազեանի կեանքն ու գործունէութիւնը, կարևորեցին նրա ղեկավարութեամբ Հայաստանում և Արցախում Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան (ԱՀԱԸ) կողմից կատարուած հայրենանուէր ծառայութիւնները, Վեր. Ճանպազեանի՝ Հայաստան – Սփիւռք կապերի ամրապնդման, կրթութեան և այլ ասպարէզներում ունեցած մեծ դերի մասին:
Կիսանդրիի հեղինակ, արուեստագէտ Յակոբ Ճանպազեանն իր խօսքում մասնաւորապէս ասաց. «Ազգային եւ Հոգեւոր պայծառ գաղափարներով տոգորուած երիտասարդ Վեր. Մովսէս Ճանպազեանի հիասքանչ տեսիլքով ու ճիգերով վերընձիւղուեցաւ Հայ Աւետարանական համայնքը նորանկախացած հայրենիքի մէջ, ծնունդ առաւ նաեւ Հայաստանի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը, որ աստուածահաճոյ ու ազգանուէր իր 27-ամեայ աստիճանաւոր վերելքի ընթացքին, առաքելութեան եւ ծաղկազարդումին մէջ, ձեռք երկարեց աղէտեալներուն, չքաւորին, կարօտեալին, ուսանողին, Արցախի ու Հայրենիքի զաւակներուն եւ համայն մարդկութեան: Այո՛, Վեր. Մովսէս Ճանպազեանի կեանքը եղաւ հանապազօրեայ պատարագ իր պաշտած ժողովուրդին եւ հայրենիքին համար Այնճար հայաւանէն Պէյրութ, Դամասկոս ու մինչեւ Պրազիլ եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Պոլիսէն մինչեւ Քանատա եւ մինչեւ Մայր Հայրենիք եւ Արցախ, ան գործեց անդադար, քարոզեց հաւատքով, դաստիարակեց ու դարբնեց հայ մարդը, անխոնջ եւ անդադար, մնալով խստապահանջ, նախ իր անձին եւ ապա իր շրջապատին: Մաշեցաւ դանդաղօրէն, ամբողջական նուիրումով իր կեանքը վերածեց լուռ ու կենդանի օրինակի մը՝ ազգային եւ հոգեւոր բարոյական աներեր հասկացողութեամբ»:
Այնուհետև տեղի ունեցաւ կիսանդրիի քօղազերծումը, որից յետոյ դպրոցի դահլիճում երեխաները ներկայացրին յուշ-ցերեկոյթ՝ նուիրուած Վեր. Ճանպազեանի յիշատակին: Ցուցադրուեց նաև Հայաստանում և Արցախում Վեր. Ճանպազեանի գործունէութեան վերաբերեալ ֆիլմը:
Վեր. Ճանպազեանի մահով հայ ժողովուրդը կորցրեց մեծ հայի, որը հաւատարմօրէն ծառայեց Աստծուն և ժողովրդին և իր թանկագին լուման ներդրեց Տիրոջ և ազգի գանձանակի մէջ՝ մոռանալով ինքն իրեն, իր անձը, իր սեփական կարիքները: Նա այն հազուագիւտ անձանցից էր, որոնք օրհնութիւն են դառնում իրենց ծնող ժողովրդի համար:
Անկարելի է թուարկել այն բոլոր ծառայութիւնները, որ մեծ նուիրումով կատարել է Մ. Ճանպազեանը: Նա գիտէր, որ ինքը միայն իր ժամանակի համար չէր գործում, այլ նաև ապագայի համար: Վեր. Ճանպազեանը քաջ գիտակցում էր, որ աշխարհի բոլոր հայերը մի օր կը դառնան մէկ ազգ, որի հայրենիքը Հայաստանն է, և այս երկուսը մէկ դրօշի՝ հայկական եռագոյնի ներքոյ:
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐՏՈՅԵԱՆ
ԱՀԱԸ-ի Հայաստանի մասնաճիւղի մամուլի քարտուղար






